Ժամանակը բաժանվեց երկու տարաբևեռ մասի՝ նախակորոնավիրուսային և հետկորոնավիրուսային դարաշրջանների,որոնք սկզբունքորեն տարբեր իրողություններ են: Սա յուրատեսակ մի ջրբաժան եղավ մարդկանց պատկերացումների և ըմբռնումների առումով: Թվում է, թե մենք գործ ունենք ցիկլային զարգացման մի երևույթի հետ: Նախկինում եղել է աղավաղված մի աշխարհ, ծուռ հայելիների թագավորություն, ուր չեն եղել ճշմարտություն, արդարություն և մաքրություն: Մարդկանց հասցրել էին ծայրահեղ աղքատության և հոգևոր դատարկության: Մենք մոռացել էինք կյանքի մշակույթը և ապրում էին անհետաքրքիր և անլիարժեք: Սա զգալիորեն նսեմացնում էր կյանքի արժեքներն ու իմաստը՝ կեցությունը վերածելով տաղտկալի և անհեթեթ մի ոլորտի: Այժմ մարդիկ արդեն ձանձրացել են այդ ամենից և այլևս չեն ուզում ապրել հնացած և իրենց դարն ապրած հասկացություններով: Իր դերն է կատարում ինքնահայեցումը: Մենք սկսում ենք ավելի ուշադիր լինել մեր ներաշխարհի, հույզերի և ապրումների նկատմամբ: Տափակ և ճղճիմ երևույթները մեզ արդեն հոգնեցնում են: Նյութական իրողություններն այլևս քիչ են ճնշում մեր գիտակցության և հոգեբանության վրա: Մենք ակամա հայացքներս հառում ենք դեպի Երկինք, դեպի Տիեզերք, ուր թերևս գտնենք մեզ հուզող հարցերի պատասխանները: Իսկ վերին հեռաստանները մեզ ձգում են մի անմեկնելի հրապույրով ու գրավիչ պատկերներով: Մարդիկ ցանկանում են մոռանալ հուսահատությունը, հոգսը, անելանելիությունը և ընկճախտը, որպեսզի վայելեն կյանքի ամբողջ բերկրանքը: Եվ սա օրինաչափ հոգեվիճակ է: Իսկ ինչու՞ մենք այդքան երկչոտ ենք և անվստահ: Մի՞թե չունենք ուժեղ կամք և հաստատակամություն, որպեսզի հասնենք երջանիկ ու անվրդով կեցության: Մարդը ինքնաճանաչման ընթացքում է և շուտով կունենա երևակայության թևեր, որոնք նրան կհասցնեն դեպի բաղձալի նպատակներ: Կարծում ենք, որ սա է ապրելու հետաքրքրությունը: Մարդիկ կարիք ունեն ուսուցիչների և խնամարկուների(կուրատորների), որոնք կարող են օգնել ու սատարել: Այո, հոգածությունը և խնամքը հանրային ուշադրության առարկա են, իսկ հասարակությունը ապրում է մարդասիրական և այլասիրական սկզբունքներով: Մինչդեռ անցյալում մարդը ոչ մի արժեք չուներ և արհամարհված էր: Հիմա փոխվում են ըմբռնումները և ընկալումները: Նաև մեր հայացքը կյանքի նկատմամբ: 2 Ներկայումս կտրուկ մեծանում է պահանջարկը արվեստի և գրականության նակտամամբ: Մեզ ձգում է գեղեցկի, վեհի ու վսեմի աշխարհը՝ տանելով մի զարմանալի ճամփորդության և կրթելով մեր հոգին: Մենք սկսում ենք ապրել համամոլորակային զգացումներով և գեղագիտական պատկերացումներով: Չէ՞ որ մարդկությունը միասնական հասկացություն է: Շնչելն ավելի դյուրին է դառնում, և մարդն սկսում է ավելի շատ ժամանակ հատկացնել հոգևոր և մշակութային իր պահանջմունքներին: Իսկ այս երևույթը բարձրացնում է կյանքի նշաձողը: Ես փակում եմ աչքերս և ընկղմվում չքնաղ մի աշխարհի մեջ, ուր չկան տառապանքներ, հուսահատություն, մաղձ և չարություն: Սա, հավանաբար, մերձակա մեր կյանքն է՝ լի անակնկալներով և բաղձալի հույզերով: Մարդը բնության և Տիեզերքի մի մասնիկն է ու ապրում է այդ իրականությամբ՝ կառուցելով ապագայի իր շքեղ դղյակները: Ի վերջո, հաստատվելու է վայելքի մթնոլորտ: Մարդկությունը շարժվում է ներդաշնակության, ամբողջականության, բարության և արդարության օրենքներով ու սկզբունքներով, որոնք հանգեցնում են խաղաղ և հանգիստ կեցության: Ռուբեն Նահատակյան 28.04.2020թ
top of page
Гермес - дорога к свету
bottom of page
Comments