Հայոց հազարամյա պատմության քառուղիներում շատ են պետականության արժանավոր գործիչներն ու պետականաշեն ազնվական դասի փայլուն դեմքերը, որոնք ամեն ինչ արել են մեր պետությունը ամրացնելու և հարատև դարձնելու ազգաշահ գործում: Խոնարհում և խնկարկում նրանց անձի և գործի նկատմամբ: Այդպիսի խարիզմատիկ մի առաջնորդ էր Թեոդորոս Ռշտունին(ծննդյան թիվն անհայտ-654), որը թերևս, ամբողջությամբ և խորությամբ գնահատված չէ:
Նա շատ հայտնի Ռշտունիներ ազնվական տոհմի ներկայացուցիչներից մեկն էր: Փառապանծ այս տոհմը սերում է Գեղամ Հայկազունու որդի Սիսակի շառավիղներից: Նախարարական կարգն ու աստիճանը շնորհել է մ.թ.ա. II դարում Վաղարշակ արքան: Այս տոհմի սեփականությունն էր Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառը, իսկ իշխանանիստը՝ Ոստանն էր: Պետականության աննկուն զինվորն ու հմուտ կերտիչը YII դարի փոթորկալի դեպքերի հորձանուտում էր: Նա հսկայական ջանքեր էր գործադրում և խորամիտ քայլեր անում: Հենց այս գործիչը ցրում է այն սին ու անհիմն պատկերացումը, թե Հայաստանում պետականությունն ունեցել է ընդհատումներ: Ասենք, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ես զարմանում եմ որոշ պատմաբանների ծանծաղ և մակերեսային դիտարկումների վրա, որոնք փորձ չեն անում թափանցել պատմության խորքերը և կատարել ճշգրիտ եզրահանգումներ: Այնպես որ, մեզանում պետականությունը միշտ է եղել, և միասնական շղթան երբեք չի ընդհատվել:
Նա հմուտ և շրջահայաց դիվանագետ էր ու կենսական մեծ փորձ ուներ: Բյուզանդիայի ճնշումները Ռշտունին հավասարակշռեց արաբների հետ դիվանագիտական և գործընկերային հարաբերություններ հաստատելով: 652թ. նա դաշնակցային պայմանագիր է կնքում Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ՝ երկիը զերծ պահելով արշավանքներից և ավերածություններից: Ավելին, զորավարը արաբական զորաբանակի միջոցով կարողանում է ջարդել ներխուժած բյուզանդացիներին և ազատագրել հայկական տարածքները: Այսինքն՝ իր գործելակերպով նա ապացուցում էր, որ կարևորը ազգային և պետական շահերն են: Կարելի է դաշնակցել նաև մահմեդական արաբների հետ, որը երբեք էլ չի հակասում քրիստոնեական դավանանքի սկզբունքներին: Այս պարագան ինչ-որ չափով զսպեց Բյուզանդիային: Տաղանդավոր պետական գործիչը լայնախոհ և զգաստամիտ ղեկավար էր, որից շահում է և երկիրը և ժողովուրդը:
Թեոդորոս Ռշտունին ունեցել է մեծ հեղինակություն և համբավ, որին կնախանձեին անգամ արքաները: Եվ ի վերջո նա իսկական թագավոր էր իր բոլոր
հատկանիշներով և բարեմասնություններով: Ռշտունին Հայաստանի մարզպան էր նշանակված, որը հաջող զարգացումների հետևանքով և տրամաբանությամբ կարող էր և լինել պաշտոնապես հռչակված արքա: Ցավոք, ինչ-ինչ հանգամանքերի բերումով դա չհաջողվեց: Բայց այս տխուր փաստը չի փոխում իրադարձության բուն խորհուրդը:
Հայոց իշխանը զգում էր պատասխանատվության իր դեըը և արագ կենտրոնանում դեպքերի զարգացման վրա՝ միշտ զգալով ժամանակի զարկերակը: Սա հազվագյուտ շնորհ է, որը կառավարելի է դարձնում անկառավարելին և կանխատեսելի՝ անսպասելին: Ուշագրավ իրողություն է այն, որ Ռշտունին զգալիորեն նպաստել է հետագայի Բագրատունիների պետության ստեղծմանը՝ կերտելով դրա նախադրյալները: Սա արդեն պատմական ծանրակշիռ ծառայություն է:
Թեոդորոս Ռշտունին իսկական առաջնորդ էր և բացարձակ հեղինակություն, որի հետ հաշվի էին նստում և խորհրդակցում: Նա դիվանագիտական ճկուն կապեր էր հաստատել Արաբական խալիֆաթի և Բյուզանդիայի հետ: Մեծատոհմիկ այս այրը փարատում է մեկ սխալ պատկերացում ևս. տարածված է այն կարծիքը, թե հայերս դիվանագետ չենք; Բնավ էլ այդպես չէ: Արաբները բավականին բարձր էին գնահատում հայերի և Հայաստանի դերը տարածաշրջանում՝ ստեղծելով Արմինիա վարչական միավորը: Ի դեպ, այդ միավորի մեջ էին մտնում նաև Վիրքն ու Աղվանքը, որոնք պետական և հոգևոր առումով հանապազ ձևով եղել են Հայոց քաղաքակրթության ծիրում: Բյուզանդիան ևս խորապես գնահատում էր մեր վաստակը և Ռշտունու կերպարը:
Ռշտունին սթափ և զգաստ գործիչ էր, որը հաշվի էր առնում թշնամու դավերն ու սադրանքները: Բայց, ցավոք, միշտ չէ որ այդպես է: Այսպես, 705թ., նրա մահվանից տարիներ հետո, արաբները որոշում են օգտագործել հայկական դյուրահավատությունն ու պարզամտությունը և ոչնչացնել ազնվականության մի մասը, որպեսզի բացառեն հակաարաբական ապստամբությունները: Պատրվակ էր ընտրվել ազնվականների ռոճիկը կարգավորելը և 653թ. հայ-արաբական պայմանագիրը հաստատելը: Նախճավանի և մոտակա Խրամ գյուղի եկեղեցիներում վերացվում է 1200 ազնվական, որը ծանր կորուստ էր մեզ համար: Միամտության գինը ծանր է ու շոշափելի: Դա տեղի է ունեցել 703թ. և 705թ. Սմբատ Բյուրատյան Բագրատունու ղեկավարած ապստամբություններից հետո: Արյունոտ այս դիպվածը ևս պատմական դառն դաս է, որն այլևս չպետք է կրկնվի:
Թեոդորոս Ռշտունին պատմական գործընթացների նկատմամբ ուներ կշռադատված և տրամաբանված մոտեցումներ: Ինչի մասին է խոսքը: «Աշխարհը հաշվի է նստում միայն ուժեղի հետ» հիմնադրույթը վճռում է ամեն ինչ: Հույսը պետք է դնել
միայն քեզ վրա և կազմակերպել ցեղի բոլոր ուժերը: Դա հայակենտրոնության և ուժի իմաստասիրությունն է: YII դարում Մերձավոր Արևելքում կտրուկ փոխվում է քաղաքական իրավիճակը: Ասպարեզ է գալիս Արաբական խալիֆաթը, որը ձևավորվում է Մահմեդի վարդապետության առանցքի շուրջ:
Իսկ Հայաստանն այդ ժամանակ գտնվում էր շատ բարդ, անգամ խնդրահարույց կացության մեջ: Բանն այն է, որ խախտվել էր երկրի ամբողջականությունը կրոնադավանաբանական վեճերի և կենտրոնախույս ձգտումների հետևանքով: Պետք էր վերականգնել պետության ամբողջականությունը և հասնել լիակատար անկախության: Պատմական այդ դերը հիանալի կերպով կատարեց փայլուն ռազմավար և պետական խորաթափանց գործիչ Թ.Ռշտունին:
Վերջինս իր հայրենիքում ստացել էր ազհվականական բարձր կրթություն և դաստիարակվել հայրենապաշտության ոգով: Բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով նա մեծանում է պարսից արքունիքում, օտար երկրում: Ռշտունին սկզբում նշանակվում է մարզպանական Հայաստանի սպարապետ(628թ.), ապա մարզպան(634թ.): Ճկուն և հմուտ քաղաքականությամբ նա կարողացել է մեծ հաջողությունների հասնել մերձավորարևելյան գործընթացներում: Պատմական թատերաբեմից հեռանում էր Սասանյան Իրանը, որը դրական հանգամանք էր մեզ համար: Ռշտունին հասնում է ռազմավարական մեծ հաջողության. 639թ. նա անխոնջ ջանքերով միավորում է Հայաստանի պառակտված հատվածները և վերականգնում հայրենիքի ամբողջականությունը: Նկատի ունենք Արևելյան և Արևմտյան Հայաստանները: Բյուզանդական կայսրը նրան շնորհում է պատրիկի և կյուրապաղատի տիտղոսներ: Բարեպատեհ այս երևույթը ցավալիորեն տեղի չունեցավ 1918թ. բախտորոշ պատմական մի ակնթարթի, երբ մենք կորցրինք մեր հայրենիքի մեծ մասը:
Հայոց իշխանը համապարփակ մտածող էր և գիտեր, որ պետք է անդադրում ձևով հզորացնել երկիրը, ամրացնել բերդերը, բարձրացնել բանակի մարտունակությունը և ուժեղացնել ազգային ոգին: Նա նաև նպատակասլաց էր և համառ կամքի տեր: 640թ. արաբներն առաջին անգամ ներխուժեցին Հայաստան՝ ավերելով և կողոպտելով երկիրը, ապա հեռացան: Այդ պահին երկրի ղեկավարը պատրաստ չէր հակադարձել, բայց 643-646թթ. հայկական զորքերը պարզապես ջախջախեցին ելուզակներին և դուրս շպրտեցին Հայաստանից: Փաստորեն, Ռշտունին նաև համարձակ և անվախ գործիչ էր, որը բազմիցս հաղթանակել է ռազմի դաշտում:
Նա լուրջ հակահարված Է հասցրել նաև հոգևոր ոտնձգություններին և պառակտումներին՝ մերժելով բյուզանդացիների համառ ջանքերը քաղկեդոնական դավանանք արմատավորելու հարցում: 648թ. Դվինի եկեղեցական ժողովում
Հայաստանի իշխանը մերժում է այդ սպառնալիքը: Այն գումարվել է Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցու և իշխան Թեոդորոս Ռշտունու օրոք: Սա ևս ռազմավարական էական նշանակություն ուներ, քանի որ ամրացնում էր մեր ինքնությունն ու անվտանգությունը:
Ցավոք, Հայոց իշխանը հիվանդանում է և քաշվում իր սիրած Աղթամար կղզին: Բայց ներքին պղտոր և հատվածական տրամադրություններն ու կենտրոնախույս ձգտումները մի պահ գլուխ են բարձրացնում: Նախարարներից ոմանք դժգոհում են նրա քայլերից և որոշում են երկիրը բաժանել իրենց միջև: Դրանից անմիջապես օգտվում են արաբներն ու հարձակվում Հայաստանի վրա: Նրանք ավերում են երկիրը և պատանդներով վերադառնում տուն: Ասպետական էությամբ Ռշտունին անտարբեր չի մնում, այլ ինքը միանում է պատանդների խմբին և մեկնում Արաբիա: Նրա նպատակն էր վերադարձնել ազնվական պատանդներին և վերանորոգել հայ-արաբական պայմանագիրը: Սակայն 654 թ. մեծանուն պետական այրը մահանում է օտարության մեջ՝ Դամասկոսում:
Ժողովուրդը բարձր է գնահատել արժանավոր իր զավակին: Դրա լավագույն վկայությունն այն է, որ «Սասնա ծռերում», ըստ հայագետ Մանուկ Աբեղյանի դիտարկման, Թեոդորս Ռշտունու կերպարը մարմնավորվել է Քեռի Թորոսի և իշխան Թևաթորոսի անձերում: Նշենք, որ վերջին անձնանունը նշանակում է արագաշարժ, թևավոր Թորոս: Իսկ եռանդուն և աշխույժ մտքի տեր Ռշտունին հենց համապատասխանում է այդ կերպարին: Նրա մասին պատմավեպ է գրել անվանի գրող Ծերենցը(Հովսեփ Շիշմանյանը):
Միով բանիվ, Հայոց իշխանը հայեցակարգային կարևոր մոտեցումներ ուներ ազգի և հայրենիքի ճակատագրի առումով: Նա լուրջ ջանքեր էր գործադրում, որպեսզի հայերը հավաքվեն իրենց երկրում և չլքեն Հայաստանը: Այս դրույթն այժմ արդիական իմաստ ունի և կարող է նպաստել մեր ազգահավաքին և հողահավաքին: Այնպես որ, նրա գործունեությունն ու կերպարը կազմակերպող և ներդաշնակեցնող դեր են կատարում: Թեոդորոս Ռշտունին պետական գործչի և դիվանագետի օրինակելի կերպար է, որին կարող են հետևել ժամանակակից կառավարիչները: Նա պետական ձիրքերով օժտված գործիչ էր և մարմնավորում էր հայի լավագույն գծերը: Հայրենանվեր գործիչը բարի համբավ թողեց և բարձր պահեց հայոց պետականության վարկանիշը: Մենք պետք է երիտասարդներին դաստիարակենք նրա ոգով և դավանած սկզբունքներով:
Ռուբեն Նահատակյան
պատմաբան, հայագետ
21.07.2020թ.
Comentarios