top of page
Writer's pictureAnna Zakharyan

Հայկական մտքի կայսրություն

Մենք պետք է հիմնենք Հայոց մտքի կայսրություն, որի հայեցակարգային հիմքն ու հենարանը հերմեսականությունն է, այսինքն՝ հայազգի Հերմես Եռամեծի հայեցակարգը: Սա տիեզերական օրենքների վրա հիմնված մի տեսություն է, որը կենսական մեծ ուժ ունի և հաղթանակող էություն: Ուշագրավ է, որ այն իմաստասիրական, կրոնական և մշակութային բոլոր համակարգերի ակունքն է:

Հերմեսականությունն ընկած է նաև Մ.Մաշտոցի, Գ.Նարեկացու, պավլիկյանների, կատարների և այլ երևելի անձանց ու հանրային երևույթների գաղափարական հիմքում: Այն սնուցել է ամբողջ աշխարհը և մարդկությունը: Այս ամենը դեռևս խորազնին կերպով պետք է ուսումնասիրել և հանրայնացնել: Այն նաև արդիական ուսմունք է, քանի որ կարող է ներազդել ներկա գործընթացների և երևույթների վրա և այն էլ դրականորեն:

Այժմ գաղափարական դատարկ խորշեր կան, որոնք պետք է լցնել նոր և բովանդակալից հայեցակարգերով ու տեսություններով: Մտքի դաշտն ստանում է հույժ կարևորություն: Մտքի տեխնոլոգիաները և դրական կենսաէներգետիկան դառնում են վճռորոշ հանգամանքներ: Սա պետք է անպայման հաշվի առնել և դրա վրա կառուցել ապագայի ծրագրերը:

Պետք է սկսել Իմաստունների խորհրդի ձևավորմամբ, որը կլինի ապագա իշխանության ուղեղն ու կառավարման կենտրոնը: Այս խորհուրդը մշակելու է հայկական հանրության զարգացման ուղղություններն ու ուղենիշները: Դրանով իսկ պետք է բացառվեն օտար որևիցե միջամտություն մեր ներքին գործերին և ծրագրերին: Այս մարմինը ղեկավարելու է մտքի բանակի գործունեությունը և գործնական ուղղորդումը:

Արդեն տևական ժամանակ է, ինչ մենք չունենք ազգային ռազմավարություն և հայեցակարգային իշխանություն, որը մեր ձախորդությունների հիմնական պատճառն է: Այդ բացթողումը պետք է արագ լրացնել, որոպեսզի թանկ ժամանակը չկորցնենք: Առայժմ մենք դա չենք գիտակցում:

Հարկավոր է մտքի տեխնոլոգիաներով վերականգնել հայության ամբողջականությունը և մեկ կենտրոնից կառավարումը, որը կհանգեցնի սիներգիկ ներդաշնակության: Սա ազգային անվտանգության և անխոցելիության առումով ունի կենսական նշանակություն, քանի որ միավորում է մեր ներուժը, ինտելեկտը և ֆինանսական կարողությունը: Իսկ կայսերական մտածողությունը մեր գործողություններին հաղորդում է մեծ թափ և ընդգրկում, որովհետև ներառում է համամոլորակային և համամարդկային գաղափարական ու հոգևոր տարածքը: Այս հանգամանքը բացառում է մեկուսացման և պարփակվածության անցանկալի միտումները և մեզ տալիս գործողությունների լայն ծիր: Մենք պետք է հիշենք, որ գտնվում ենք համակարգային կապերի մեջ և գործելու ենք համընդհանրական մեթոդաբանությամբ և գործելակերպով:

Մեր խնդիրն է արագ ձերբազատվել լոկ խոսքային գործողություններից և խոսքը անպայմանորեն զուգակցել գործի հետ: Այսինքն՝ գործնականությունը դառնում է մեր մշակած հայեցակարգերի կիրառման անվերապահ գործիքը, որի միջոցով հնարավոր է դառնում համահայկական ծրագրերի իրականացումը: Մենք նաև պետք է հանրայնացնենք Հայոց քաղաքակրթության և տիեզերական իրողությունների արժեքները, որպեսզի փրկենք վտանգված մարդկությունը բացասական և պղտոր ուժերի հարձակումներից:

2020թ.սեպտեմբերին սկսված Հայրենական պատերազմը շատ իրողություններ բացահայտեց և ցույց տվեց մեր խոցելի կետերն ու կողմերը: Մենք չունենք քաղաքական բանիմաց ու ճկուն թիմ և կառավարիչների ինստիտուտ, որը պատերազմը հրահրելու հիմնական պատճառներից մեկն է: Այնպես որ, պատերազմը միայն բացասական երևույթ չէ, այն ունի նաև դրական դասեր, որոնք պետք է ուսանել: Հայկական կողմը ամենևին պատրաստ չէր նմանօրինակ ընդգրկուն իրադարձությունների: Մշակված չէին մեր գործողությունները և անելիքները, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումների իմաստավորումները: Մենք հիմա մղում ենք գոյաբանական պատերազմ, քանի որ չունենք առաջնորդների հաստատությունը և խարիզմատիկ առաջնորդ: Սա լրջագույն խնդիր է: Իսպառ բացակայում է նախաձեռնողականությունը և հարձակողական գործելակերպը: Անհարկի խաղաղասիրությունը հավասարազոր է դավաճանության և հայրենադավության: Վտանգված է հայության բուն գոյությունը, նժարի վրա է դրված մեր լինել-չլինելու հարցը: Քաղաքագիտական միտքը ընդհանրապես ի վիճակի չէ լուրջ հետազոտությունների և ընդհանրացումների ու «լողում է» բառերի աշխարհում: Մինչդեռ մեր դեմ կռվում են պատկառելի ուժեր և ուղեղային կենտրոններ: Իսկ մենք անգամ չունենք հուսալի դաշնակիցներ, քանի որ այդ ուղղությամբ ոչինչ չենք արել:

Սակայն ոչ մի բան անհուսալի չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, կան ելքեր և լուծումներ: Հարկավոր է շատ արագ փոխել վերնախավը, որն անընդունակ է կառավարել և ստեղծել իրավասու և արհեստավարժ մի թիմ ու անցնել գործի: Մտքի տեխնոլոգիաները որոշում են ամեն ինչ: Մեկնակետը ազգային ռազմավարական ճշգրիտ ծրագիրն է, որը դեռևս չկա: Առանց հստակ և տրամաբանված քայլերի ոչ մի հաջողություն չի լինում: Սա աքսիոմ է: Մեզ սպասում են մեծ գործեր և կարևոր անելիքներ: Հարկավոր է ցուցաբերել հզոր կամք, վճռականություն, լավատեսություն և գործնական մտածողություն: Ամեն ինչ լավ է լինելու: Մենք հաղթելու ենք: Եվ սրանք սոսկ խոսքեր չեն, այլ առարկայական փաստեր ու արարման անկասելի ուժ: Մենք ընթանալու ենք մեծ իրագործումների և հայության հզորացման ուղիով:

Ռուբեն Նահատակյան

30.10.2020թ.

0 views0 comments

Recent Posts

See All

<strong>Строительство будущего</strong>

В течение многих лет в Ереване функционирует Независимый Аналитический клуб, объединяющий единомышленников, работающих в разных отраслях...

Comments


bottom of page