top of page
  • Writer's pictureAnna Zakharyan

Ըղձալի անկախությունը

Անկախությունը տիեզերական արժեք է և բացարձակ հասկացություն: Մարդը միշտ էլ կամեցել է ազատ և անկախ ապրել ու վայելել կեցությունը: Պատմության էջերում նման փաստերը բազմաթիվ են: Դժբախտաբար, մենք չկարողացանք օգտվել Խորհրդային Հայաստանի շահեկան վիճակից և այն հիմք դարձնել անկախ Հայաստանի համար: Չէ՞ որ մեր հանրապետությունը գիտության, տնտեսության և մշակույթի կենտրոն էր ԽՍՀՄ-ում: Մեր ուղին շեղվեց: Բարքերի ապականությունը, ագահությունը, կողոպտելու մոլուցքը և այլ արատներ մարդուն զրկել են անկախությունից: Մարդկությունը հայտնվել է նյութապաշտության, ընչաքաղցության, մարդատյացության ստոր կրքերի սարդոստայնում և ոչ մի կերպ չի կարողանում ազատվել այդ գայթակղություններից: Հանրային ճահիճը անտանելի է և մերժելի:

Հայաստանի 1991թ.սեպտեմբերի 21-ի անկախությունը, ցավոք, թվացյալ է և խաբեական, քանի որ ոչ մի կապ չուներ ազգային և բարոյական բարձր արժեքների հետ: Առանց քաղաքակրթական հիմքի չի կարող լինել լիարժեք կյանք և ազատ կեցություն: Ստացվում է տարօրինակ մի վիճակ, երբ մենք լոկ ճամարտակում ենք անկախության մասին, բայց իրականում ապրում ենք կեղծ ու պատիր հասկացություններով: Այսինքն՝ մեզ հրամցվում է նմանակման և ձեռնածության թատերական անհաջող մի ներկայացում: Հետխորհրդային տարածքում կայսրության գաղտնի ծառայությունները իշխանության բերեցին կիսագրագետ, ազգադավ և կամակատար ուժերին, որպեսզի կարողանան իրենց ձեռքում պահել իսկական իշխանությունը: Պետք է ասել ճշմարտությունը. դեռևս ոչ մի բան էլ չի փոխվել: Մեզանում հաստատվել են միմյանց հոշոտելու, երկպառակության, թշնամանքի և ատելության թունոտ բարքեր, որոնք ախտահարում են հասարակությունը: Պետականության նավը վտանգված է:

Մենք պետք է գիտակցենք, որ մեկուսի և կղզիացած չենք կարող ապրել, այլ Բնության և Տիեզերքի հետ մեկ ամբողջականության մեջ: Անկախության իրական կացությունը կախված է բնական և տիեզերական օրենքների ու օրինաչափությունների ճանաչման և կիրառման իրողությունից: Այլ բան պարզապես հնարավոր չէ: Աքսիոմատիկ այս փաստը շատ դժվար է ընկալվում և հասկացվում: Իսկ մարդիկ դժգոհում են…անկախությունից՝ առանց հասկանալու, որ իրենք պետք է փոխեն իրականությունը և հաստատեն ներդաշնակություն, արդարություն ու ճշմարտություն: Առանց աստվածային հավատի և տիեզերական բարոյականության ոչ մի բան չի ստացվի:

Ես համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք արմատապես փոխել մեր մտածողությունն ու հոգեբանությունը՝ հաստատելով երջանկության և անկախության թագավորություն: Իսկ դա պայքարի և խիզախումի ուղին է: Մեծագույն հաճույք է ապրել բարձր գաղափարներով և ճշմարիտ իրողություններով: Անհրաժեշտ է հաստատել հայկական ազգային արժեքների համակարգը՝ մեր պատրաստակամությունը օգնել ուրիշին ու ապրումակցել դժբախտներին և այլն: Պետք է մշտապես հիշել, որ հոգևոր և մշակութային պահանջմունքները առաջնային են և խիստ արդիական:

Կառավարման ոլորտից դուրս է մղվել հոգևոր բաղադրիչը, որի դուրսմղումը խաթարել է կառավարման ողջ համակարգը և կտրել աղերսը Տիեզերքի հետ: Դրանով են բացատրվում բազմաթիվ դժվարությունները և ձախողումները, որոնք տեղ ունեն մեր կյանքում: Անգամ կլիմայական փոփոխությունները, ի թիվս այլ պատճառների, տրամաբանական կապ ունեն մարդկային նկարագրի աղավաղման և նիստուկացի աղարտման հետ: Այս աներկբա ճշմարտությունը ևս հասու չէ մարդկանց գիտակցությանը: Մենք ի զորու ենք հաղթահարել այդ ամենը և ընթանալ շիտակ ուղիով:

Կողոպտիչների և մակաբույծների բանակը շարունակում է մեզանից խլել ապրելու և արարելու երկնային հաճույքը: Մի՞թե պարզ չէ, որ գիշատչական այս ֆորմացիան և ազատական գաղափարախոսությունը մեր դժբախտությունների պատճառն են: Իհակե, դրան նպաստում է մեր հանցավոր կրավորականությունը: Մեզ անհրաժեշտ են գիտական կարգուսարքը և ազգային գաղափարախոսությունը, որոնք ունակ են իրականացնել նվիրական մեր իղձերը:

Հայկական լեռնաշխարհը վաղնջական ժամանակներից եղել և այժմ էլ մնում է իմաստնության, լույսի և առաջադիմության օրրան ու սկզբնակետ: Մենք աստեղային պահերին առաջնորդել ենք մարդկությանը և եղել ենք առաջատար կարգավիճակում: Նաև ուղեհարթ և մտքի տիրակալ: Պատմության վայրիվերումների և ինչ-ինչ հանգամանքների բերումով այդ դերը մթագնվել է և անտեսվել:

Հայությունը պետք է վերագտնի և վերարժեքավորի առաքելական իր դերը մարդկության պատմության մեջ: Մենք չենք լսում Տիեզերքի ձայնը, որը մեզ ուղղորդում է և նշում իրական ուղին: Հարկավոր է ականջալուր լինել բարձրագույն հորդորներին և ուղերձներին: Համամարդկային և համամոլորակային տրամադրությունները մեզ առաջնորդելու են դեպի քաղաքակրթական հաղթանակներ և նոր կեցության հաստատում:

Ամբողջ հարցն այն է, որ մենք պետք է բուժվենք մեր ախտերից՝ մազոխիզմից, նահանջային հոգեբանությունից, թուլությունից, ուրիշի մեջ պատճառներ որոնելուց և այլն: Խեղճուկրակ հայությունը չի կարող էական դեր ունենալ հանրային արագընթաց զարգացումների մեջ: Հանրային բուժարարությունը և ի մասնավորի ասեղնաբուժությունը կարող են կերտել առողջ հանրություն և իսկական անկախություն: Բոլոր հիմնախնդիրների լուծումը մեր մեջ է: Սա աքսիոմատիկ իրողություն է:

Մեկ էական հանգամանք: Հայությունը, ըստ տիեզերական իր առաքելության, պետք է մարդկությունը պահի ինտելեկտուալ, հոգևոր և մշակութային կախվածության մեջ, ինչը որ եղել է նախկինում՝ պատմական նախընթաց դրվագներում: Սա մեզ համար կլինի բնականոն վիճակ և հոգեբանական ու քաղաքակրթական վահան արդի մարտահրավերներին դիմակայելու պայքարում:

Ռուբեն Նահատակյան

20.09.2020թ.

0 views0 comments

Recent Posts

See All

Անգլիայի կողմից հայերի ունեցվածքի յուրացման նյութեր

Ֆրիտ­յոֆ Նան­սե­նի «Խաբ­ված ժո­ղո­վուրդ» գրքում առ­կա է Մեծ Բրի­տա­նիա­յի պահ­պա­նո­ղա­կան­նե­րի և լի­բե­րալ­նե­րի պա­րա­գլուխ­ներ Սթեն­լի Բոլ­դո­ւի­նի և Հեր­բերտ Ասկ­վի­տի կող­մից իշ­խող լեյ­բո­րիս­տ

<strong>Строительство будущего</strong>

В течение многих лет в Ереване функционирует Независимый Аналитический клуб, объединяющий единомышленников, работающих в разных отраслях науки и производства. Результаты работы были изданы в ряде моно

Comments


bottom of page