Հաճախ տարակուսում ենք, վիրավորվում, նեղանում, բայց էլի խնդրանքով դիմում ու սպասում ենք: Մի քանի բառ ասում են, այն էլ անհատների եռանդուն պայքարի շնորհիվ միայն:
Վաղ առավոտից Երեք են բառ պտտվում մտքումս, ասես պահմտոցի են խաղում ու հույս ունեն, որ չենք գտնելու իրենցից ո՞րը որտե՞ղ է, ու փնտրողը այդպես էլ անգետ մոլորված է մնալու:
Փազլ, Գործարք, Բնություն:
Բնությունը մոլորակի տարածքներում տարբեր չափաբաժնով, ամեն մեկին մի բան տվել է: Մինչև այս վերջերս մեզ հավատացնում էին, թե Հայաստանը աղքատ երկիր է, այ, ձեր հարևանը նավթ ունի, գազ ունի, դրա համար էլ նրա հետ հաշվի են նստում:
Հանկարծ պարզվում է, որ Հայաստանի բոլոր առկա կամ թե գողացված հայրենիք տարածքները լեփ-լեցուն են մարդկությանն անհրաժեշտ ամենաթանկարժեք, ամենակենսական կարևորության բնական պաշարներով: Երբեմն մտածում էինք, թե եթե նավթ ու գազ ունենայինք, երևի թե մեզ էլ կաչքադրեին ու վատ կլինեին մեր գործերը, կգային հափշտակելու, մինչդեռ, իրականում, ավելին ու ավելին ունենք, ու մի մասը մնացել է մի զավթիչին, մի մասը՝ մյուսից խլել է հաջողվել, իսկ բուն պետականության տարածքում էլ, ինչպես ասում են, ժողովրդի համար շունը տիրոջը չի ճանաչում, այսինքն, վերջը մեր ոսկին, պղինձը, մոլիբդենը, ուրիշ կարևոր հանքանյութերի անուններ ևս մեկումեջ տալիս են, լավ, ո՞ւմ են պատկանում: Ավելի կոնկրետ դարձնեմ հարցը՝ երկրի ղեկավարներին ո՞վ է պարտադրում, թե այս կամ հանքը ումն է լինելու, գուցե թե մի բան էլ իրենց հասցնելու «մաղարիչով»: Դիտմամբ եմ միամիտ հարց հնչեցնում, շարունակության համար դա է անհրաժեշտ:
Արցախի հարուստ ընդերքի մասին գիտեին դեռ սովետի ժամանակ: Երբ Բագրատ Ուլուբաբյանն ու Արցախի մտավորականները բողոք նամակ էին հղել Մոսկվա, հատուկ նաև դա էին նշել, այն, որ հարուստ ընդերքը չի շահագործվում, որպեսզի մարզը մնա աղքատ, հեռանկարից զուրկ, և մարդիկ հեռանան անհույս:
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անընդհատ լսում էինք, որ թշնամին իր ուժերը դեպի հարավ է ուղղում: Դեպի հարավ, Ջրական հայկական անունով Ջաբրայիլ կոչվածը, որի ռազմավարական դիրքը գերկարևոր էր Հայաստանի համար թեկուզև հենց միայն դիրքով: Այն Մեղրիին ու Իրանին սահմանակից անվտանգության գոտին էր: Բայց: Պարզվում է այնտեղ ոսկու հանք կա, հանք, որը Արևմուտքում վաղուց տեր ունի:
Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ ապուշի տեղն են դրել մեզ բոլորիս: Հանքերին տեր դառնալով են հիմա էլ գրավում իրենց երազած տարածքները: Ո՞վ, ովքե՞ր, թշնամի հարևա՞նը, թե՞ ավելի ուրիշներն են այս չարագուշակ նախագծի խելացի տերերը: Այս գիծն ուղիղ գալիս ու կպչում է «Մեղրիի տարբերակ» կոչվածին, որը, հիշում ենք, թե որտեղ էր մեջտեղ հանվել ու նույնիսկ շատ լուրջ քննարկվել որպես կոնֆլիկտի հանգուցալուծման բացառիկ ելքի հնարավորություն: Ամերիկյան կողմն էր դրանով ոգևորված, Ջորջ Բուշ կրտսերն էլ նույնիսկ պատիվ արեց թույլ տալ ու գլխապտույտի արժանացնել Հայաստանի արցախցի նախագահին ու մեր հարևանին գտնվել իր երանելի միջավայրում :
Հետաքրքիր է, մեր կողմին հայտնի՞ էին հանքային պատերազմի ոլորտին վերաբերող այս հանգամանքները: Հիշում եմ, որ թմբկահարվում էր, թե ամերիկյան խոշորածավալ ներդրումներ են մուտք գործում Հայաստան: Եթե չեմ սխալվում՝ Որոտանի կասկադն էր, ու Ամուլսարը, ամեն դեպքում՝ Ջերմուկի հարակից միջավայրը: Այդ տարածքի հակառակ կողմում ևս հանքային լուրջ պաշարներ կային, և դրանք նույնպես մեր հռչակած անվտանգության գոտու մեջ էին: Եթե երկնքում գտնվող մեր արբանյակի հայացքով նայենք մոլորակի այդ հատվածին, կտեսնենք թանկարժեք բնական պաշարների, հանածոների շտեմարան: Տեր ունե՞ր այդ շտեմարանը: Մեր բաժինը նաև Ամուլսարն էր, ներդումները ամերիկյան էի՞ն, թե՞ անգլիական, արքայազն Չարլզը ինչո՞ւ էր հանկարծ որոշել իր այցով պատիվ անի մեր երկիրը: Ինչո՞ւ իր հնարավոր մտերիմին գործուղեց Հայաստանի բարձր աթոռներից մեկը:
Ստացվում է, որ աշխարհի հզորների համար հայկական հայրենիք-միջավայրը ինչ-որ մի անտեսանելի պահից սկսյալ՝ սևեռուն հայացքի տակ է առնվել:
Գործարքին հասանք: Երեք կողմ կա, մենք, նրանք, ռուսները: Որպես երկարաժամկետ ազդեցության գոտի՝ Ռուսաստանը լիիրավ տեր է իրեն համարում, և ոնց որ թե հենց ինքն էլ ավանդական շահագործողն է այդ հանքերի, հենց ինքն էլ, երբ սովետ էր, ըստ ամենային զննել է ողջ երկրի տարածքն ու հիանալի գիտի, թե որտեղ ինչ կա դեռևս չօգտագործված: Ինքն է իրեն համարում թե Մեղրիի, թե գրավյալ նախկին սովետական տարածքները, թե Հայաստանի ու Արցախի բնական պաշարները շահագործելու մենաշնորհ իրավատերը:
Հակառակ կողմն էլ, իհարկե, Արևմուտքն է, և հզորների շախմատի տախտակը եռում է գուցե թե արդեն երեսուն տարի: Ի՞նչ գիտեն մեր ղեկավարները այդ խաղի ընթացքից, մարզիչների դրած առաջադրանքներից, տնային աշխատանքից, խաղացողների հնրավորություններից ու վարպետությունից: Իրենք ո՞ր կողմում են եղել: Մասնակիցնե՞ր են, դիտորդնե՞ր, հանդիսատեսնե՞ր, խաղացողնե՞ր, ո՞վ են եղել իրենք, և այդ տախտակի վրայի ի՞նչն է եղել մերը: Թե՞ ոչինչ էլ չեն եղել, եղել է համաձայնությունը:
Հայաստանի և Արցախի պատմական բնօրրանում, հայրենիքում, վաղուց քարտեզագրված բնական հարուստ հանքային ռեսուրսը հենց այն փազլն է, որը պիտի դիտարկել մեր այս տառապալից հայրենիք փրկող ճանապարհի խուչ ու խութերում: Նրանք վաղուց համբերատար սպասում են մեր համառության կոտրվելուն: Ամերիկան գրին քարտերով է երկրից տանում ժողովրդին, Ռուսաստանը քաղաքացիության հրապուրիչ խոստումներով է դատարկել ու իրենը դարձրել նաև արդեն որերորդ սերունդ հայերին, նույնը Եվրոպան է անում: Քամում են երկրի բնակչությունը, հրահրում են մեզ թշնամի երկու հարևաններին, որպես թե դա էլ դամոկլյան սրի վերջին հարվածն է մշակված:
Եկավ նաև մեր ժամանակը: Հզորները գիտեն մեր բնության բացառիկ հրաշալիքների տեղը, գիտեն, որ այս լեռնաշխարհում նաև ջուրն է առատաբուխ ու ըմպելի: Ջուրը: Եվ մագլցում են դեպի լեռնաստեղծ աղբյուրները:
Այսպիսով՝ բնական պաշարներ, գործարք, և այն իրականացնող գործիքներ՝ փազլը լուծվեց:
Մի՞թե մեզ համար սա նորություն է: Եթե ժողովուրդը ոտքի է ելել իր տունը օտարի ձեռքից պրծեցնելու համար, այդ դեպքում ինչո՞ւ միանգամից ետ չվերադարձավ լքված հայրական օջախները մարդաշատ դարձնելու: Ով որտեղ հայտնվել էր, այնտեղ էլ մնաց: Ով ինչ կարողացավ ձեռք գցի՝ գցեց: Ով ինչ գաղտնիք գիտեր՝ պահեց իր մեջ: Եվ հերոսական մի հրաշալի ժողովուրդ իր արդար համարվող անձնազոհ պայքարով հայտնվեց մի վիճակի մեջ, որը վաղուց հաշվարկելի ու տարատեսակ նախագծերով հաղթանակելի էր: Այդ մե՛նք կարող էինք լինել այդ աչքածակների հուսալին ու վստահելին ու գործընկերը: Հանքի համար այդ մե»ր դուռը պիտի գային, իսկ եկողին էլ պետք էր պետականորեն մոտենալ, այդ ամենի լիիրավ տեր ժողովրդին չմոռանալ:
Տպավորությունն այն է, որ մենք մեր անխոհեմությամբ մեր գլխավոր կռվանների հնարավորությունների տիրապետման բանալին հանձնել ենք ոխերիմ թշնամուն: Օգտվողների համար շա~տ անկարևոր է, թե ում ձեռքից պիտի վերցներ այդ բանալին: 97 թվին Արցախի հանքերն արդեն անգլիական ինչ որ ֆիրմայի են վաճառել, հետն էլ Սոթքը, քանի դեռ մեր ջահելությունը Ամուլսարն էր փրկում՝ նրա այն մյուս կողմն արդեն վաճառված էր մեկ ուրիշ արևմտյանի: Մենք էլ մտահոգվում ու տարակուսում ենք, թե աշխարհն ինչո՞ւ է լուռ: Տրամաբանությունն է հուշում, որ այդ հանքատեր հզորներն են ասել՝ իմ հանքերն ինձ տուր: Մեր հայրենիքի հանքերի համար չէինք կարո՞ղ մեր ձեռքով գործարք կնքել:
Բնապահպանական շարժում կոչվածը ահա նման հարցերը լուծելու անմեղ արտաքինով կործանիչ է: 88-ին այդ գործիքի հրաշալի աջակցությամբ փակեցին ու մեզ մեր ձեռքով զուրկ թողեցին մեր ծնողների ստեղծած, խորհրդային ժամանակներից ժառանգած արդյունաբերական հարստությունից: Հիմա էլ՝ ընդամենը՝ մեզ պատկանող հարստությունը «փրկում են» մեզնից՝ իրենցով են անում: Մենք ո՞վ ենք որ արժանի լինենք հարստանալու, մենք պիտի ծառա լինենք, ենթակա, կամազուրկ ու կամակատար: Սա է աշխարհի տիրակալների մտածելակերպը:
Ի՞նչ են անում հիմա: Ասում են՝ դե տուր հանքս, վաճառե՞լ ես, գնե՞լ եմ, տուր:
Գուցե այստեղի՞ց է պետք սկսել, թե ո՞վ իրավունք ուներ միջազգային արդարադատության տարածքում գտնվող չլուծված հակամարտության տարածքում, պատկանելության խնդիրը միջազգայնորեն քննարկվող մարդկանց բնօրրանում վաճառեր մի բան, որի տերը չէր, և գներ մեկ ուրիշը, բայց գներ նրանից, ով դրա տերը չէր:
Գուցե պետք է միջազգային արդարադատությա՞նը հասցնել այս հանգամանքը: Պատերազմի են դուրս հանել և զինել ըստ ամենայնի, և խոստացել, որ չեն միջամտի, ձայն ծպտուն չեն հանի, միայն թե հաղթի ու ոսկեբեր հանքերի տիրոջ իրավունքները իրենց տա, սա ի՞նչ պակաս հանցանք է մարդկության դեմ:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դրանցից մեկը անգլիական ֆիրմա է, որի սեփականատերը նախկին իրանցի պաշտոնյա, ներկայում անգլիական հայտնի ընկերության տերն է: Մյուսի անունը կապվում է Բուշ կրտսերի օրոք Սպիտակ տան տնօրենի անվան հետ: Սպիտակ տան տնօրենի թիկունքում ով ասես կարող է ծպտյալ տեր լինել:
Սա շատ լուրջ հարց է, անկարևոր չէ նաև ռուսական ձեռքից այս ամենը խլելը, չէ որ ամենայն հարմար ժամանակ է գոյացել:
Ներկա իրականության դրդապատճառը մի՞թե այս հանքատերերն են: Որքանո՞վ օրինական առքուվաճառք է տեղի ունեցել: ՄԱԿ-ի հովանու ներքո Արցախյան հակամարտության հարցի լուծում է որոնվում միջազգային մանդատ երեք երկրների ջանքերով, իսկ այդ ընթացքում Արցախի ու անվտանգության գոտի հռչակված տարածքներ ոսկեբեր հանքերը ձեռք են բերում անգլիական ու ամերիկյան ընկերություններ: Օրինակա՞ն Գործարք են դրանք: Հիմա էլ բնապահպանի անվան տակ մարդակեր խառնամբոխ են դուրս բերել քաղաքացիական հասարակության վրա, ու ահա, թե ինչու ձայն չեն հանում, իրենց հանքն են ուզում, ու դեռ վաղն էլ պահանջաթուղթ են ներկայացնելու, թե իմ հանքը կերել եք, վերադարձրեք: Լուրջ դատական գործ է սա: Հանք չէ, երկիր, մարդկանց Հայրենիք են վաճառել ու գնել, հասկանո՞ւմ եք:
14.12.22
ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԱՂՄԿՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ
Comentarios