top of page

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՏԱՐԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ   

Writer's picture: Anna ZakharyanAnna Zakharyan
Պատերազմի ժամանակ պարտավոր ենք ամեն ինչ վերածել զենքի       

Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում գերկարևոր խնդիր է իրադարձությունները կանխատեսելը, ուրիշների և սեփական քայլերը հաշվարկելը, հնարավոր հետևանքները չեզոքացնելուն կամ նվազագույնին հասցնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելը:

Տեխնոլոգիական զարգացվածության ներկա պայմաններում այդ ուղղությամբ գործուն նախաձեռնությունների արդյունավետությունը անմիջապես ի հայտ կգա: Հայաստանը ունի ոչ միայն համապատասխան կադրային ռեսուրսը, անհրաժեշտ ասելիքը, այլև այդ աշխատանքի իրականացումը նրա առջև կանգնած լրջագույն մարտահրավեր է, նույնիսկ վտանգավորության աստիճանի հասցված ուշացրած անհրաժեշտություն:

Հայաստանը, անգամ ներքին քաղաքականության խնդիրները լուծելիս, պարտավոր է հաշվի առնել ոչ միայն գերտերությունների, այլև տարածաշրջանային սահմանակից երկրների կառավարող վերնախավի, նրանց տերերի շահերը։ Թշնամին գործի է դրել բոլոր ռեսուրսները, և այժմ էլ շարունակում է դրանք կիրառել, հնարավոր է նույնիսկ մեզ համար աննկատ, անընկալելի եղանակներով, իյչպես արել է պատերազմին նախապատրաստվելիս: Իսկ արդյո՞ք մենք բազմակողմանիորեն ուսումնասիրել ենք նրա վարքագծային ն հոգեբանական առանձնահատկությունները, նրա հնարավորությունների շրջանակը մեզ ծանո՞թ է:

Մինչդեռ, ստեղծված իրավիճակում մենք առավել ևս պարտավոր ենք հանգամանալից հասկանալ, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում, և թե որքանով է աշխարհը կապված մեզ թշնամի երկրների հետ ու ի՞նչ շահեր են համընկնում նրանց միջև: Անհրաժեշտ է համակողմանի ուսումնասիրել փոփոխվող իրավիճակները, կանխատեսել իրականություն դարձած նոր իրողությունների հետագա զարգացումը, նրանց սցենարական վերլուծության ենթարկել, պատրաստ լինել կանխարգելելու մեր երկրի դեմ ուղղված բոլոր մարտահրավերներն ու մտայնությունները։ Կան ուժեր, որոնք իրենց գոյատեւումը տեսնում են ուրիշների համար անապահովության եւ պատերազմների ստեղծման մեջ, եւ որոնք իրենց բնակչությանը սովորեցնում են ռազմական գործողությունների գոտում ապրելու համար. նրանք միշտ պատրվակ ու լեգիտիմություն են փնտրում հարձակման համար, հատկապես, եթե որոշ երկրների մոտ նկատում են թուլություն։ Նրանց գործողությունները ժամանակին ճանաչելու համար պետք է զարգացնել սցենարային մտածողությունը, լավ հասկանալ ռազմական սցենարները, խաբեության մարտավարությունը, կարողանալ կոալիցիաներ ստեղծել և, անշուշտ, ուսումնասիրել սոցիալական գիտություններ։

Ինչպե՞ս է դա արվում, և ովքե՞ր են այդ կարևոր խնդիրն իրենց վրա վերցնող պատասխանատուները: Դրանք ոչ միայն պետական համապատասխան ծառայություններն են: Հասարակությունն իր ներսում ունի նաև այլ թանկ ռեսուրս: Եվ դա մասնագիտական ոլորտային մտավոր ստեղծարար ներուժն է:

Հայ հանրությունը հազարամյակների պատմության ընթացք ունի, և քայլ առ քայլ գույքագրելով իր պատմական հաղթանականերն ու ցավոք, նաև, կործանարար պարտությունները, անհրաժեշտաբար վաղուց պետք է գույքագրած լիներ նաև կարևոր առաջնահերթությունները՝ դրանք բխեցնելով պատմության կողմից մեզ ընձեռված տրամաբանությունից: Հայոց պատմության մեջ անպայման գոյություն ունի փուլային կրկնություններ, կրկնվող սխալներ, հաղթանակի հասնելու համար կրկնվող անհրաժեշտություններ: Հայոց պատմության մասնագետներից պահանջվում են նման գիտական վերլուծություններ, որոնք պետք է նախահարձակ ծրագրային փաթեթի բաղկացուցիչ լինեն անելիքները հստակեցնելու համար:

Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանն ու աշխարհի հայությունը շարունակում են գտնվել իրադարձությունների խառնաշփոթում: Աշխարհի ցանկացած մեկ այլ կետում տեղի ունեցող վտանգավոր, թե, ընդհակառակը, գիտական, մշակութային նվաճումների հորձանուտում հայ մարդն անպայման առնչակից է ամեն առաջադեմին, և դա ակնհայտ իրողություն է: Վտանգների իմաստով այդ ներուժի օգտագործելիությունը դիտարկելիս պարզ իրողություն է, որ հայ մարդու բուն հայրենիքը կարիք ունի լրջագույն իմացության, վերլուծությունների, քննարկումների, հեռահար զարգացումներին դիմակայելու մարտավարության ու ռազմավարության մշակումների: Եվ դա ոչ միայն Հայաստանում բնակվող հայության խնդիրն է:

Ի՞նչ է դա ենթադրում նախ և առաջ: Եվ արդյոք մենք ընթանում ենք այդ ուղղությամբ: Ներկա պահը հայ ժողովրդի պատմության ամենավճռորոշ ժամանակներից է: Եվ սերունդը, որին վիճակված է երկրի տերը լինել, ուսյալ է, գիտական մեծ ներուժով, պայծառ երիտասարդությամբ, մեծ երազանքներով ու հայրենիքին անսահման նվիրվածությամբ: Սա շատ թանկ ռեսուրս է ցանկացած երկրի համար: Ինչպե՞ս ենք կարողանում հասկանալ այդ ռեսուրսը արդյունավետ տիրապետելու անհրաժեշտությունն ու արդյոք կարողանո՞ւմ ենք տիրապետել ու այն ծառայեցնել երկրի հզորացմանը:

Անկասկած, զարգացում և առաջընթաց ակնկալող ցանկացած առողջ հասարակություն, ազգ պետք է ունենա անվտանգային համակարգի, գիտության, տնտեսության, հոգևոր ու մշակութային ոլորտի տաղանդավոր գործիչներ ու զորահրամանատարներ: Խաղաղ և, հատկապես պատերազմի ժամանակ, իրեն հարգող ցանկացած պետություն պարտավոր է և յուրաքանչյուրի հնարավորությունները լիարժեք գործի դնել, և հուսալիորեն պաշտպանել բոլորին, հատկապես հանճարներին, տաղանդավոր առաջնորդներին ու զորահրամանատարներին, տաղանդավոր երիտասարդությանը։ Սա պարտադիր պայման է, քանի որ նման մարդիկ շատ չեն և պատերազմի ժամանակ թշնամին հատկապես նրանց է որոնում և փորձում է նրանց ոչնչացնել առաջնահերթության կարգով, ինչպես դա արվեց Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթեի և այլոց հետ։ Խաղաղ պայմաններում, այդ կարգի մարդկանց ոչնչացումը այլ կերպ է կազմակերպվում, հնարավոր է նույնիսկ յուրայինների ձեռքով, բանսարկությամբ, դավադրորեն։ Անհրաժեշտ է հիշել, որ մարդու մահով մահանում է նրա միտքը, իսկ հանճարների և տաղանդավոր մարդկանց մահով դեգրադացվում է մարդկությունը և աստիճանաբար ընկղմվում խավարի մեջ։

Եթե փորձենք փոքր-ինչ խորացնել այս խնդիրը, ապա ոչ հեռավոր անցյալում տեղի ունեցած, մեկդարյա հայոց պատմության մի քանի ողբերգական իրադարձությունների օրինակով կարող ենք հավաստել, որ հասարակության երևելի գործիչներին մահվան դատապարտելու ծրագրված ոճրագործություններով այնքան են թուլացրել հայ հանրությունը, որի հետևանքները արտահայտվում են մինչ այսօր: Հնամենի անտառը կտրել, ոչնչացնելով, կողքին նորատունկ անտառ տնկելով քանի դար պիտի սպասել, որպեսզի այն հնամենիի շունչն ու բովանդակությունը, էությունը դառնա: Մանավանդ, երբ այդ նորատունկն էլ անվերջ ենթարկվում է տարատեսակ պարազիտային հարձակումների:

Այնուամենայնիվ, թե Հայաստանում, թե ցաքուցրիվ եղած աշխարհասփյուռ հայության մեջ կա նոր անտառը: Նաև գիտությունը նոր տեխնոլոգիաների դարաշրջան է մտել, որտեղ, ի բարեբախտություն, հնարավոր է ձևավորել համահայկական մտավոր ներուժի համախմբում: Այս մասին ոչ միայն խոսվում է, այլև փորձեր արվում են:

Գործնականում ինչպե՞ս է արտահայտվում այդ ներուժի աշխատանքը: Որքանո՞վ այն համահունչ է իրական կարողություններին: Ոլորտ առ ոլորտ դիտարկելով խնդիրը՝ հառնում է կիսատ-պռատության ու անկազմակերպ ցավալի շռայլ անփույթ վիճակ:

Օրինակ, Հայաստանում վաղուց ի վեր պատրաստում են հումանիտար տարբեր ուղությունների մասնագետներ, որոնցից շատերը գիտական բարձունքներում են: Ինչպե՞ս են նրանք մասնակցում հանրային կարծիքի ձևավորմանը, հանրության գիտակցությունը կրթելուն, մտածելակերպը կարծրատիպերից ազատելուն: Ի՞նչ ուսումնասիրություններ, աշխատություններ են նրանք հանձնել ընթերցողին, որը այս ճակատագրական պահին մնացել է ֆեյսբուկյան հրապարակումների և արտրեկրի վերլուծաբանների հույսին:

Հայաստանում տասնյակ տարիներ է, ինչ պատրաստում են սոցիոլոգներ: Ի՞նչ են անում նրանք, հայտնի չէ: Մի՞թե սոցիոլոգի կարիքը միայն պատվիրված այս կամ այն հարցումներ անելն ու ինչ որ եզրակացություններ հրապարակելն է, ինչը, հաճախ դժվարանում ես ճշգրիտ պատկեր դիտարկել, քանի որ պատվիրված է: Սոցիոլոգ-տեսաբանների բացակայության պատճառով (կան միայն ոչ ոքու համար անհրաժեշտ կարծիքների հավաքողներ), ոչ ոք չէր դիմադրել խորհրդարանական Հանրապետությանն անցնելու սխալ որոշմանը (հավանաբար դրսից բերված)։ Վաղուց է հայտնի, որ խորհրդարանական վեհաժողովներն ի վիճակի չեն ռացիոնալ որոշումներ կայացնել, ինչպես դա կարող են անել առանձին անհատներ։ Նրանք ներկայացնում են նույն ամբոխին, միատարր եւ անանուն, ցանկացած բազմությանը բնորոշ գաղափարների պարզունակությամբ, դյուրագրգռությամբ, գրգռվածությամբ, վոժակների գերակշռող ազդեցությամբ: Պառլամենտարիզմի հիմքում ընկած է այն կեղծ գաղափարը, որ միասին հավաքված բազմաթիվ մարդիկ ավելի շուտ կգտնեն խնդրի իմաստուն և անկախ լուծումը, քան նրանց ոչ մեծ թիվը, ինչ գիտական գրականության մեջ վաղուց քննադատված դրույթ է:

Եվ, իրականությունը նույնպես ցույց է տվել ու ապացուցել այն, որ կառավարման այդ ձևի կարեւորագույն գիծը ‘ ամենապարզ կարծիքների հակումն է: Կարծրատիպերով ու տարածքային տրամաբանությամբ, անորոշ-ընդհանուր նկատառումներով լի գլուխներով կաշկանդված խորհրդարանները կյանքի են կոչում իրենց անփոփոխ սկզբունքները՝ ուշադրություն չդարձնելով իրադարձություններին։ Պատգամավորներն ամբողջությամբ ենթարկվում են հակադիր ակնարկների, նրանք հաճախ ինչ-որ քառորդ ժամում կարող են փոխել իրենց կարծիքը ճիշտ հակառակը եւ նոր ընդունված օրենքին ավելացնել այն հոդվածը կամ ուղղումը, որը բոլորովին ոչնչացնում է ընդունված օրենքի հիմնական իմաստը։ Հատկապես կործանարար պառլամենտարիզմը ազդում է պատերազմի իրավիճակում գտնվող հասարակության վրա: Ֆրակցիաների բաժանված իբր թե ժողովրդավար պատգամավորներից յուրաքանչյուրը ուղիղ ենթակայության տակ է իրենց առաջնորդի հրահանգների: Ինչու մեքենան վարելու համար նախապես պետք է քննություններ հանձնել, իսկ պետության կառավարման համար նման քննություններ Հայաստանում չեն հանձնում:

Այդ դեպքում ինչպիսին է Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտի, ինչպես նաև մեր համալսարանների սոցիոլոգիայի ամբիոնների դերը, և ինչով են նրանք զբաղվել տասնամյակներ շարունակ, եթե չեն կարողացել կանխել հասարակության մուտքը նման տարրական ծուղակների ։

Ցավոք, Հայաստանում սոցիոլոգ-տեսաբանների պատրաստման բացակայությունը մեզ անօգնական է դարձնում սոցիալական կարգի ընտրության հարցում ։ Չկա այն գիտությունը, որին պետությունը կարող է լուրջ հետազոտություն պատվիրել, ինչը եզրակացությունների հիմնավոր արդյունք ու առաջարկներ կդնի պետական կառավարման համակարգի առջև: Մինչդեռ, հատկապես ներկա հասարակությունները կառավարելու և աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար հասարակության դիմանկարն ունենալը խիստ անհրաժեշտություն է:

Այս առումով, հատկապես հայ հանրությունը լրջագույն հետազոտության կարիք ունի: Նույնիսկ մեկ հարյուրամյակի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ձևափոխված հանրային գիտակցության, մտածելակերպի, դրանում ներքին և օտար ազդեցությունների բանալիները գտնելու և հատ-հատ թվարկելու խնդիրը ուղղակի օրախնդիր անհրաժեշտություն է: Պետք է ճանաչել հայ մարդուն: Ոչ թե քարկոծել և գնալ-հասնել հազարամյակներ առաջ ժամանակվա նրա կերպարին, այլ ընդամենը մեկ դարն էլ բավական է պարզելու այսօրվա հայի առողջությունն ու հիվանդությունները: Խոսելով Հայաստանում առկա ժողովրդագրական ու զուգահեռ ու հարակից խնդիրների մասին, գիտական անաչառ ձևակերպումների կարիքը կա: Առանձին անհատների կողմից դա անելը քիչ է: Խնդիրը պետական կառավարման բուն ծրագրերին առնչվող կարևորության է: Գլխադիր հարցադրումներն ու թնջուկները պետք է առանձնացվեն, որպեսզի դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկի պետությունը, քանի որ դա ռազմավարական առաջադրանք է դրվելու նրա առջև:

Թեկուզ արցախյան առաջին և քառասունչորսօրյա պատերազմների համադրմամաբ ևս մեկ անգամ կարելի է ասել, որ պատերազմը և ընդհանրապես կյանքը հաղթանակների և պարտությունների հաջորդականություն է։ Պարտության ցավը, տառապանքը, նվաստացումն ու հիասթափությունն ապրած հասարակությունը, որպես կանոն, ի վերջո պետք է հաղթահարի պարտության բացասական հետևանքները, կազմի զարգացման իրատեսական ծրագիր և պատրաստվի նոր վերելքի ու հաղթանակների։ Մենք ռազմավարական կարևորության այս գործով չենք զբաղվում և շարունակում ենք հենվել թույլ, պասիվ ու ապազգային խավի վրա: Փոխարենը, մեկուսացնում ենք հայրենանվեր ու էներգիայով լի ակտիվիստներին, թուլացնում նրանց մարտնչող ոգին, փոշիացնում ռեսուրսները, կասեցնում առաջընթացը։ Երբ այս կերպ ենք վարվում հայ մարդու իրական ներուժի հանդեպ, արդյոք չե՞նք նմանվում այն թշնամուն, որ ֆիզիկապես ոչնչացնում էր նույն տաղանդավոր հային: Երբ նրա համար իր երկրում ասպարեզ չենք տալիս կայանալու, իր տաղանդները լիարժեք բացահայտելու և իր երկրին դրանք ծառայեցնելու, արդյոք արտագաղթի մղելով նրան, նույն թշնամական վերաբերմունքը չենք ցուցաբերում հայ մարդու հանդեպ:

Հաղթանակներն ու պարտությունները բնության ու հասարակությունների համար օրինաչափ երևույթներ են: Օրինաչափ է ու տրամաբանական նաև դրանք գնահատել կարողանալը: Հաղթանակը պարտության չվերափոխելը, պարտությունը՝ հաղթանակի վերափոխելը ջանքեր է պահանջում: Հենց դա է մտավոր ռեսուրսը գործի դնելու անհրաժեշտությունն ստեղծում, որտեղ ստեղծարար միտքը կարգելափակի ապաշնորհությունն ու տգիտույթյունը, բարձր նշաձող կսահմանի առաջադիմության համար:

Սա բնության օրենքն է, որտեղ ամեն ինչ ունի իր հակադիր կողմը, ներկայացված է երկուստեք՝ ուժ-թուլ, հաղթող-պարտված և այլն: Երկիրը դատապարտված է, եթե մեկուսացնում է ուժեղ մասնագետներին, հենվում մտքով թույլերի վրա և նրանց ուժեղանալու հնարավորություն չի տալիս։ Բոլոր կարգի մարտահրավերներին, բնության իսկ օրենքներով, անհրաժեշտ է պատասխանել։ Կյանքը, իր հիերարխիկ կառուցվածքով, մշտազարգացող օրգանիզմ է։ Այդ իսկ պատճառով ցանկացած մարտահրավեր զարգացման սկիզբ է և հիերարխիկ հաջորդ աստիճանի բարձրանալու պայման։ Փաստորեն, մարտահրավերի արդյունքում հիերարխիա է ձևավորվում, որի արդյունքում պարզվում է, որ մարդկանց միջև չկա հավասարություն իրենց ի բնե տարբերությամբ պատճառով։ Սա ակնհայտ է, քանի որ մարդկանց միջև հավասարության դեպքում մարտահրավերներով ու պայքարներով կյանքի անհրաժեշտությունը չէր լինի։ Փաստորեն, համընդհանուր հավասարության քարոզչության ներքո աստիճանական անկումը, էնտրոպիայի նման, արագ տարածվում է և իր մեջ է ներառում նաև ամբոխի ամենաբացասական շերտերը։ Առաջնորդի կորուստը խուճապ է առաջացնում, կորչում են նաեւ մարդկանց միջեւ փոխադարձ կապերը։ Վաղուց հրատարակված գրքեր, սոցիոլոգ գիտնականների հետազոտություններով հայտնի աշխատություններ կան, որտեղ մանրակրկիտ ներկայացվում են նույնիսկ ազնիվ նպատակներով միավորված մարդկանց խմբերը ամբոխի վերածելու մեխանիզմները: Ցավոք, դրա միջով անցել է նաև հայ հանրությունը, ենթարկվել մշակված մեխանիզմների, որովհետև անգետ են եղել թե ինքը, թե իր մտավոր վերնախավը:

Օտարածին սրիկաներն ու խաբեբաները, վարկաբեկելով իրական հերոսներին, հարվածի տակ են դնում հոգով ուժեղներին և հասարակությանը։ Թույլերը, որպես կանոն, անզոր են որևէ բան ստեղծել, և հասարակությանը թողնում են անպաշտպան։ Սոցիալական և քաղաքացիական ամբոխավար իրավունքներով հասարակությունը մոլորակը հասցրեց դեգրադացիայի։ Կյանքը շարունակվում է, և ողջ մարդկությունը պետք է իր անձնական ներդրումն անի մարդկության հիմնադրամին, որից հետո տրվում է կյանքի իրավունքը։ Ամեն ոք պետք է խնամքով վերաբերվի իր շրջապատին, որպեսզի հասարակության մեջ ապրելու իրավունք վաստակի։ Ժամանակն է վերականգնել կորսված քաղաքակրթությունը։

Հարյուրամայա մահաբեր քնի մեջ նիրհող քաղաքական ու հասարակական գործիչները, գիտնականները (մասնավորապես հետազոտող տեսաբաններ սոցիոլոգները, փիլիսոփաները), հոգևոր ու մշակութային գործիչները, դիվանագետներն ու հայության մտավոր ողջ ներուժը պետք է դադարի ծառայել թշնամական ուժերին, վերադառնա մեր իրական ակունքներին և կորսված քաղաքակրթությանը, հատկապես որ Հին Հայաստանում մարդը ապրել և ստեղծագործել է ազատ։

Եթե փորձենք մեկ դարից ավելի հեռուն գնալ և մխրճվել հայության հազարամյակների պատմության մեջ, ապա պարտավոր ենք առանձին դիտարկել այն հարցը, թե ո՞րն է հայկական գլոբալիզացիայի առանձնահատկությունը, որով հայերը զբաղվել են իրենց պատմության ողջ ընթացքում և ինչո՞վ է առանձնանում այն ներկայիս թալանն ու շահագործումը որպես բնական մոլորակային ընդլայնում ներկայացնող նենգ գլոբալիզացիայից։ Հայերի տարած գլոբալիզացիայի նպատակն էր մոլորակով մեկ տարածել քաղաքակրթություն, իրական գիտելիքներ, մշակույթ ու հոգևոր արժեքներ՝ ռուսների և անգլիացիների համար մայրենի լեզվի դասագրքեր ստեղծելուց-մինչև տիեզերագնացություն։ Նույնիսկ իր հայրենիքը զավթած թշնամու, թուրքերի համար մշակույթ ստեղծելը նա չի արհամարհել, իր էությունից է բխում արարչագործությունը:

Ցանկացած գիտության առաջընթաց և առաջխաղացումը նշանակում է գիտելիքի ընդլայնումն ու ունիվերսալացումն, որը մարդկային մշակույթի և կյանքի հետագա ունիվերսալացումն է։ Գիտությունն ունի առանձնահատուկ դեր։ Գիտնականները պետք է զինված ու հագեցված լինեն նորագույն սարքավորումներով։ Առաջին հերթին տիրապետեն իրական գիտելիքների։ Գիտնականի կենսագործությունեության դաշտը չի սահմանափակվում միայն իր գիտական աշխարհի տարածքով: Նրանք օգնության, պաշտպանության և ինքնորոշման կարիք ունեցողների հովիվներն են և պարտավոր են իրենց անձնական օրինակով ցույց տալ, թե ինչպես է պետք կյանքի տարբեր ոլորտներում հարաբերվել ու փոխգործակցել։ Հակառակ դեպքում նրանք համոզիչ չեն լինի։

Թե′ խաղաղ, և թե′ պատերազմի ժամանակ ցանկացած գիտական հայտնագործություն, մշակութային ստեղծագործություն հզոր, կործանիչ զենք է թշնամու համար և պետք է ներազդման ոսկերչական ճշգրտություն ունենա: Համատեղ մտավոր աշխատանք է պետք իրականացնել: Անհրաժեշտ է միասնաբար ներկայացնել թշնամու իրական կերպարը։ Հասկանալ, թե ի՞նչ է ուզում նա մեզանից, ի՞նչ ձևերով ու մեթոդներով է փորձում ներազդել հասարակական գիտակցության վրա։ Նաև պետք է իմանալ, թե գիտական, տեղեկատվական, հոգեբանական ու ստեղծագործական ի՞նչ ներուժով, ձևերով ու մեթոդներով ենք հակազդելու թշնամուն։ Ինչպե՞ս է պետք դա ներկայացնել գործնականում, արտահայտել տեքստում և այլն: Այն կարող է ներկայացվել նաև քողարկված և անմիջականորեն չընկալվի թշնամու կողմից։ Բայց գլխավորն այն է, թե ճի՞շտ է արդյոք ընտրվել թիրախը, կամ տեքստում, մեկնաբանության ու խոսքի մեջ ներդրված դիպուկահարի գնդակը հասե՞լ է նշանակետին և չի՞ վնասի սեփական ժողովրդին ու երկրին։ Սա հույժ կարևոր է, քանի որ սխալ ընտրված խոսքերից կամ գործողությունից կարող են հազարավոր ճակատագրեր խեղվել։ Պատերազմում պետք է ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկվի և թույլ չտրվի որևէ պատահական գործողություն։

Այսքան բարդ իրավիճակում և կարևոր մարտահրավերների առջև կանգնած հայությունը, իրականում պատերազմող ու շրջափակման մեջ գտնվող մեր երկիրը, տեխնիկական և հումանիտար գիտությունների բուռն զարգացման փոխարեն, համատարած անտարբերության է մատնել այս հույժ կարևոր զենքն ու զինանոցն ու այն տիրապետող մասնագիտականն ներուժը, և լռում են անգամ քաղաքական, հասարակական և գիտնական շրջանակների ղեկավարները։

Գիտական քանի քանի կառույցներ ունենք, որոնք համախմբված կոլետիվներ ունեն: Բայց լուռ են: Մի՞թե սրանից ավելի բուռն աշխատանքի պահանջ երբևէ ունեցել են նրանք, երբ կարող են լիարժեք գործողության մեջ դնել իրենց գիտելիքները, առանց հրահանգների ու կեղծելու պահանջի: Անհանդուրժելի է, երբ գիտնականը տաքուկ անկյուն է որոնում ու գտնում կուսակցական տանիքների տակ: Գիտությունն իր տարածքը սահմանափակելու իրավունք չունի, նույնիսկ եթե գաղափարական համախոհություն է զգում կուսակցական որևէ միջավայրի հանդեպ: Գիտությունը բոլորին ծառայելու առաքելությունն է կրում իր վրա: Հայաստանում հումանիտար գիտությունը ասես անգործության թմբիրի մեջ է, մինչդեռ հասարակությունը նրա խոսքի ու անելիքի պահանջը առաջադրում է ամեն օր, երբ վստահելի մտքեր է որոնում ֆեյսբուկ-յութուբում դեգերելով: Իսկ այդ ասելիքի կարիքը առաջին հերթին պետական կառավարման համակարգը պետք է իր առջև դնի վերջապես:

Ժամանակն է, որ գիտական կառույցներն ու գիտնականները դուրս գան իրենց տաքուկ ապաստարաններից, դադարեն օգտվել ԳՄՕ-ներով վարակված արոտավայրերից։ Ինչո՞ւ ենք այսքան կոշտ բնութագրում ժամանակակից այդ օրակուլներին, որովհետև հարյուրամյակներ շարունակ նրանց վարքագիծը չի փոխվում: Պետք է ցավով արձանագրենք, որ մեր քաղաքական, հասարակական գործիչների և ղեկավարների բավականին ստվար մասը ստրկական մտածողություն ունի։ Նրանք մինչ օրս ենթարկվում են հայության հանդեպ թշնամաբար տրամադրված ուժերին և շարունակում են կուրորեն կատարել նրանց հանձնարարականները։ Օրինակ, Արևմտյան Հայաստանում հայերը թուրքական լծի տակ ապրել են մի քանի հարյուր տարի, իսկ արեստականորեն ստեղծված Ադրբեջան անվանմամբ երկրում՝ հարյուր տարի։ Մենք չենք հավատում, որ մեզանում չեն եղել հայության ցավերով մտահոգ գիտնականեր, քաղաքական ու հասարակական գործիչներ, ովքեր այս ամենը ուսումնասիրելուց բացի, հստակ պատկերացրել են վերոհիշյալ երկրների և միջավայրի ստեղծման նպատակը, տիրող բարքերը, նիստուկացն ու էությունը։ Բայց, կարծում ենք, որ ինչ-ինչ պատճառներով նրանց արգելվել է հրապարակել այդ կարգի ուսումնասիրությունները, և ի վերջո, նրանք փոխարինվել են լիբերալ աշխարհի շահերը պաշտպանող և հակահայկական ուղղվածություն ունեցող հայազգի գիտական, քաղաքական ու հասարակական գործիչներով, ովքեր հանրությանն են ներկայացրել հակահայկական հորինված ուսումնասիրություններ ու հրապարակումներ։ Օրինակ, պատերազմական իրավիճակում, եթե այլևս ​​հնարավոր չէ պաշտպանել երկրի սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը, ապա թշնամու ոտնձգություններին վերջ դնելու համար ամեն գնով միավորում ես ուժերդ, միահամուռ պատերազմում և հիմնովին ջարդում ես թե′ ներքին, և թե′ արտաքին դավադիր ոսոխին։ Նույնը պետք է արվի նաև կամովին իրենց ստրկությանը հանձնած գործիչների նկատմամբ։

Անկախ պաշտոնից ու դիրքից՝ պետք է երկիրը պաշտպանել կյանքի գնով, անձնազոհությամբ, մտքի ներուժով ու նվիրվածությամբ։ Օրինակ, զինված ուժերում հրամանատարը պատասխանատու է իր ենթակաների համար և պետք է ցուցադրի իր ստորաբաժանման բոլոր հմտություններն ու կարողությունները, երբ թշնամու շրջափակումից կամ ինտենսիվ հրետակոծությունից փորձում է դուրս բերել զորքը։ Միայն գրագետ և անվախ հրամանատարների ու բոլոր առումներով նրա կողմից պատրաստված անձնակազմի շնորհիվ է հնարավոր հաղթել թշնամուն, խուճապ ու քաոս առաջացնելով նրանց շարքերում։ Հրամանատարի խնդիրն է նաև հրաման տալուց առաջ հաղթելու կամք ներարկել իր ենթակաների գիտակցության մեջ։ Դասալիք է նա, ով խուսափում է իր այս սուրբ պարտականությունից։ Թշնամուն զինաթափելու ու ծնկի բերելու ցանկացած պաշտպանական գործողություն պետք է լինի վերջնական։ Հինգերորդ սերնդի պատերազմին պետք է պատրաստվել նախապես, զինված ուժերը և պահեստազորը մշտապես պահել մարտունակ վիճակում, իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործել ողջ ազգի մարդկային, նյութական ու մտավոր ռեսուրսները։ Անհրաժեշտ է ներառել բնակչության տարիքային բոլոր խմբերը՝ գիտության, կրթության, մշակութային և հոգևոր ոլորտի բոլոր առողջ գործիչների ներուժը։ Մինչ այդ նրանք պետք է ծանոթանան տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին ու մշտապես պատրաստ լինեն ոչ միայն պաշտպանվելու, այլև հաղթելու, անգամ ժամանակակից պատերազմում։

Պատերազմի ժամանակ պարտավոր ենք ամեն ինչ վերածել զենքի։ Բոլոր նորամուծությունները, հրապարակումներն ու գիտական հոդվածները պետք է լինեն հրամանի նման ամփոփ, նշանակետի նման ճշգրիտ։ Նրանք դամոկլյան սրի պես մշտապես պետք է կախված լինեն թշնամու գլխին։ Գիտական աշխատության, հոդվածի կամ գյուտի հեղինակը պետք է հստակ պատկերացնի, թե իր ասելիքը հասարակական ո′ր շերտերին է ուղված, ի՞նչ է ուզում ասել տվյալ տեքստով, ո՞ւմ և ինչո՞ւ։ Ինչպե՞ս այն կներազդի սեփական և թշնամական երկրի հասարակական կարծիքի վրա։ Կավելացնի՞ թե կնվազեցնի ժողովրդի էներգիան, կուժեղացինի՞ պատերազմը մինչև հաղթական ավարտ հասցնելու մարդկանց կամքն ու վճռականությունը: Կարևորը ասելիքն է, բովանդակային ներազդման մակարդակը և ոչ թե տեխնիկական կամ մարդասիրական ուղվածության փաստերը։

Երբ պատերազմը չես հասցնում հաղթական ավարտին, միշտ էլ կանգնում ես կոտրած տաշտակի առջև՝ ռևանշի հնարավորություն տալով թշնամուն։ Դրա համար, որպես կանոն, մեզ հետ վարվում են օրինաչափորեն դաժան ու անողոք։ Երբ ազգովի գիտակցենք այս ճշմարտությունը և մեկ բռունցք դառնանք, այնժամ կհակազդենք ցանկացած ոսոխի, մեր սահմանները զերծ կպահենք բոլոր կարգի ոտնձգությունից։ Գործի նման դրվածքի դեպքում ամենահզոր թշնամին անգամ կմտածի, թե արժե՞ արդյոք նման մտածելակերպով ու համախմբվածությամբ միասնական երկրի վրա հարձակվել։

Եթե մեր քաղաքական ու ռազմական այրերը ժամանակին համակողմանիորեն միավորեին երկրի գիտական, տնտեսական, հոգևոր ու մշակութային ներուժը, ամուր պաշտպանական և անվտանգային համակարգ ստեղծեին և հանեին բոլորին ստրկական կույր ենթարկվածությունից, ապա Հայաստան աշխարհը կզարգանար բնականոն։ ՉԷինք ունենա մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ։ Մենք ունենք մեկ նպատակ՝ խաղաղ զարգանալ և կարողանալ պաշտպանվել և պաշտպանել սեփական երկիրն ու ժողովրդին։

Էռնեստ Գրիգորյան, Լյուսի Մեհրաբյան

0 views0 comments

Recent Posts

See All

<strong>Строительство будущего</strong>

В течение многих лет в Ереване функционирует Независимый Аналитический клуб, объединяющий единомышленников, работающих в разных отраслях...

Comments


© 2035 by Kathy Schulders. Powered and secured by Wix

bottom of page