Ֆրիտյոֆ Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքում առկա է Մեծ Բրիտանիայի պահպանողականների և լիբերալների պարագլուխներ Սթենլի Բոլդուինի և Հերբերտ Ասկվիտի կողմից իշխող լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող վարչապետ Ռամզեյ Մակդոնալդին 1924 թ. սեպտեմբերին հղված դիմումը: Նրանում բրիտանական կառավարությունը մեղադրվում էր 1915 թ. հայերի կոտորածից ու արտաքսումից հետո նրանց մոտ 5 մլն. ֆունտ ստերլինգ (թուրքական ոսկով) չափով հարստությանը տիրանալու մեջ: Հայերի զանգվածային սպանություններից ու բռնի տեղահանությունից հետո Օսմանյան բանկում արևմտահայերի ընթացիկ և ավանդային բանկային հաշիվները թուրքական կառավարության հրամանով փոխանցվեցին Կ. Պոլիս՝ պետական գանձատուն, իսկ 1916 թ. կառավարությունն այդ գումարից 5 միլիոն ֆունտ ստերլինգ ուղարկեց Բեռլին՝ Գերմանիայի կայսերական բանկ (Reichbank)՝ նոր արժեթղթերի թողարկման նպատակով<1>: 1918 թ. կայսրության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ երիտթուրքական իշխանությունները թողարկեցին 19 մլն. օսմանյան ոսկուն համարժեք արժեթղթեր<2>:
Դժվար չէ նկատել կապը՝ բաց թողնված արժեթղթերի և Գերմանիայի կայսերական բանկում դեպոզիտացված ոսկու միջև: Անգլիական դիվանագիտական փաստաթղթերից պարզ է դառնում, սակայն, որ նշված գումարը Գերմանիան բռնագանձել էր Օսմանյան կայսրությունից իբր՝ օսմանյան պարտքի դիմաց, իսկ Մեծ Բրիտանիան այդ գումարը բռնագրավեց Բեռլինից՝ իբրև ռազմատուգանք<3>: Ի դեպ, Գերմանիայի կայսերական բանկում դեպոզիտացած այս 30.000 կգ ոսկու հարցը հայերի կողմից առաջին անգամ բարձրացվել է 1984 թ. Տիգրան Գույումճյանի կողմից՝ Ժողովուրդների Մշտական տրիբունալում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու ժամանակ, երբ տրիբունալին հանձնվեց «Հայոց սեփականության բռնագրավումը և հայկական պատմական հուշարձանների ոչնչացումը որպես ցեղասպանության գործընթացի արտահայտություն» վերնագրով զեկույցը<4>:
<1> Արզումանյան Մ. Վ., Նանսենը և Հայաստանը, Եր., 1986, էջ 128–129:
<1> Հովհաննիսյան Ա., Քեմալ Աթաթուրքը և հայերի ունեզրկման գործընթացը, «Վէմ», Եր., 2011, թիվ 1, էջ 172:
<1> Սարուխանյան Տ., Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում և Մեծ Բրիտանիան (1915–1918), Եր., 2005, էջ 90–91:
<1> Տե՛ս Հովհաննիսյան Ա., Քեմալ Աթաթուրքը և հայերի ունեզրկման գործընթացը, էջ 169:
Արմեն Մարուկյան
Comments