Համահայկական Ազգային Համաձայնության հանդես է եկել Արցախի հիմնախնդրի մասին հայտարարությունով :
Վերջերս (2020թ․ ապրիլի 21) Լավրովի «բացահայտումը», որ Արցախյան կարգա-վորման գործընթացի շրջանակում կողմերը ստորագրել են հակամարտության լուծման փուլային տարբերակը, իրարանցում առաջացրեց հայ հասարակության շրջանում ու մեղադրանքներ հնչեցին ՀՀ վարչապետի ու ՀՀ ԱԳ նախարարի հասցեին՝ այդ փաստը թաքցնելու համար: Սակայն այդ մեղադրանքներում ու դրանց մեկնաբանություններում շեշտը դրվում է «փուլային» բառի ու դրանով պայմանավորված լուծման, այսինքն՝ առաջին հերթին ազատագրած տարածքները թշնամուն հանձնելու «դավադըրության» վրա: Տպավորություն է ստեղծվում, որ խոսքը գնում է ոչ թե տարածքները հանձնելու կամ չհանձնելու շուրջ, այլ դրանք փուլային կամ փաթեթային ընթացակարգով հանձնելու մասին: Հայտնի է, որ երկու տարբերակների հիմքում ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ են (որին համաձայնվել են հակամարտող երկու պետությունների իրար հաջորդած ղեկավարները), որոնցում առանցքային սկզբունքը ազատագրած տարածքների հանձնումն է Ադրբեջանին:
Մյուս 5 սկզբունքներն ածանցյալ են: Մասնավորապես, այդ սկզբունքներից մեկն ընդունված է կոչել «ինքնորոշման իրավուքի սկըզբունք»: Սակայն զավեշտականն այն է, որ այդպիսի սկզբունք Մադրիդյան փաստաթղթում չկա: Պարզապես սկզբունքներից մեկը սահմանված է՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով», կամ ռուսերեն՝ «Օпределение в будущем окончательного правового статуса Нагорного Карабаха на основе юридически обязательного волеизъявления»: Փաստորեն խոսքը գնում է ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ «կամարտահայտության իրավունքի» մասին (право волеизъявления):
Ընթերցելով «Մադրիդյան սկզբունքների» թե՛ կրճատ, թե՛ամբողջական տեքստը, ակնհայտ է դառնում, որ այն իր բոլոր կետերով՝ թե՛ փաթեթային ընթերցմամբ, թե՛ փուլային, hայկական կողմի կապիտուլյացիան հաստատող փաստաթուղթ է: ՈՒստի «Մադրիդյան սկզբունքների» հիմքով որևէ մակարդակում բանակցություններ վարելը դավադրություն ու դավաճանություն է, հետևաբար Մադրիդյան սկզբունքները ենթակա են մերժման:
Երբ խոսք է գնում «Արցախի շուրջ» բանակցությունների մասին, վկայակոչվում են երկու իրարամերժ դրույթներ՝ «տարածքային ամբողջականությունը» և «ժողովրդների կամ ազգերի ինքնորոշման իրավունքը»՝ որպես «միջազգային իրավունքի» դրսևորումներ: Սակայն եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա «տարածքային ամբողջականությունը» սոսկ միջպետական պայմանավորվածություն է ու իրավունքի հետ որևէ առնչություն չունի, առավել ևս՝ «միջազգային իրավունքի»: «Ժողովրդների կամ ազգերի ինքնորոշման իրավունքը» բնական իրավունք է և որպես այդպիսին ապացուցման կամ հիմնավորման կարիք չունի: Այն ծագում է բնականորեն, մարդու լույս աշխարհ գալով և, այս կամ այն ժողովրդի բռնությանը չենթարկվելու ու ազատության տենչով: Այստեղից հետևում է, որ այդ երկու սկզբունքներն անհամադրելի են ու չեն կարող բանակցության առարկա լինել:
Ինքնորոշման իրավունքի առումով առաջանում է դրա կենսագործման խնդիրը՝ եթե փորձ է արվում այն կենսագործել այս կամ այլ պետության ներսում, ապա տարածքային ամբողջականության պետական շահի հետ բախումն ակնհայտ է ու անխուսափելի: Ինքնորոշման իրավունքով ազգային փոքրամասնության կամքի արտահայտման դեմ պետության հակազդման ռեսուրսը անհամեմատ հզոր է ու պետությունն իրեն հատուկ մեթոդներով կասեցնում է ինքնորոշման իրավունքի կենսագործումը՝ ընդհուպ մինչև ինքնորոշման ձգտող ազգի նկատմամբ ցեղասպանություն: Փաստորեն «միջպետական առնչությունների դաշտում» խնդիրը ոչ միայն անլուծելի է, այլև խիստ վտանգավոր։ Եվ ինչպես ցույց է տալիս միջպետական հարաբերությունների պատմական փորձը, ազգամիջյան համերաշխության հաստատման համար պետությունը որպես ինստիտուտ պիտանի չէ: Պետության բնույթն այս պարագայում մի՛շտ է եղել բռնության գործարկումն ու պատերազմը, երբ դիվանագիտությունը որպես «համոզելու» գործիքակազմ սպառել է իրեն: Պատմական փորձը վկայում է, որ ինքնորոշման իրավունքի կենսագործման ուղին ազգային ազատագրական պայքարն է, որի հիմքում մարդու և ազգային էթնոսի գոյապայքարի ու ազատության բնական իրավունքն է։
Այսպիսով՝
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ կոչ է անում ՀՀ ղեկավարությանը մերժել՛ «Մադրիդյան սկզբունքների» հիմքով Արցախյան խնդրի լուծման միջպետական բանակցությունների ներկա ձևաչափը։
Հավելված
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների հիմքում դրված
«Մադրիդյան թարմացված սկզբունքներ»-ը
(համառոտ տարբերակ)
Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ,
Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
Ներքին տեղահանված եւ փախստականների` իրենց բնակության նախկին այրերը վերադառնալու իրավունք,
Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։
Commentaires