1.Վարվելակարգը կամ վարքաձևը հարաբերությունների կարգավորման ընդունված գործիքակազմ է: Հայ պաշտոնյան պետք է լինի բացառապես ազգային և բարոյական բարձր արժեքներով օժտված ու արհեստավարժ: Այսպիսի համադրությունը մեծ ուժ է: Ազգային, բարոյական աշխարհայացքը հիմնարար արժեք է ու անբեկանելի իրողություն:
2. Հայկական արքայատոհմերը և ազնվականությունը հազարամյակներ շարունակ ապրել ու գործել են բարոյական բարձր կարգերով և ազգային գաղափարներով: Այդ ամենն արտացոլվել է նրանց վարքագծում և գործունեության մեջ: Սա պետականագիտական մեծ ժառանգություն է:
3.Այժմ, քամական արժեքների ավերիչ ներխուժման պատճառով, հասարակությունը, նաև պաշտոնեությունն առաջնորդվում է կասկածելի և մերժելի սկզբունքներով՝ խաթարելով մեր կեցությունն ու ապագան: Արժեքային կեղծ ու պատիր այս համակարգը ամբողջապես խեղում է պաշտոնեական միջավայրը:
4.Հայ պաշտոնյան պետք է լինի աստվածապաշտ, հայրենասեր, մշակութասեր և առաքինի, որպեսզի պահպանի ազգային մեր նկարագիրն ու ինքնությունը: Նյութապաշտությունը, հայրենադավությունը, օտարասիրությունը և այլ արատներ մերժելի են պաշտոնյայի համար:
5.Պաշտոնյան պետք է ունենա օրինակելի ու վարակիչ կերպար, որպեսզի դառնա ներշնչանքի աղբյուր հասարակության համար: Իսկ հայերս ունենք բազմաթիվ ընդօրինակման արժանի նախնիներ, որոնց կարող ենք հետևել և դաստիարակվել նրանց չափանիշներով:
6. Պետական գործունեությունը նրա համար պետք է լինի անմնացորդ ու բոլորանվեր նվիրում և ազնիվ ու պարկեշտ ծառայություն ազգին ու հայրենիքին: Պետական հիմնարկը պետք է լինի պետականության սրբազան տաճար: Սա հավատամքային խնդիր է և և բարոյական ուղենիշ:
7. Պետական ոլորտում պետք է վերականգնել հավատի հզոր բաղադրիչը, քանի որ այն եղել է ի սկզբանե անտի և դուրս է մղվել մութ ուժերի ջանքերով: Դրա նպատակը ստոր կրքերն են՝ նյութապաշտությունը, թալանը, մարդատյացությունն ու եսամոլությունը:
8.Պետական պաշտոնյան պետք է լինի ժողովրդի ծառան ու սպասավորը, որի առաքելությունը բարձր գաղափարներին նվիրվելն է: Պետք է մեկընդմիշտ վերջ տալ նմանակմանը, միմոսությանը և ամբոխահաճությանը, որոնք աղավաղում են կառավարման էությունը: Կառավարումը լուրջ արվեստ է և միաժամանակ ճշմարիտ գիտություն:
9.Հայ պաշտոնյան պետք է լինի մարդկության առաջընթացի և զարգացման անսակարկ ջատագովն ու ջերմեռանդ սատարողը: Հայ պաշտոնյան նաև այլասեր է: Ազգային սահմանափակ մտածողությունը տանում է փակուղի և հանգեցնում ներփակվածության:
10. Հայ պաշտոնյան ազգային տեսլականի կրողն ու իրականացնողն է: Մեծ Հայաստանի(Արևելյան Հայաստանի, Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի)ստեղծումն արդարամիտ և ճշմարիտ ձգտում է, որը չի ոտնահարում որևէ մի ժողովրդի իրավունք: Եվ պատահական չէ, որ հայոց կայսրություններն ունեն մարդասիրական և աստվածահաճո բովանդակություն:
Ռուբեն Նահատակյան
07.11.2021թ.
Comentários