top of page
Writer's pictureAnna Zakharyan

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՐՔԱ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ (19.04.2020)

աշխարհակալության էությունը

Տիգրան Մեծն Արտաշեսյան արքայատոհմի արժանավոր ու վառ ներկայացուցիչներից մեկն է և հայոց պետականության հզորության պարծանքը: Նա հայկական մարդասիրական կայսրության տիպիկ դեմքն է, որի ավանդույթները մեզանում արմատավորվել են աստվածազարմ Հայկազունիների կամ Հայկազյանների գահատոհմի ժամանակաշրջանում:

Տաղանդավոր այս տիրակալը խոր հետք է թողել մարդկության և հայերիս հիշողության մեջ՝ դառնալով օրինակելի ղեկավարի յուրատեսակ խորհրդանիշ: Նա հայկական թագավորությունը վերածեց աշխարհակալության: Սա շատ ուշագրավ երևույթ է: Տիգրան Մեծի գործունեության լավագույն հետազոտողներից է պատմաբան Արտակ Մովսիսյանը:

Մեր դիտարկումներով՝ Տիգրանը լավագույնս մարմնավորում է Հայոց քաղաքակրթության կոդը և մշակութաբանական տիեզերակենտրոն բանաձևը: Այս եղանակով են մեկնաբանվում հայերիս հաղթանակներն ու ձեռքբերումները պատմության խաչուղիներում: Արարչական մեր հզոր էությունը հանգիստ չի տալիս քամական համակարգի երդվյալ անհատներին, որոնք փորձում են ամեն կերպ խոչընդոտել մեծ արքայի ձեռնարկումներն ու քայլերը: Նրանց դա ինչ-որ չափով հաջողվեց. Տիգրան Մեծն ամբողջովին չկարողացավ իրականացնել աշխարհաշեն իր ծրագրերը՝ դա թողնելով ապագա սերունդներին:

Ո՞րն է Տիգրան Մեծի կայսրության հմայքի և գրավչության պատճառը: Խնդիրն այն է, որ նա ստեղծեց հանրային նոր կառույց: Վերջինս օժտված էր մարդասիրական, արդար, առաքինի, ազնիվ հատկանիշներով, որոնք աստվածային գաղափարների արտահայտությունն էին: Սա Հայկազունիների կերտած արարչապետության մոդելի մի դրսևորումն էր: Չմոռանանք, որ Հայաստանում երբևիցե չի եղել ստրկություն, քանի որ դա հարիր չէր հայի էությանը: Տիգրանն ազատարար էր և պայքարում էր ամեն տեսակի բռնակալությունների դեմ: Նա ազատություններ, այսինքն՝ ինքնավարություններ է շնորհել բազմաթիվ քաղաքների: Մեր արքայի քաղաքակիրթ իշխանությունը կամովին են ընդունել Սելևկյաններն ու Հրեաստանի թագուհին: Քամական համակարգով առաջնորդվող Հռոմեական կայսրությունն այս ամենին կարող էր հակադարձել միայն խարդավանքի, սադրանքի, խաբեության և նենգության հայեցակարգով: Քաղաքակրթական այլ զենք նա չուներ:

Իսկ Տիգրան Մեծը գիտակցաբար հովանավորում էր գիտությունն ու մշակույթը, քանի որ գիտեր դրանց մեծ զորությունն ու ուժը: Այդ բարենպաստ ժամանակներում մեծ աշխուժացում և զարգացում ունեցան իմաստասիրությունը, պատմագրությունը,

հասարակագիտությունը, մաթեմատիկան, երկրաչափությունը և այլ գիտություններ: Ծաղկում են թատրոնը, ճարտարապետությունը, քանդակագործությունը և այլն: Մեծ համարում ունեին Արտաշատի և Տիգրանակերտի թատրոնները: Զգալի զարգացում է ունեցել հանրային միտքը: Այս քայլերն ամրապնդում էին նրա կայսրությունը և բարձրացնում գահակալի վարկանիշը: Կարծում ենք, որ սա զգալիորեն նախապատրաստեց քրիստոնեության մուտքն ու հաղթահանդեսը:

Ուշագրավ պրպտումներ և դիտարկումներ է կատարել պատմավիպասան և հետազոտող Հայկ Խաչատրյանը: Հզոր միապետի էության ներքին հարստության և մեծության մասին է վկայում այն զարմանալի փաստը, որ իր մասին ստեղծվել է 24 օպերա: Բացի այդ 17 օպերա էլ գրվել է Տիգրանի աներոջ՝ Միհրդատ Եվպատորի մասին, ուր գլխավոր հերոսներից էր մեր արքան: Այդ կոմպոզիտորնեից են՝ Ա.Սկարլատին, Ք.Գլյուկը, Գ.Հենդելը և այլք: Սա նախադեպը չունեցող իրողություն է, որը հարգանք և ակնածանք է ներշնչում: Ոչ մի արքա աշխարհում նման պատվի չի արժանացել: Ստացվում է, որ եվրոպացի, մանավանդ իտալացի արվեստագետները խորամուխ են եղել մեր թագավորի գործունեության նրբությունների մեջ և ստեղծել գեղարվեստական գործեր:

Տիգրանն իր վճռական և խելամիտ գործելակերպով ապահովում էր հայերի տեղն Արևի տակ: Նա ցանկանում էր ազնիվ և կուռ ճակատ հարդարել բռնակալ և ապակառուցողական ուժերի դեմ, որպեսզի հաջողությամբ պահպանի մեր պետական կառույցը: Արքայի դեմ հանեցին սեփական ընտանիքի անդամին՝ որդուն՝ մղելով դավադրության: Այս հարցում բացասական դեր կատարեց նաև Պոնտոսի թագավոր, զինակից Միհրդատ Եվպատորը, որը Հռոմի դեմ մղում էր լոկ նվաճողական և անձնական շահեր հետապնդող պատերազմ՝ առանց քաղաքակրթական հիմնավորման: Այս հարվածները սասանեցին Տիգրան Մեծի ծրագրերը, բայց չտապալեցին նրան: Վերջինս կարողացավ հմտորեն դիմակայել և պահպանել եղած տարածքների հիմնական մասը:

Սա հայկական աշխարհակալության բնորոշ դրվագներից մեկն է, որը կարիք ունի ավելի մանրամասն ու համալիր հետազոտության: Հետաքրքիր է, որ նրա տիրապետության ժամանակ հայտնվել է Հալլեի ասուպը երկնքում, որը Տիեզերքի միջամտության մի պահ է: Տիեզերական այս երևույթը համարվել է հաջողության երկնային նշան: Անմիջապես դրանից հետո նա ունեցավ աստեղային իր ժամը. ստեղծեց իր կայսրությունը: Այդ երևույթը դրոշված է նրա հատած դրամների վրա: Դա դիտվել է Աստծո ներգործության նշանակ և առաջացրել որոշակի խուճապ: Ինքը՝ Տիգրանը, եղել է հավահմա, այսինքն՝ զբաղվել է թռչունների թռիչքի միջոցով կատարվող գուշակություններով: Արցախում մինչև հիմա պահպանվել է այդ սովորությունը:

Պարզվում է, որ նա նաև քուրմ էր: Կարծում ենք, որ խոսքը քրմական որոշակի գիտելիքների մասին է:

Նա շատ բարձր գնահատանքի է արժանացել միջազգային հանրային շրջանակներում: Հայ գահակալի մասին բնորոշումներ են տվել հռոմեացի անվանի դեմքերը: Նշանավոր պետական գործիչ և իմաստասեր Մ.Ցիցերոնը նրան տվել է քաղաքական գործչի բարձրագույն գնահատական` «հզոր»: Մեկ այլ մատենագիր՝ Վ.Պատերկուլոսը Տիգրանին անվանել է «թագավորներից մեծագույնը»: Իսկ պատմիչ Պ.Տրոգոսը վկայում է, որ Տիգրան Մեծին իր ժամանակակիցներն անվանել են «Աստված»: Փաստորեն նա կենդանության օրոք աստվածացվել է: Եվ այս ամենն ասում են նրա երդվյալ թշնամիները:

Տիգրան Մեծի կայսրությունը և միապետական մոդելը շատ արդիական են և ժամանակակից, քանի որ այսօր կառավարման կառույցները աղավաղված ու խաթարված են: Մենք համոզված ենք, որ շատ շուտով այս ամենը կարող են իրականություն դառնալ և կեցությունը հիմնովին փոխել: Նախկինում իշխած հայկական քրմական տիրապետությունը եղել է մտքի և գաղափարի հզոր մի տիրակալություն, որն ապահովել է հայերի առաջնորդական դիրքերն աշխարհում: Սպասվում է առաջատարության այդ գործոնի վերականգնում: Սա ունի տիեզերաբանական իր մեկնությունը; Բանն այն է, որ զարգացման պարուրագիծը(սպիրալ) որոշակի շարժում է անում տիեզերական տարածության մեջ և կրկին հայտնվում իր նախկին կետում: Երկիրը սերտ կապերով առնչվում է Տիեզերքի և տիեզերական ուժերի հետ: Ահա Տիգրան Մեծն այդ գալարագծի ծիրի մեջ է:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, հայագետ

19.04.2020թ.

0 views0 comments

Recent Posts

See All

Commentaires


bottom of page