Ջավախքի պատմական զարգացումն ունի յուրօրինակ ընթացք և անսպասելի վայրիվերումներ: Գուգարք նահանգի կամ բդեշխության այս գավառը մի կողմից անքակտելիորեն կապված է Հայոց պետության հետ, իսկ մյուս կողմից սադրանքների և խարդավանքների թիրախ է դարձել թշնամիների ձեռքին: Չնայած այս բարդ և խրթին հանգամանքներին, Ջավախքն ապրել է բնականոն և հային բնորոշ լիարյուն կյանքով՝ մեզ պարգևելով տաղանդավոր գործիչներ ու դեմքեր:
Այս առումով առանձնահատուկ և նշանակալից դեր է խաղացել Վարդան Գասպարի Շահպարոնյանը(1872-1941): Վերջինս գրող էր, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ և գործարար, որի երկերը տպագրվել են և ներկայացվել բազմաթիվ բեմերում: Նա Ջավախքի մշակութային, հասարակական և տնտեսական կյանքի կենտրոնական դեմքերից մեկն էր, որի հեղինակության և ազդեցիկության հետ հաշվի են նստել:
Վ.Շահպարոնյանը բազմազբաղ գործիչ էր և անսպառ եռանդի տեր՝ աչքի ընկնելով տարբեր ոլորտներում: Նվիրյալ գործիչը բնատուր գործարար էր, նախաձեռնող բնավորություն՝ մշտապես հետամուտ լինելով առաջընթացին և զարգացմանը: Իսկ նա իր բազմազեհ գործունեության մեջ առաջնորդվում էր սրտի և սիրո օրենքներով, այսինքն՝ սիրով էր իրականացնում բազում իր ծրագրերն ու մտահղացումները: Սա էր Շահպարոնյանի գործունեության հաջողության երաշխիքն ու գրավականը:
Բազմաշնորհ հայորդու ուշագրավ գործերից մեկն էլ իր հարազատ երկրամասի ազատագրության խնդիրն էր, որը հուզում էր շատերին: Եվ ահա երկար տառապանքներից և զրկանքներից հետո հայ ժողովրդի զավակները մտածում էին Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացնել մեր հիմնախնդիրները: Ջավախքի առումով այդ գործը հանձնարարվում է Վարդան Շահպարոնյանին: Բարեբախտաբար, պահպանվել են այդ փոթորկահույզ ժամանակների վավերագրերը, որոնք արտացոլում են այդ ժամանակաշրջանի տագնապներն ու իղձերը: Նա 1919թ. ապրիլի 5-ին ընդարձակ և հանգամանալից զեկուցումով հանդես է գալիս այդ վեհաժողովի նիստերից մեկում:
Փարիզի խաղաղության վեհաժողովը տեղի է ունեցել 1919թ. հունվարի 18-1920թ. հունվարի 21: Սա շատ կարևոր էր հայերի համար, քանի որ 1920թ. հունվարի 19-ին դաշնակից պետությունները՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, միջազգային իրավունքի առումով ճանաչեցին Հայաստանի անկախությունը<1>: Այս երևույթը էական հանգամանք էր, քանի որ իրավական կարգավիճակ էր հաղորդում մեր երկրին: Բարենպաստ պայմանների առկայության դեպքում կարող էին լինել դրական զարգացումներ և ելքեր: Բայց հայկական պատվիրակությանը վեհաժողովի ղեկավարները չհրավիրեցին, քանի որ հույս ունեին, որ Ռուսաստանում կհաղթեն ազգային ուժերը և կվերականգնեն երկրի ամբողջականությունը: Ի վերջո, մեր պատվիրակությանը ընդունեցին և լսեցին:
Իսկ մինչև այդ անխոնջ գործիչն ընտրվում է Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ և գործուղվում Փարիզ, որպեսզի դաշնակից պետություններին ներկայացնի իր երկրամասի մտահոգող խնդիրներն ու հարցերը: 1918թ. հունվարին Ախալքալաքի գավառական գյուղացիական միությունները, գաղտնի քվեարկությամբ, 36 կողմ և 5 դեմ ձայներով, գավառական գործադիր մարմինը 50 կողմ և 12 դեմ ձայներով, նաև Ախալքալաքի քաղաքային վարչությունը և տեղական բոլոր հասարակական մարմինները Շահպարոնյանին ընտրում են լիազոր ներկայացուցիչ՝ գավառը հանելով Թիֆլիսի նահանգից և միացնելով Երևանի նահանգին<2>: Այս փաստը վկայում է նրա բարձր վարկանիշի և համարումի մասին: Տեղին ենք համարում հավաստել, որ Թիֆլիսի գավառը և Գուգարքն ընդհանրապես հայերով էին բնակեցված: Հետևաբար, հարկ չկար գավառը դուրս բերել Թիֆլիսի նահանգի կազմից: Ազգայնացվում են վարչական բոլոր մարմինները և այս մասին ծանուցում Անդրկովկասի Հանրապետության կենտրոնական իշխանության մարմիններին, նախարարություններին, միություններին, կուսակցություններին և վարչական կառույցներին: Այնուհետև, նրան ուղարկում են Ալեքսանդարապոլ՝ տեղական իշխանության հետ բանակցելու համար<3>:
Սա Ախալքալաքի գավառի հայության անվերապահ տեսակետն էր: Իսկ այն կազմում էր գավառի ամբողջ բնակչության 75%-ը և ժողովրդի կամարտահայտման իրավական դրսևորում էր: Շահպարոնյանն Ալեքսանդրապոլում հայտնում է Ջավախքի ժողովրդի կամքը՝ միանալ հայկական նահանգին: Պայմանավորվածություն է ձեռք բերվում կատարել բոլոր ձևականությունները և վարչական ու ֆինանսական կապեր հաստատել Ախալքալաքի հետ: Քաղաքապետ Ա.Խատիսյանի ղեկավարությամբ սկսվում են որոշ աշխատանքներ: Որոշվում է նախ հայկական տարածքը ենթարկել վարչական նոր բաժանման՝ Երևանի և Ալեքսանդրապոլի, իսկ Ախալքալաքի գավառը պետք է մտներ Ալեքսանդրապոլի նահանգի մեջ: Սակայն 1918թ. օսմանյան զորքերի ծրագրված հարձակումը վիժեցրեց այդ ծրագրերը<4>:
Այստեղ տեղին է նշել ռուսական կայսերական հակահայկական քաղաքականության դառն պտուղների մասին: Հայկական զորքերը հերոսական մարտեր էին մղում Արևմտյան Հայաստանի Երզնկա, Կարին և այլ բնակավայրերի մոտ, ինչպես նաև Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Ախալցխայում, ապա Բաքվի մատույցներում՝ պաշտպանելով ոչ միայն հայությանը, այլև մարդկությանը թուրքական ժանտախտից: Ախալքալաքի գավառում ևս տեղի էին ունենում կատաղի մարտեր՝ Կարզախում, Տամալայում, Ալաստանում և այլուր: Բայց ուժերն անհավասար էին, իսկ ռազմաքաղաքական վերնախավը գործում էր աններդաշնակ և անկազմակերպ: Տարերայնության և կաթվածահար հոգեբանության պատճառով բնակչությունն ստիպված էր գաղթել Ծալկա, Բակուրիան, Մանգլիս, ուր ենթարկվեց կոտորածի: Բանն այն է, որ մենշևիկյան մասոնական կառավարությունը հատուկ ձևով մեկուսացրեց հայ գաղթականներին և նրանց մատնեց սովի ու հիվանդությունների: Զոհվեց 80 հազար բնակչից մոտ կեսը: Սա հստակ ցեղասպանություն էր, իսկ իրականացնողը վրացական իշխանություններն էին:
Ռուսական իշխանությունների հեռանալուց հետո կառավարչական բոլոր գործառույթներն անցան տեղական ժողովրդի ընտրովի մարմինների ձեռքը: Իսկ զորքը և մարմինները հայկական էին: Բայց թուրքերի հետ քաշվելուց հետո գավառը ռազմակալեցին վրացիները՝ հայտարարելով այն Վրաստանի սեփականությունը<5>: Մեր կարծիքով՝ սա իրական քաղաքական գործողություն էր, որին ընդունակ չէին հայկական իշխանությունները: Իսկ սրանից տուժում էր ժողովուրդը: Ելնելով այս ամենից՝ Շահպարոնյանը խնդրում է Հայոց գերագույն խորհրդից, որ նա Փարիզի վեհաժողովում ի կատար ածի Ջավախքի հայության նվիրական ցանկությունը՝ երկրամասը միացնել Հայաստանին<6>:
Հայ ժողովրդի այս հատվածի նմանօրինակ պահանջը իրավաչափ է պատմական, աշխարհագրական և տնտեսական առումով: Այս գավառը պատմականորեն միշտ եղել է Հայաստանի կազմում, և դա հաստատվում է պատմական իրավունքով: Փաստերը շատ-շատ են: V դարի մեր պատմիչներն այդ մասին ունեն բազմաթիվ վկայություններ: Այստեղով էր անցնում Հայաստան-Պարսկաստան-Վրաստան առևտրական տարանցիկ ճանապարհը: Մինչև այժմ էլ պահպանվել են կամուրջների, իջևանատների և այլ շինությունների ավերակները, որոնք ցույց են տալիս այդ ուղու բանուկ և կենսունակ լինելը: Վրացական եկեղեցին Հայ առաքելական եկեղեցուց անջատողը YI դարի վրաց կաթողիկոս Կիրիոն I –ը Ջավախքի հայ էր<7>: Վրացիների պարծանք Շոթա Ռուստավելին, ըստ Ն.Մառի և նրա աշակերտ Սարգիս Կակաբաձեի գիտական հետազոտությունների, հայ էր և ծնվել էր Ռուստավ գյուղում: Հռչակավոր Սարգիս Թմոգվելին, այսինքն՝ Թմբկաբերդցին, նույնպես հայ էր: Հայ էին նաև Վրաստանի հզորությունը կերտած Զաքարե և Իվանե ամիրսպասալարները, որոնք Զաքարյան փառահեղ տոհմից էին<8>:
Դեռ ավելին, Բագրատունիները(վրացական տարբերակով՝ Բագրատիոններ) հայազգի արքաներ էին և Վրաց պետության հիմնադիրները; Այնպես որ, այստեղ վրացական ոչինչ չկա, այլ միայն պատմական յուրացման մեղսագործ վարքագիծ և ոչ ավելին: Մենք գործ ունենք մակաբույծ և քաղաքակրթություն չունեցող մի հանրույթի հետ, որն իրեն վրացի է հորջորջում: Իսկ «վրացի» նշանակում է հայկական Վիրք նահանգի բնակիչ, որը շատ բան է ասում: Մենք նկատի ունենք պատմական ճշմարտությունը:
XYI դարում Ջավախքն անցնում է օսմանցիների տիրապետության ներքո: 1828թ. այն զավթում են ռուսները, որոնք պարզապես հակված էին ձուլել հայերին և դրանով վերացնել ազգային մեր ձգտումները: Այդ ժամանակ ռուս-օսմանյան և ռուս-պարսկական պատերազմների հետևանքով Ջավախքի բնակավայրերը գրեթե ամայացած էին: Կային միայն մի քանի հայկական, թուրքական և վրացական 2-3 հազար բնակչությամբ գյուղեր: Այնպես որ, Ջավախքի բնակչությունը դարեր շարունակ մեծ մասը հայեր էին, որոնք տեղաբնիկ են: Սա աներկբայելի և անվիճարկելի իրողություն է<9>: Այսպիսին էին Վ.Շահպարոնյանի դիտարկումներն ու նկատառումները:
Աշխարհագրական առումով Ախալքալաքի գավառը կազմում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսային ծայրը և սահմանակցում է Ախալցխայի ու Բորժոմի բարձրաբերձ լեռնաշղթային: Դրանով էլ այն բաժանվում է Վրաստանից<10>: Այս կողմից գավառը 6 ամիս կտրվում է դրսի աշխարհից: Ջավախքը հարևանում է Ծալկայի, Շորագյալի (Ալեքսանդրապոլի) և Արդահանի հայկական գավառներին, որոնց հետ նման են կլիմայական և աշխարհագրական պայմաններով: Ունեն նաև հարմար հաղորդակցության ուղիներ: Դա Ջավախքի միասնական սարահարթն է, որը Հայկական լեռնաշխարհի մի մասն է<11>:
Այս բոլոր դիտարկումներում ամենակարևորը բնիկության հանգամանքն է, որը իրավական հիմնադրույթ է: Բնիկ հայերն այստեղ քրտինք են թափել և այս հողի տերն են: Այժմ հայերի տոկոսը գավառում 75% է, որը էական գործոն է: Ուստի և Ջավախքը պետական, ազգագրական և մշակութային տեսակետից պատկանում է Հայաստանին: Հետաքրքրական է, որ 1817թ. գավառի բնակչությունը 105 հազար էր, որից 78 հազարը՝ հայ, 10 հազարը՝ ռուս, 7 հազարը՝ վրացի, 7 հազարը՝ թուրք, 2 հազարը՝ քուրդ և հազարը՝ այլ ազգություններ: Այսպիսով, հայերը մոտավորապես 75% էին, ռուսները՝ 9%, վրացիները՝ 6,5%, թուրքերը՝ 6,5%, իսկ մնացած ազգությունները՝ 3%: Հետևաբար, հայերը երեք անգամ ավելի էին, քան մյուս ազգությունները միասին վերցրած<12>:
Գավառը զուտ հայկական նկարագիր ունի ոչ միայն վիճակագրական, այլև մշակութային առումով: Այլազգիները չունեն որևէ մշակութային հիմնարկություն, բացի պետական տարրական դպրոցներից: Սա հայկական ամենաուժեղ գավառներից մեկն է, որի բնակիչները հայախոս են, կրթական բարձր արտոնակարգով(ցենզով): Ախալքալաք քաղաքում 95% հայեր են ապրում: Գավառը ամբողջապես պատված է հայկական ուսումնարանների ցանցով, քաղաքում գործում են նաև հայկական գիմնազիա, եկեղեցական-ծխական Մեսրոպյան և Սանդխտյան վարժարաններ, հրատարակվում է «Ջավախք» լրագիրը, որը պատերազմի պատճառով այժմ լույս չի տեսնում: Ախալքալաքում կա փառահեղ թատրոն, ուր պարբերաբար ներկայացումներ են բեմադրվում; Այստեղ գործում են նաև հարուստ գրադարան-ընթերցարան, բարեգործական ընկերություն իր 16 ճյուղերով և այլն: Եվ հանկարծ այս ամենն անտեսվում է և գավառն անհեթեթ ձևով տրվում է այլ, օտար պետության, որը իրավունքի, արդարության և խղճի դեմ է: Տեղի ժողովուրդը փափագում է Ջավախքը տեսնել միայն Հայաստանի կազմում<13>:
Փաստորեն Ջավախքի հայությունը մտադիր և տրամադրված էր միանալ իր հայրենիքին՝ Հայաստանին, որի համար էլ գործուղել էր իր լիազոր ներկայացուցչին: Վ.Շահպարոնյանը 1919թ. ապրիլի 10-13-ին Փարիզում Համազգային հայկական ժողովի անդամների համար դասախոսություն է կարդում Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին(1918թ. նոյեմբեր-1919թ.փետրվար): Նա մանրամասն վերլուծում է բոլոր առումներով ստեղծված կացությունը, որպեսզի հայ պատվիրակները կարողանան եվրոպական պետությունների ղեկավարներին ներկայացնեն մեր խնդիրների համալիրը և հետամտեն մեր պահանջներն ու շահերը<14>: Շահպարոնյանը հրամցնում է նախապատերազմական, պատերազմական դեպքերը, Վրաստանի պաշտոնական վերաբերմունքը, գաղթականությունը, ԱՄՆ-ի օգնությունը, անգլիացիների ներխուժումը Անդրկովկաս, հայ-հունական հարաբերությունները, Թուրքիայի վերաբերմունքը հայերի նկատմամբ, Ֆրանսիայի քաղաքականությունը, քաղաքաշինական խնդիրները, էլեկտրակայանների և գործարանների հիմնումը, ազնվացեղ անասունների բուծումը, օտար դրամագլուխների ներդրումը և բազում այլ խնդիրներ: Իր խոսքի վերջում նա հատուկ շեշտում է. «Ապա ուրեմն շտապենք, ժամանակը ոսկի է»<15>:
Այս վավերագրերը դեռևս հանրությանը շատ հայտնի չեն, այլ նոր են մտցվում շրջանառության մեջ: Այսպիսով, մենք գործ ունենք հրեշավոր ապօրինությունների և կամայականությունների հետ, երբ Հայաստանը բաժան-բաժան էր արվում և տրվում հարևաններին: Ջավախքը ոսկե մատուցարանով մատուցվեց Վրաստանին, որը ոչ մի օրինական հիմք չուներ:
Միով բանիվ, Վարդան Շահպարոնյանը իրեն հատուկ ազնվությամբ, բանիմացությամբ և հեռատեսությամբ ներկայացրեց իր հայրենակիցների խնդիրներն ու շահերը՝ մեծապես նպաստելով Ջավախքի ազատագրման արդար գործին: Բայց գործեց դավադրության քսու և ստոր տրամաբանությունը, ինչպես նաև հայ քաղաքական թիմի անճարակ ու անձեռնհաս նկարագիրը: Այս պատճառներով էլ առայժմ ոչինչ չստացվեց: Սակայն հարցն այժմ էլ չի հանված ազգային քաղաքական օրակարգից և անպայման կստանա արդարամիտ իր լուծումը:
Ռուբեն Նահատակյան
22.12.2019թ.
«Էկոնոմիկա», 2020, №41, էջ 89-91:
<1> Հայոց պատմություն, հ. IY, գիրք առաջին, Երևան, «Զանգակ-97» հրատ., 2010, էջ 152:
<2> ՀԱԱ, ֆ. 475, ց.1, գ. 95, թ.2:
<3> Նույն տեղում:
<4> Նույն տեղում, թ.3:
<5> ՀԱԱ, ֆ. 475, ց.1, գ. 95, թ. 4:
<6> Նույն տեղում, թ.5:
<7> Նույն տեղում, թթ.6-7:
<8>Նույն տեղում, թ.7:
<9> ՀԱԱ, ֆ. 475, ց.1, գ. 95, թ. 9:
<10> Նույն տեղում:
<11> Նույն տեղում, թթ.9-10:
<12> Նույն տեղում, թթ.11-12:
<13> ՀԱԱ, ֆ. 475, ց.1, գ. 95, թթ. 13-14:
<14> ՀԱԱ, ֆ. 475, ց.1, գ. 96, թթ. 1-6:
<15> Նույն տեղում:
Ռուբեն Նահատակյան
22.12.2019թ.
«Էկոնոմիկա», 2020, №41, էջ 89-91:
Commentaires