top of page
  • Writer's pictureAnna Zakharyan

ԻՆՉՊԵՍ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԳԱՑԱԾ ԵՐԿՐՈՒՄ (29.03.2019)

https://www.youtube.com/watch?v=8cN7LWGO-gE

Որքան էլ պարադոքսալ թվա, գլոբալ կապի և վայրկենական հեռահաղորդակցման ներկայիս դարաշրջանում մեր հասարակությունում նկատվում են գիտելիքային քաղցի նշաններ։ Պնդում եմ, որ իրավիճակը հենց այդպես է։ Ժամանակակից աշխարհը հեղեղված է տվյալներով ու տեղեկություններով, սակայն մեր առջև ծառացած մարտահրավերների հակազդման ուղիների իրական ըմբռնումը և հստակ տեսլականը գրեթե բացակայում են։ Հեռուստաէկրանին հայտնվող «խոսող գլուխները» մեզ հաղորդում են ձայնային հնչյուններ, իսկ ինտերնետը հրամցնում է միլիարդավոր տեքստային տողեր, միլիոնավոր տեսանյութեր, պատկերներ և այլ «բովանդակություն» այնպիսի ծավալներով, որ որևէ մարդ արարած կամ նույնիսկ տասը կամ հազարը ի զորու չէ յուրացնել։ Ամբողջ աշխարհում տղամարդիկ, կանայք և երեխաները «միացված» կամ հայացքներով գամված են էլեկտրոնային տարբեր սարքերի էկրաններին, որոնք օրական 24 ժամ և շաբաթական 7 օր խոսում, երգում, փսփսում և բղավում են։ Այս մշտական ժխորը, ըստ երևույթին, և՛ գայթակղիչ է, և՛ անխուսափելի։ Տեղեկատվական այս ժայթքումը, ամենայն հավանականությամբ, չի դանդաղելու։ Եվ իսկապես, կանխատեսվում է, որ հավաքվող ինֆորմացիայի ծավալները մինչև երկու տարվա ընթացքում կրկնապատկվելու են։ Մինչդեռ վերջերս կատարված գնահատումների համաձայն, ներկայումս առկա տեղեկությունների 90-95%-ը մենք ի վիճակի չենք օգտագործել։ Հետևապես, զարմանալի չէ, որ մեզ խոտորող և ճնշող պատկերների, նորությունների, ասեկոսեների, բամբասանքների, տվյալների, տեղեկությունների և գիտելիքների ամենօրյա ռմբակոծության տակ գտնվելով՝ մենք հասել ենք գիտելիքի մասնատման վտանգավոր մակարդակի, ինչը թելադրվում է մասնագիտացման անհրաժեշտությամբ և հազարամյակների ընթացքում մարդկության կուտակած իմացության դասակարգման ու կառավարման ինչ–որ եղանակ գտնելու կարիքով։ Գիտելիքի ամբողջականության այս անկումը, թերևս, առավել ցայտուն է արտահայտվում համալսարաններում, որոնք ժամանակին կրում էին այնպիսի փիլիսոփաների սկզբունքների ազդեցությունը, ինպիսին է, օրինակ, Վիլհելմ ֆոն Հումբոլդտը (1767–1835թթ.), որը համարում էր, որ համալսարանը ճշմարտության ընդհանուր փնտրտուքով զբաղվող գիտնականների և ուսանողների մեկ միասնական համայնք է։ Միգուցե ճշմարտությունը դեռևս շարունակում է մնալ որպես նպատակ, սակայն դեպի այն տանող ճանապարհի ճյուղավորումներն այսօր այնքան մեծաթիվ են, որ դրանք հնարավոր չէ քարտեզագրել անգամ Google-ի օգնությամբ։ Վերջին հաշվով, համալսարանները չեն տարբերվում այլ հաստատություններից, այդ թվում և մեր տներից, որտեղ գրքերի և ամսագրերի տեսքով մուտք գործող ինֆորմացիան բազմապատկվել է էլեկտրոնային միջոցներով հաղորդվող տեղեկատվության ու կարծիքների ահարկու հոսքով, որոնց մի մասը ճշմարիտ է, մեծ մասը` կեղծ, իսկ զգալի մասը պատկանում է «երևի թե այդպես է, բայց գուցե և ոչ» տիրույթին։ Այս իրավիճակի հետևանքներից մեկը ժամանակի փորձությունն անցած ընդհանուր կրթությանը ցուցաբերվող աջակցության համատարած անկումն է։ Նման կրթությունը ժամանակին անհրաժեշտ էր համարվում կրթված քաղաքացիներ և հզոր ժողովրդավարություն ունենալու համար, իսկ այժմ դրանից գրեթե միայն կարոտախտային հիշողություններ են մնացել։ Հիրավի, պահանջվող գիտելիքների հսկայածավալ լինելու պատճառով որևէ մեկը չի կարող հուսալ ավելին, քան դրանց լոկ չնչին մասին տիրապետելը։ Անհնարին խնդրի բախվելով՝ համալսարանների մեծ մասն այսօր ինքն իրեն թակարդել է մասնագիտությունների և ենթամասնագիտությունների, գիտական ճյուղերի և ենթաճյուղերի խառնիճաղանջ շիլաշփոթում, որի մեջ սրընթաց կերպով շարունակվում է է՛լ ավելի նեղ մասնագիտացումը։ Իսկապես, մասնագիտացման ընդգրկույթն ու սաստկությունը հասել են այն աստիճանի, որ հետազոտողները, գիտնականները և այլք չափազանց դժվարանում են հետևել իրենց սեփական ենթամասնագիտությունում տեղի ունեցող զարգացումներին, իսկ ընդհանուր բնագավառի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Սա նշանակում է, որ որպես միակուռ գիտելիքի մարմնավորում նախատեսված համալսարանը փոխարկվել է մտավոր «բազմալսարանի», որն աստիճանաբար շեղվում է դեպի պլանավորումից զուրկ կրթական առաջարկների «հանրախանութի» վերածվելու ուղին։ Օրինակ, ներկայումս խոշոր համալսարաններից շատերում գործում են անթիվ-անհամար բակալավրական ծրագրեր, որոնցում կրթության հանդեպ մոտեցումը հաճախ տարբերություն չի դնում սպառման և ընկալման, տեղեկությունների ստացման և ուսումնառության միջև, ինչը հաճախ նաև չի ուղեկցվում այն մտորումներով կամ հարցադրումներով, թե ինչ է այսօր նշանակում կրթված մարդ լինելը։ Դեռևս անցյալ դարի 30-ական թթ. Խոսե Օրտեգա Ի Գասետն իր «Ամբոխների ապստամբությունը» աշխատությունում նկատել էր այս երևույթը և խարազանել այն որպես «մասնագիտացման բարբարոսություն»։ Այսօր գիտնականների, հետազոտողների և արհեստավարժների թիվն ավելին է, քան երբևիցե, բայց բազմակողմանիորեն զարգացած անձինք սակավաթիվ են։ Խնդիրը 21-րդ դարի ոճով ձևակերպելով՝ կարելի է ասել, որ ամենքն անում են իրենց գործը, սակայն ոչ ոք չի պատկերացնում, թե ուրիշներն ինչ են անում։ Ահա այստեղ թաքնված է մեկ այլ խնդիր, որը մեր առջև ծառացածից ավելի մեծ է։ Այն ի հայտ է գալիս ամեն անգամ, երբ մենք հեռուստատեսությամբ նորություններ ենք դիտում, որևէ փաստ իմանալու համար ինտերնետային կայք ենք այցելում, մեր «ընկեր» Siri-ին որևէ հարց ենք տալիս, նոր ավտոմեքենա գնելու համար որոնումներ ենք կատարում, պահածոյացված ապուրի իրական բաղադրիչներն ենք փորձում բացահայտել կամ ցանկացած օր ձեռնամուխ ենք լինում հազարավոր այլ անհրաժեշտ գործողություններից որևէ մեկին։ Յուրաքանչյուր դեպքում նման մի բան ձեռնարկելիս մենք կախված ենք ինֆորմացիայի տվյալ աղբյուրից ոչ միայն պատշաճ և օգտավետ տեղեկություն ստանալու առումով, այլև ստացված տեղեկության կիրառման որոշակի համատեքստը հաշվի առնելու հարցում։ Այլ կերպ ասած՝ մեզ հարկավոր է կապակցել տեղեկությունների ցաքուցրիվ կտորները և դրանց գործնական կիրառումը։ Այլապես մենք կարող ենք հայտնվել Թ.Ս. Էլիոտի վիճակում, որը տարակուսում էր. «Ո՞ւր է իմաստությունը, որ կորցրեցինք գիտելիքի մեջ։ Ո՞ւր է գիտելիքը, որ կորցրեցինք ինֆորմացիայի մեջ»։ Տեխնոլոգիական հեղափոխության ժամանակաշրջանում ապրելով՝ կարելի էր ենթադրել, որ գիտությունը կգերակայի։ Ի զարմանս մեզ և ցավոք սրտի` դա այդպես չէ։ Մենք սիրում ենք տեխնոլոգիան և սպառում այն, բայց չենք հասկանում, թե որքան գիտություն կա այդ գյուտերի հիմքում։ Սա գիտության դարաշրջան չէ, այլ տեխնոլոգիայի։ Մեզ ավելի շուտ հետաքրքրում է, թե ինչպես ինֆորմացիա ստանալ, այլ ոչ թե` ինչպես այն օգտագործել։ Հումանիտար գիտությունների պրկումն է սա` միջոցների և նպատակների միջև հակասությունը։ Մեծ հաշվով, անմշակ ինֆորմացիան իմաստուն գործելակերպի վերածելու համար իրական աշխարհի ալքիմիայի անհրաժեշտությունը դեռ վաղուց հանդիսացել է այնպիսի բնագավառների խնդրո առարկան, ինչպիսին իրավագիտությունն է։ Այս առթիվ Սբ Թովմա Աքվինացին հիշեցնում է. «Իրավագիտությունն օրենքի դատողությունն է` ընդհանուր բարօրության համար»։ Հետազոտության նույնիսկ ամենատեսական ոլորտներում բժշկագիտությունը նույնպես կողմնորոշված է դեպի գործնական կիրառությունները։ Ցավոք, նույնը չի կարելի պնդել հասարակական գիտությունների պարագայում, որտեղ, մասնավորապես, կիրառական հետազոտություններին շատ հաճախ արհամարհանքով են վերաբերվում՝ համարելով, որ դրանք ժամանակավոր կամ անցողիկ արժեք և կիրառություն ունեն։ Այնինչ այսօր, ի հավելումն գիտության և տեխնոլոգիայի, մենք պետք է ուշադրություն դարձնենք հումանիտար և հասարակական գիտություններին։ Հենց այս բնագավառում է, որ մենք որպես հասարակություն, ազգ և գլոբալ հանրություն կարիք ունենք «իրական ժամանակում» պատասխաններ ստանալ այնպիսի հարցադրումերի համար, որոնք ապագայի տեսանկյունից կրիտիկական նշանակություն և հեռուն գնացող հետևանքներ ունեն։ Դա չի նշանակում, թե մեր խնդիրների լուծումները կարելի է արագ կարկատել ձեռքի տակ հայտնված մտավոր վիրակապերով։ Ամենևին ոչ։ Սակայն չի կարելի նաև որպես անտարբեր դիտորդ հետևել, թե ինչպես քաղաքակրթության ժամացույցը հաշվում է պատուհասի մեծաքանակ ժամերը, մինչ մտածողներն ու գործունյաները հրաժարվում են միմյանց հետ օգտավետ երկխոսություն սկսելուց։ Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, գաղթը, կրոնի հարաբերությունը աշխարհիկությանն ու գիտությանը, կրթության առաջընթացը, հարկերի հաշվարկումն ու գանձումը և բազմապիսի այլ բարդագույն խնդիրներ պահանջում են գիտնականների ուշադրությունը և քաղաքականություն ձևավորողների ներգրավումը, որպեսզի բոլորս կարողանանք գտնել մեր ուղին դեպի ավելի խաղաղ և արդար աշխարհ։ Այս գործի ձեռնարկման հարցում ապավինելու ենք գիտնականներին, ովքեր տիրապետում են գիտելիքի զանազան, մշտապես բազմապատկվող պատառիկներն ամբողջացնելու և կապակցելու, ինֆորմացիային իմաստ հաղորդելու և փոփոխական ժամանակների զնդանի վրա իմաստություն կռելու յուրահատուկ կարողությանը։ Բայց նաև կախված ենք քաղաքականություն ձևավորողների աշխատանքից, ովքեր պետք է կյանքի կոչեն գիտնականների գործադրած ջանքերից քաղվող դասերը, քանի որ խոր գիտելիքների հենքից և իմաստության շինվածքից զուրկ ցանկացած քաղաքականություն դատապարտված է ձախողման։ Այդպիսի ձախողումներ արդեն չափից դուրս շատ ենք տեսել։ Մակերեսային ընկալման վրա հիմնված արկածախնդիր քաղաքականությունները մեր ազգին ու աշխարհով մեկ սփռված ժողովուրդներին ստիպում են որոնել նոր գաղափարներ, նոր լուծումներ և առաջընթացի նոր ուղիներ։ Այս նպատակներին ծառայելով՝ Քարնեգի կորպորացիան զգալի միջոցներ է տրամադրել գիտնականների և քաղաքական գործիչների միջև գոյություն ունեցող «անդունդը կամրջելուն», որը կարծես թե վերջին տարիներին է՛լ ավելի է ընդարձակվել։ Թերևս, դա հասկանալի է՝ հաշվի առնելով, որ քաղաքական գործիչները հաճախ ստիպված են հակազդել գլոբալ ճգնաժամերին, միջազգային իրադարձությունների առավել հեռահար հետևանքների շուրջ մտորելու խիստ սահմանափակ հնարավորություն և ժամանակ ունենալով, մինչդեռ հետզհետե ավելի մասնագիտացող գիտահետազոտական հանրությունը չափազանց հաճախ խորասուզված է տեսական խնդիրներում։ Այնուամենայնիվ, հենվելով այն համոզմունքի վրա, որ գիտական բծախնդրությունն անհամատեղելի չէ պատշաճ քաղաքականության հետ, Քարնեգի կորպորացիան ձեռնարկել է գիտնականների և քաղաքականություն ձևավորողների միջև այդ հսկայական բացվածքի կրճատմանը նպատակաուղղված մի շարք խոշոր նախագծեր։ Մեր ձեռնարկած վերջին գործողություններից էր «Միջազգային հարաբերությունների պրոֆեսիոնալ կրթական հաստատությունների ընկերակցության» (APSIA) անդամներից 22-ին առաջարկություններ ներկայացնելու խնդրանքով դիմելը։ Կոչ էր արվում ներկայացնել եզակիորեն գործնական, իրատեսական, քաղաքականության վրա կենտրոնացված ծրագրեր, որոնցից հաջողության առավել մեծ հավանականություն ունեցողներին առաջարկվում էր 2 տարվա ընթացքում տրամադրել մինչև $1 մլն դրամաշնորհային ֆինանսավորում։ Ընդ որում, հատուկ ուշադրություն էր դարձվում այն հաստատությունների առաջարկներին, որոնք պատրաստակամ էին վերանայել իրենց կանոնները՝ հետազոտողներին թույլ տալով զբաղվել քաղաքականությամբ, մարտահրավեր նետել կարծրացած ավանդույթներին և գաղափարներ միաձուլել միջազգային և միջճյուղային սահմաններից անդին։ APSIA-ի անդամ հաստատություններից ներկայացված 17 առաջարկներ դիտարկվեցին Վաշինգտոնում քաղաքականության ձևավորման գործընթացի ըմբռնման և համալսարանների վարչական մարտահրավերների մասին իրազեկության սկզբունքներով ընտրված միջազգային հարաբերությունների փորձագետների կողմից։ Արդյունքում ընտրվեցին հինգը` Կոլումբիայի համալսարան, Սիրակուզի համալսարան, Թաֆթս համալսարան, Դենվերի համալսարան և Վաշինգտոնի համալսարան։ Նրանց ներկայացրած առաջարկները պարունակում են թարմ գաղափարներ, օրինակ` արագ արձագանքման հիմնադրամի ստեղծում, որի միջոցները թույլ կտան կարճ ժամկետներում գիտնականներին ներգրավել ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատանքներում` միջազգային ճգնաժամի բռնկման դեպքում, կամ, օրինակ, հետազոտական աշխատանքի ոչ ավանդական միջոցների կիրառում` առցանց հրապարակումներից մինչև սոցիալական ցանցերի, վավերագրական տեսանյութերի և TED-ի ոճով ելույթների օգտագործում։ Ավելին, առաջնորդվելով խոստումնալից անհատ գիտնականներին աջակցություն ցուցաբերելու Քարնեգի կորպորացիայի վաղեմի հանձնառությամբ՝ սկիզբ դրվեց նաև Էնդրյու Քարնեգիի անվ. գիտաթոշակի ծրագրին, որով օժանդակություն են ստանում հասարակական և հումանիտար գիտություններով զբաղվող գիտաշխատողները։ Յուրաքանչյուրին տրամադրվում է մինչև $200 հազարի չափով ֆինանսավորում, նրանց ընձեռելով 1-2 տարի հետազոտական և գիտա-գրական աշխատանքներին նվիրվելու հնարավորություն։ Առաջին 31 գիտաթոշակառուների անունները հրապարակվեցին 2015թ. գարնանը։ Նրանք թե՛ արդեն կայացած և թե՛ նորահայտ գիտնականների, լրագրողների և հեղինակների բացառիկ մի խումբ են, որոնց աշխատանքը խտացնում է գիտելիքը, հարստացնում մեր մշակույթը և զինում գիտության, իրավունքի, գործարարության, արվեստի և իհարկե` հանրային քաղաքականության բնագավառներում գործող առաջամարտիկներին։ Գիտաթոշակների նպատակն է նոր տեսանկյունների մշակումը ծրագրի 2015թ. հիմնական թեմայի շուրջ, որը ձևակերպվել է հետևյալ կերպ. «ԱՄՆ ժողովրդավարության և միջազգային համակարգի ներկայիս և ապագա մարտահրավերները»։ Հաղթող առաջարկներում արծարծվող հարցերի թվում են` ոստիկանությունը և ռասայական խնդիրները, խոշորաքանակ տվյալները և գաղտնիության պահպանումը, բնակչության ծերացման հետևանքները, վերարտադրված դեղամիջոցների անվտանգության խնդիրները, ընտրողների շրջանում վերաբերմունքների ձևավորումը և այլն։ Գիտաթոշակների այս առաջին խմբաքանակի ընդհանուր գումարը կկազմի $6,2 մլն։ Մեկ հիմնադրամի համար վերոնշյալ ծրագրերը գուցե և խոշոր համարվեն, սակայն հարկ է նաև խոստովանել, որ դրանք ընդամենը փոքր քայլեր են դեպի ըմբռնում, թե ինչպես ենք հասել ժամանակի մեջ այս պահին։ Եթե դա ստացվի, ապա, խնդրների ու հարցերի ծավալմանը զուգընթաց, միգուցե կարողանանք վերակոչել պատմության դասերը, կիրառել մտավոր բծախնդրություն, հայացք հառել հումանիտար խնդիրներին և ձեռնամուխ լինել դեպի ապագա տանող նոր դռների բացմանը, որոնց միջով ողջ մարդկությունը կկարողանա անցնել ոչ միայն առանց վնասներ կրելու, այլև իրական հույսեր փայփայելով։ Համենայն դեպս, մենք ձգտում ենք դրան՝ հետևելով մեր հիմնադիր Էնդրյու Քարնեգիի պատվիրանին, որը մեզ բոլորիս կոչ էր անում «դնել նպատակներ, որոնք կպարուրեն մեր մտածմունքները, ազատ կարձակեն մեր եռանդը և հույս կներշնչեն մեզ»։ Շարունակելու ենք մեր աշխատանքն այդ ոգով և մեծ ոգևորությամբ սպասում ենք, թե գալիք տարիներից ինչ դասեր ենք քաղելու։

Վ.Գրիգորյանը 1911թ. Էնդրյու Քարնեգիի հիմնադրած Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահն է։

0 views0 comments

Recent Posts

See All

НАУЧНЫЙ ПОДВИГ КАРЛЕНА МИРУМЯНА. Т.Г. Залинян

АННОТАЦИЯ В данной статье представлено значение методологических разработок К.Мирумяна, как пути суверенизации обществоведческой науки в постсоветской независимой Республике Армения. Обосновывается м

С.Н. Магнитов. Перехват интеллекта: к созданию Интеллектуальной Касты

1. Не секрет, что интеллигенцией считали себя исключительно либеральные люди. Разными путями, но произошло что-то вроде приватизации ими интеллектуальности в целом. Мало кто замечал в обычное время эт

Учитель как исследователь

В школах нередко учитель выполняет роль чтеца, озвучивая содержание учебника. Дети в таком случае задаются вопросом, «А зачем ходить в школу? Это и дома можно было прочитать». Но неизбежное проникнове

Comments


bottom of page