top of page
  • Writer's pictureAnna Zakharyan

ԴՐՎԱԳՆԵՐ ՀԱՅՈՑ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

Հայկական լեռնաշխարհը Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրանն է, որը փաստվում է գիտական նորովի, լրջմիտ և անաչառ հետազոտություններով: Խոսքը հնագիտական, պատմագիտական, լեզվաբանական, մշակութաբանական, մարդաբանական, ազգագրական, բանագիտական, էզոթերիկ և այլ համակողմանի ու համապարփակ քննությունների մասին է: Այս առումով Հայաստանը ի հնուց անտի եղել է ծովային հզոր տերություն կամ կայսրություն: Եվ դա օրինաչափ է և տրամաբանական. երկիրն առանց ծովային հաղորդակցության և ջրատարածքի չէր կարող գոյություն ունենալ:

Այս հիմնադրույթը հայեցակարգային առումով միանգամայն բացատրելի է և հասկանալի: Դա առավել ընկալելի և շոշափելի է դառնում, եթե խորամուխ ենք լինում հայի էության և առաքելության բացահայտմանը: Հայը աստվածածին է ու տիեզերասեր և կոչված է պահպանել աստվածային կարգուսարքը, երկնել ու տարածել քաղաքակրթական արժեքներ<1>: Հայերը նախաձեռնող, եռանդուն և շարժունակ ազգ են և գործուն են կյանքի բոլոր ոլորտներում: Պատմության քառուղիներում դա բազմիցս դրսևորվել է և արտահայտվել, քանի որ մեր նախնիները մշակութաստեղծ ազգ են:

Այստեղ տեղին է նշել մի կարևոր հանգամանք. ռազմավարական մեր հակառակորդները հակված են խեղաթյուրել պատմական փաստերը և հնարավորինս նվազեցնել կամ էլ հիմնովին վերանայել Հայոց քաղաքակրթության դերն ու կշիռը համաշխարհային պատմության ընթացքում: Բնականաբար այս հայեցակարգը դավանողները չեն ընդունում Հայաստանի ծովային տերություն լինելու իրողությունը, քանի որ դրա արձանագրումը խախտում է համաշխարհային գերիշխանություն հաստատելու իրենց ագրեսիվ ծրագրերը կամ էլ լավագույն դեպքում մի ոչ էական §զիջում¦ է արվում: Արծարծվում է այն տեսակետը, թե Հայաստանը ծովային պետութոյւն էր միայն Տիգրան Բ Մեծ արքայի ժամանակաշրջանում, կարծես թե դրանից առաջ ոչինչ չի եղել:

Մատենագիտական բազմաթիվ տեղեկություններ կան հայերի ծովագնացության պատմության ու վաղնջական ակունքների մասին: Հայկական նավերի մասին ամենավաղ վկայությունը՝ ժայռապատկերը, վերաբերում է մ.թ.ա. VII հազարամյակին և հայտնաբերվել է Սևանա լճի ավազանի քարայրներում<2>: Հայտնի է, որ հայերը հազարավոր տարիների ընթացքում նավարկել են Սև, Կասպից և Միջերկրական ծովերում, որոնք ողողել են հզոր Հայաստանի ընդարձակ սահմանները: Կան նաև լուրջ վկայություններ, երբեմն նաև վարկածային, որ հայերն ակոսել են նաև օվկիանոսները և իրենց քաղաքակրթությունը տարածել աշխարհի տարբեր ծագերում /Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա և այլն/:

Նոր ժամանակաշրջանում բուռն զարգացում են ստանում հայկական նավագնացության հարուստ ավանդույթները: Այս առումով ուշադրության է արժանի Բաքուն /պատմական Բագավան/, որն առևտրի, արհեստների, տնտեսության և մշակույթի նշանավոր կենտրոններից էր: Տեղին է նշել, որ Բագավանը բուն հայկական քաղաք էր և գտնվում էր Մեծ Հայքի Փայտակարան նահանգում: Այս մասին հիշատակություններ կան հայ պատմիչների երկերում: Այստեղ շատ նշանակալից էր հայերի դերն ու կշիռը: Եվ դա բնավ էլ պատահական երևույթ չէ, քանի որ, այսպես կոչված, Ադրբեջան պետությունն ստեղծվել է արհեստականորեն, հայկական Փայտակարան նահանգի բռնազավթված տարածքների վրա:

Քաղաքը դարեր շարունակ ունեցել է հայկական ոգի և շունչ, ինչի մասին լավագույնս վկայում են ժամանակի վավերագրերը և մամուլի էջերը: Այսպես, թերթերից մեկը փաստում է. §Բագուն կատարեալ հայկական քաղաքի կերպարանք է ստացել: Դուք մտնելով այստեղ, կը տեսնէք մի մեծ հրապարակ, որի հանդեպ շինված է հայոց հոյակապ եկեղեցին, շրջելով մեծ փողոցները, կը տեսնէք պալատանման շէնքեր, որոնց մի քանիսի վերայ հայերէն տառերով փորագրած են տիրոջ ազգանունը, այդ շէնքերի մեծ մասը պատկանում են հայերին. Անցնելով դէպի ծովի ափը, կը տեսնէք զանազան կօնտօրաներ, որոնք կրում են նոյնպէս հայկական անուններ¦<3>:

Նմանօրինակ մթնոլորտում և հանգամանքներում շատ բնական ու օրինաչափ էր նաև հայկական ծովագնացության զարգացումը Կասպից ծովում, որը սերտորեն աղերսվում էր հայերի առևտրական ու մշակութաստեղծ առանձնահատուկ շնորհների հետ: Նույն աղբյուրը ներկայացնում է հետևյալ պատկերը. §…Նայելով ծովին, կը տեսնէք զանազան նաւեր և շոգենաւեր, որոնք կրում են հետևեալ անունները. §Հայաստան¦, §Արմենակ¦, §Արմէնին¦, §Մասիս¦, §Արարատ¦ և այլն: Անցնելով պարտէզը, իսկոյն կը տեսնէք ժողովարանի ամարային շինութիւնը, որի հանդէպ հայ լուսաւորեալ դասին պատկանող կանայք և օրիորդք զոյգ-զոյգ իրանց փայլուն հագուստով և գեղեցիկ դեմքով խօսելով մաքուր հայերէն շրջում են միասին: Մի ուրիշ փողոցով անցնելիս պատուհանից լսվում է հայ օրիորդների քաղցր ձայները, որ երգում են հայկական երգեր և ածում դաշնամուր¦<4>:

Ինչպես տեսնում ենք՝ կատարյալ Հայաստան և ստեղծարար կյանքով ապրող հայություն: Կասպից ծովի տարածքներում լողում էին նաև այլ հայկական նավեր՝ §Հայ¦, §Վան¦, §Գրիգոր Արծրունի¦, §Թուման¦, §Րաֆֆի¦, §Արցախ¦, §Վասպուրական¦, §Անի¦ և այլ նավեր: Հայ ազնվականները և առևտրականնները, հայերեն անուններով անվանակոչելով իրենց սեփական նավերը, ստեղծում էին իրական Հայրենիքի պատկերը՝ նպատակ ունենալով հայի հոգում ներշնչել հզոր Հայաստանի տեսլականը և հայոց պետության վերականգնման հնարավորությունը: Այս փաստը արարչական ձիրքերով օժտված հայի քաղաքակրթական պատկերի լավագույն դրսևորումն է:

Ուշագրավ է նշել, որ 1889թ. Կասպից ծովով փոխադրում էր իրականացնում 34 շոգենավ: Դրանցից 7-ը պատկանում էր հայերին /Ավետյանի §Վասպուրական¦, և §Էվելինա¦, Կոլմանյանց եղբայրների ու Բունիաթյանի §Սպասատել¦, Փարսադանյանի §Գրիգորյան¦, Թումայանի §Սերյոժա¦, §Արշակ¦, §Կոնստանդին¦/<5>:

Նույն թվականին կային հատուկ շոգենավեր, որոնք միայն կերոսին էին տեղափոխում. Դրանք 20-ն էին: Այդ նավերից 5-ը պատկանում էին հայերին: /§Հայկական շոգենավային ընկերություն¦, §Արմենյակ¦, Առափելյանի §Ռաֆաիլ¦, Թումայանի §Ադմիրալ¦, §Լազար¦, §Կոնստանդին¦/<6>:

1893թ. §Ե.Գ.Փիթոյան նավթարդյունաբերական առևտրային ընկերության¦ սեփականատեր, թիֆլիսեցի Եսայի Փիթոյանի §Մասիս¦ շոգենավային ընկերությյանն էին պատկանում §Վան¦, §Մուշ¦, §Անի¦, §Սևան¦, §Մասիս¦, §Զանգի¦, իսկ Թումայան եղբայրների շոգենավային ընկերությանը՝ §Մուխսախա¦ և §Թուման¦ նավերը<7>:

1912թ. Բաքվում կար 66 նավատեր անհատ և ընկերություն, որոնցից 14-ը հայեր էին և ունեին 24 նավ: Հիշատակենք նրանց անունները. Հակոբ և Հովհաննես Ավետյանները /§Մենաստան¦/, Հ.Ադամյանը /§Վահան¦/, §Հայկական շոգենավային ընկերությունը¦/§Աշոտ Երկաթ¦, §Ամասիա¦/, Բունիաթյան եղբայրները /§Բենարդակի¦, §Բունիաթ¦, §Նիկոլայ¦/, §Վոլգա ընկերությունը¦ /§Արծիվ Վասպուրականի¦/, §Ապրանքային պահեստների արևելյան ընկերությունը¦ /§Սևան¦, §Վան¦/, Ավետիս Ղուկասյանը /§Թամարա¦/, Մ.Ղուկասյանը /§Աննա¦/, §Անդրկասպյան առևտրաարդյունաբերական ընկերությունը¦ /§Վասպուրական¦/, Եղիսաբեթ Սարգսյանը /§Գրիգոր Արծրունի¦/, §Սարուխան-Քռի բաժնետիրական ընկերությունը¦ /§Սարուխան¦, §Սերյոժա¦/, §Հ.Մ.Տեր-Հակոբյան ընկերությունը¦ /§Գադիր-Հուսեյնով¦/, Տեր-Ստեփանյանը և Կոլմանյանցը /§Արշալույս¦/, Խ.Թումայանը/§Տատյանա¦/ և §Գ.Մ.Լիանոզյանի որդիներ ընկերությունը¦ /§Ռաբոտնիկ¦, §Մարտին, §Պիրոգով¦, §Օտվաժնիյ¦, §Սիֆիդրուտ¦/<8>:

Հետաքրքրական է մի իրողություն ևս. մի շարք ադրբեջանցիներ իրենց նավերը կոչել էին հայկական անվանումներով: Օրինակ՝ Աշուրբեկովի և Ջաֆարովի նավը կոչվում էր §Ավետիք¦, Բաբաշևինը՝ §Մասիս¦, Կուլիևինը՝ §Արշակ¦ և §Խրիստոֆոր¦ և այլն: Նույնիսկ հրեա հանրահայտ Ռոտշիլդների §Մազութ ընկերությանը¦ պատկանող նավը կրում էր §Արամայիս¦ անունը<9>: Կարծում ենք՝ սա միայն հարգանքի և գնահատանքի արտահայտություն չէ, այլ ունի բավականին հեռահար նպատակ. ամեն կերպ բարեհաճություն շահել հայկական շրջանակներում, բթացնել իրենց իրական մրցակիցների զգաստամտությունը և իրագործել հակահայկական մտադրությունները: Խոսքը Հոկտեմբերյան հեղաշրջման, Բաքվի 1918թ.սեպտեմբերին կազմակերպված ջարդի, տարածքային բռնակցումների և այլ իրողությունների մասին է:

Նշենք, որ ժամանակի թերթերը ներկայացնում են հայերի ծովագնացության ուշագրավ փաստեր: Այսպես, պարզվում է, որ 1880-ական թվականներին Կասպից ծովում լողացել է §Հայ¦ անունով շոգենավը: Ըստ §Каспiй թերթի՝ 1885թ. այդ նավով Պարսկաստանից Բաքու էին եկել Փարիզի աշխարհագրական ընկերության անդամներ Հենրի Բենդերը և Էմիլ Գամենը, որոնք զբաղվում էին տարածաշրջանի աշխարհագրական հետազոտություններով<10>:

Դարձյալ թերթերի /§Каспiй¦/ հավաստմամբ՝ 1890-ական թթ. Բաքվում գործել է §Մասիս ընկերությունը¦, որն ունեցել է §Վան¦ անունով շոգենավ: 1894 թ. այն ծովային երթ էր կատարում Աստրախանից դեպի Բաքու: Եվ ահա նավարկության ժամանակ՝ օգոստոսի 7-ին նավում խոլերա է բռնկվում: Այդ է պատճառը, որ Բաքվում շոգենավը կարանտինի է ենթարկվում և կանգնում նավահանգստում դեղին դրոշակով. սա առկա վտանգի նշան էր: Քաղաքում համաճարակ չտարածելու նպատակով բոլոր ուղևորները և նրանց իրերը խստորեն ախտահանվում են<11>:

Ըստ մեկ այլ հաղորդման՝ Բաքվում բնակվող Եղիսաբեթ Սարգսյանը Լոնդոնի նավաշինարաններում պատվիրել էր կառուցել մի շոգենավ, որին տրվել էր §Գրիգոր Արծրունի¦ անունը՝ ի պատիվ նշանավոր տնտեսագետ, հասարակական և մշակութային գործիչ Գրիգոր Արծրունու: Սա հարգանքի և երախտիքի տուրք էր մեծանուն հայորդուն: Այդ նավը Կասպից ծովում սկսել էր երթևեկել 1894թ. մայիսի 1-ից<12>:

Բաքվի հայկականության վկայություններից մեկն էլ արխիվային վավերագրերում պահպանված դրոշմաթղթերի նշումն է: Բանն այն է, որ Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու հաստատությունների տարբեր ֆոնդերում հայ հոգևորականնեըը §Բաքու¦ քաղաքանունը հետևողականորեն և մտածված կերպով տալիս են §Բագու¦ ձևով: Այս եղանակով խորամիտ հոգևոր դասը մեր գիտակցության մեջ արթուն էր պահում հին հայկական §Բագավան¦ անվան հիշողությունը:

Կիլիկյան Հայաստանը Մեծ Հայքի և Փոքր Հայքի հետ միասին եղել է հայ էթնոսի վաղնջական բնակության վայրը: Այս առումով օրինաչափ կերպով այն իշխանության և թագավորության դարաշրջաններում /1080-1375թթ./ ծովային հզոր և համբավավոր երկիր էր: Կիլիկյան Հայաստանը ծովային հաղորդակցության կարևորագույն մայրուղի էր, որը շաղկապում էր Արևելքն ու Արևմուտքը: Հայկական առևտրական ու ռազմական նավերն ակոսել են ծովերի և օվկիանոսների անհունները՝ հասնելով մինչև արևելյան ու արևմտյան հնագույն երկրները<13>: Միջերկրական ծովով կիլիկյան նավերը հասնում էին Կիպրոս, Փյունիկիա, Վենետիկ, Ջենովա, Սիրիա, Եգիպտոս, Թունիս, Մարսել և անգամ Ատլանտյան օվկիանոս:

Կիլիկյան Հայաստանը նաև զարգացած նավաշինության երկիր էր<14>: Այստեղ գործում էր մոտ 25 նավահանգիստ, որոնցից շատերը միջազգային տարանցիկ առևտրական կապերի հանգուցակետեր էին: Այդ նավահանգիստներից ամենամեծն ու հռչակավորը Այաս քաղաք-նավահանգիստն էր, որը գտնվում էր Հայոց ծոցում: Այստեղ շատ էին լինում օտար վաճառականներ և ճանապարհորդներ: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Լևոն Գ արքան կարգադրել է հատուկ ցռկանավ պատրաստել և դրանով ճանապարհել նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոյին<15>: Կիլիկյան Հայաստանի մյուս հայտնի նավահանգիստը Կոռիկոսն էր, որը տեղավորված էր ուղիղ Կիպրոս կղզու դիմաց: Երկրի այլ նավահանգիստներից հիշատակվում են Բայասը, Սելևկիան և այլն: Իսկ Կիլիկյան թագավորության ռազմական նավատորմը հուսալիորեն պահպանում էր երկրի ծովային սահմանը՝ ապահովելով առևտրական նավերի երթևեկը Կիլիկիայի նավահանգիստներ<16>:

Մեկ կարևոր հանգամանք ևս: Կիլիկիայի արքաները մասնակցում էին նաև միջազգային ծովային օրենսդրության մշակմանը: Նրանք պայքարում էին §Առափնյա իրավունքի¦ օրենքի դեմ, ըստ որի՝ ծովափի տերը անարդարացի իրավունք ուներ իր ափի մոտ նավաբեկյալ նավի բեռների, անձնակազմի և ուղևորների նկատմամբ: Կիլիկյան Հայաստանն առաջինն էր, որ հրաժարվեց հակաիրավական և անմարդկային այդ օրենքից<17>: Այս փաստը նշանակալից է այն առումով, որ հայ արքան, լինելով Հայ տեսակի լավագույն մարմնավորումը, պայքարում էր ազնվության, արդարության և բարության աստվածային գաղափարների համար:

Բազմաթիվ սկզբնաղբյուրներ հավաստում են, որ մեր խիզախ և շարժուն նախնիները նավարկել են Վանա, Ուրմիա /Կապուտան/ և Սևանա լճերում, ինչպես նաև Եփրատ, Տիգրիս, Կուր, Արաքս և այլ գետերում: Նույն §Каспiй¦ լրագիրը ծանուցում է, որ Թիֆլիսում գործող §Ծովիանով եղբայրներ և ընկերություն¦ առևտրական տունը 1893թ. դեկտեմբերին պաշտոնապես դիմել է համապատասխան մարմիններին Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի Սևանա լճում շոգենավեր ունենալու ցանկությամբ: Նկատի ունենալով հսկայական ծախսերը՝ առևտրական տունը մենաշնորհ է խնդրում այս գործում 25 տարով<18>:

Կան նաև տվյալներ Կուր գետում հայերի կազմակերպած նավագնացության վերաբերյալ: Այսպես, թիֆլիսեցի Ե. Փիթոյանի ընկերությունը, որը գետի ստորին մասի գլխավոր ձկնորսարանների կապալառուն էր, 1884թ. ձեռք է բերում §Մոլնիա¦ շոգենավը: Վերջինիս պարտականությունն էր 27 վերստ տարածության վրա ետևից կապած նավակներով ձուկը կրել հեռավոր բաժիններից դեպի ընկերության վարչություն և մթերանոց<19>:

Իսկ Պ.Նազարբեգյանցի ձկնորսական ընկերությունը տնտեսական խնդիրները լուծելու համար 1887թ. ձեռք է բերում §Արաքս¦ շոգենավը, որը տարվա բոլոր եղանակներին 222 վերստ երթևեկում էր Կասպից ծովից մինչև Ջավադ գյուղ: Փիթոյանի ընկերությունը 1889թ. աշնանը ձեռք է բերել նոր շոգենավ՝ §Ուրալը¦<20>:

Փորձեր են արվել նաև Արաքս գետում նավարկություն կազմակերպելու ուղղությամբ: §Արաքս¦ շոգենավը 1889թ. մարտի 18-ին առաջին անգամ ջանքեր է գործադրում նավարկել Արաքսով և բարձրանում է մինչև 20 վերստ: Սա խիզախ քայլ էր, քանի որ գետը բավականին արագընթաց է, առավել սակավաջուր, քան Կուրը<21>:

Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում խորհրդարանը և կառավարությունը, ի թիվս այլ խնդիրների, լրջորեն զբաղվում էին նաև նավագնացության հարցերով՝ նպատակ ունենալով վերականգնել հայկական նավատորմը և ծովագնացության վաղագույն ավանդույթները: Օրինակ՝ Հայաստանի խորհրդարանը 1919թ. հուլիսի 8-ին օրենք է ընդունել Արաքսի վրա լաստանավ շինելու համար վարկ տրամադրելու մասին: Այն նախատեսվում էր կառուցել Արալըխ /այժմ՝ Գրիբոյեդով/ գյուղի մոտ<22>:

Այս առումով մեծ ուշադրություն էր դարձվում երկրի հիմնական ջրատարածքի՝ Սևանա լճի վրա՝ մտադրություն ունենալով շահագործել առկա հարուստ ձկնապաշարները: Այս նկատառումով օրենսդիր մարմինը 1920թ. մայիսի 14-ին օրենք է հրապարակում Սևանա լճի և ձկնաբուծական կայանի կառավարչի համար շարժչանավակ տրամադրելու մասին: Նախատեսվում էր նաև լրացուցիչ վարկ տալ գյուղատնտեսության և պետական գույքի նախարարությանը՝ ձկնաբուծական գործարանի պիտույքները հոգալու մասին<23>:

Հեռագնա ծրագիր էր մշակվել Սևանի բոլոր ափերը միացնել նավային հաղորդակցությամբ և աստիճանաբար զարգացնել նավագնացությունը: Արդեն 1920թ. սեպտեմբերից սկսած լճում նավարկում էր առաջին շոգեմակույկը: Մի քանի շաբաթ հետո սկսեց գործել §Աշոտ Երկաթ¦ ռազմանավը՝ մեկ արագահար թնդանոթով: Կառավարությունը քայլեր էր ձեռնարկում ավելի մեծ տարողությամբ շոգենավ կառուցելու համար: Սեպտեմբերի 3-ին Շահթախտիից Երևան բերվեց §Սեստրիցա Նյուշա¦ շոգենավը, որ ռուսները ցանկանում էին Վան տանել, բայց անբարենպաստ հանգամանքների բերումով թողել էին կես ճանապարհին: Նավն անվանակոչվեց §Գեղանույշ¦ և նույնպես պետք է փոխադրվեր Սևան<24>: Այս առնչությամբ խորհրդարանը օրենք է ընդունում այդ նավը Երևանից Ելենովկա /այժմ՝ Սևան քաղաք/ տեղափոխելու համար վարկեր տրամադրելու մասին:

Սևանում նավագնացության վերականգնման և զարգացման գործի նախանձախնդիր գործիչներն էին խորհրդարանի պատգամավոր Տիգրան Ծամհուրը /§Ծովակալ Սեմյուր¦/ և երիտասարդ ծովային սպա Թումանյանը: Վերջինս հոր՝ պրոֆեսոր Թումանյանի հետ եկել էր Բեսարաբիայից: Հայրն զբաղվում էր դրամների տպագրության գործով, իսկ ինքը նվիրվել էր հայկական նավատորմի ստեղծմանը<25>:

Քաղաքակրթական դաժան և անզիջում պատերազմի իրավիճակում ռազմավարական մեր հակառակորդները նպատակասլաց և հետևողական ջանքերով կարողացել են մեզ զրկել ծովերից՝ դրանով իսկ խաթարելով Հայաստանի բնականոն զարգացումը:Սա մեր մեծագույն վրիպումն էր, որը մեզ վրա շատ թանկ նստեց: Դրա հիմնական պատճառը ազգային համակարգի և ռազմավարության բացակայությունն էր: Մեր կարծիքով՝ այսօրվա աշխարհաքաղաքական բարդ կացության մեջ դեպի ծով ելք ունենալը լուրջ խնդիր է և պետք է շուտափույթ հասնել այդ հարցի լուծմանը: Հարկավոր է ամեն գնով դուրս գալ մեկուսացումից ու կերտել առավել հզոր ու կենսունակ պետություն: Քաղաքական ճիշտ հաշվարկների և ճկուն խաղի շնորհիվ մենք կարող ենք իրականացնել այս սևեռուն գաղափարը:

ՆԱՀԱՏԱԿՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԱՂԱՍՈՒ

NAHATAKYAN RUBEN

EPISODES FROM THE HISTORY OF ARMENIAN SAILING

SUMMARY

The publication presents the fact that Armenia is the cradle of the Armenian and world civilization and a great thalassic empire. The author gives conceptual substantiation to this basic provision revealing the Armenian nature and mission.

The article touches upon the perceptible role of the Armenians in sailing which is closely related to their culture creating (culturtreger) function.

Restoration of old high rating of the Armenian sailing and the main problem of access to waters has urgent strategic importance and superior value.

Н А А Т А К Я Н Р У Б Е Н

Фрагменты из истории мореходства в Армении

Р Е З Ю М Е

В публикации представлен факт о том, что Армения является колыбелью Армянской и всемирной цивилизации и морской могучей державой. Эту основную позицию автор обосновывает концептуально, раскрывая сущность и предназначение армян.

В статье описывается ощутимая роль армян в сфере мореходства, которая тесно связана с их культуртрегерной функцией.

Восстановление некогда высокого рейтинга армянского мореходства и проблема имения выхода к морю имеет стратегически важное и приоритетное значение. Մամուլի և գրականության ցանկ

1. Л.Аветисян, Эти удивительные армяне, Ереван, 2014г.

2.Խ.Դադայան, Հայերը և Բաքուն, Երևան, 2006թ:

3. Ծովի մշակույթը մարդկության մշակույթն է քաղաքակրթությունների երկխոսությունում, /§Այաս ծովային հետազոտությունների ակումբի¦ 25-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, 2010թ. մայիսի 14-16/, Երևան, 2011թ.:

4. Հայաստանի Հանրապետության պառլամենտի օրենքները /1918-1920թթ./, Երևան, 1998թ.:

5. §Մեղու Հայաստանի¦, 22.05.1883թ., 01.10. 1885թ.:

6. Վ.Մկրտչյան, Կիլիկյան Հայաստանի բանակը, Երևան, 2008թ.:

7. §Մշակ, 04.04.1894թ., 09.06.1894թ., 13.08. 1894թ. :

8. Ա.Մովսիսյան, Հայոց գաղափարախոսության մի քանի հնագույն հիմնադրույթների մասին.- §Հայաստանի Հանրապետություն¦, 04.05.2002թ.:

9. §Նոր-Դար¦, 14.03.1890թ.:

10. Ս.Վրացյան, Հայաստանի Հանրապետութիւն , Փարիզ, 1928թ.:

 

<1> Ա.Մովսիսյան, Հայոց գաղափարախոսության մի քանի հնագույն հիմնադրույթների մասին.- §Հայաստանի Հանրապետություն¦, 04.05.2002:

<2> Л.Аветисян, Эти невероятные армяне, Ереван, 2014, с.148.

<3> §Մեղու Հայաստանի¦, 22.05.1883:

<4> Նույն տեղում:

<5> Խ.Դադայան, Հայերը և Բաքուն, Երևան, 2006, էջ 44:

<6> Նույն տեղում:

<7> Նույն տեղում:

<8> Նույն տեղում, էջ 44-45:

<9> Նույն տեղում, էջ 45:

<10> §Մեղու Հայաստանի, 01.10.1885:

<11> §Մշակ, 13.08.1894:

<12> §Մշակ, 09.04.1894:

<13> Վ.Մկրտչյան, Կիլիկյան Հայաստանի բանակը, Երևան, 2008, էջ 44:

<14> Նույն տեղում, էջ 47:

<15> Նույն տեղում, էջ 47-48:

<16> Նույն տեղում, էջ 51:

<17> Նույն տեղում, էջ 51-52:

<18> §Մշակ, 04.06.1894:

<19> §Նոր-Դար, 14.03.1890:

<20> Նույն տեղում:

<21> Նույն տեղում:

<22> Հայաստանի Հանրապետության պառլամենտի օրենքները /1918-1920թթ./, Երևան, 1998, էջ 131:

<23> Նույն տեղում, էջ 392-393:

<24> Ս.Վրացյան, Հայաստանի Հանրապետութիւն, Փարիզ, 1928, էջ 392-393:

<25> Նույն տեղում:

0 views0 comments

Recent Posts

See All

Comentarii


bottom of page