1.Հայկական հանրության մեջ պետք է սերմանել մեզ ներհատուկ զգաստամտություն, կազմակերպվածություն, ճշգրտություն և ոգու ամրություն: Բնության և Տիեզերքի կանչը զարմանալիորեն հայերեն է հնչում ու նման է օրհներգի:
2.Հայությունը պատմության փոթորկահույզ խաչուղիներում միշտ եղել է անտրոհելի և ամբողջական: Սա մեր էության բնույթն է և յուրահատկությունը:
3.Հայոց բանակը չպետք է տարանջատել հայկական հասարակությունից, որպեսզի դրանք կրկին լինեն շահեկան միասնականության մեջ: Բանակը պետք է հանրայնացնել, իսկ հասարակությունը՝ ռազմականացնել:
4.Միասնական կանոններով ապրող հանրությունը պետք է ունենա հատուկ կառույց և դրան բնորոշ գործառույթներ: Դա է հաջողության գրավականը:
5.Կրթությունը, դաստիարակությունը և ընտանիքն ունեն յուրատեսակ ազգային բնույթ, որն էականորեն տարբերվում է այլ հասարակությունների համանման ինստիտուտներից, օրինակ՝ Շվեյցարիայի հանրային կառույցից:
6. Այժմ մենք չպետք է թուլացնենք հաղթանակող այդ ոգին և մարտականությունը՝ ձևափոխելով մեր հասարակությունը համապատասխան ձևով:
7.Պատերազմը նաև յուրօրինակ ուսուցանող է, քանի որ մեզ ապացուցեց, որ հայրենիքից բարձր հասկացություն չկա: Անգամ կյանքն ստորադասվում է հայրենիքին:
8. Ապականված և ձևախեղված նախկին հասարակությանը վերադարձը դավաճանություն է մեր հաղթանակներին: Դա ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ:
9.Սրբազան հայոց հողը ներծծված է փառապանծ մեր նախնիների և արդի մշտահաղթ հերոսների արյունով: Հարկավոր է հարգել այս իրողությունը և նվիրագործել ավանդված պատվիրանները:
10. Զինվորական դասը պետք է չզիջի իր հաղթանակները և հանրությունը կառուցի հաղթական իր ոգով և մտքով: Մեր պատերազմը քաղաքակրթական է և ունի համաշխարհային նշանակություն ու որոշում է մարդկության զարգացման ապագան:
Էռնեստ Գրիգորյան, սոցիոլոգ, պրոֆեսոր
Ռուբեն Նահատակյան, պատմաբան, վերլուծաբան
«Օրիոն» լրատվական կենտրոն
05.10.2020թ.
Comentários