top of page
  • Writer's pictureAnna Zakharyan

ՄԱՐԴԸ ՄԵՂԵԴԻ Է…

(քնարական խոհեր) Մարդը չքնաղ մի մեղեդի է, որը հնչում է միայն իրեն հատուկ հնչյուններով ու ռիթմով: Ընդ որում, այդ նվագը ներդաշնակվում է Բնության և Տիեզերքի մելոսի հետ, քանի որ նա կտրված չէ ոչնչից, այլ կազմում է գեղեցիկ մի ամբողջություն: Մարդը բնությունից վերցնում է այն, ինչ իրեն անհրաժեշտ է; Եվ սա նման է հեքիաթի և այն էլ զարմանահրաշ հեքիաթի:

Եթե մարդու մեղեդին քեզ համար հարազատ է և հոգեմոտ, ապա ստեղծվում է սերտ կապ հոգեկան կամրջի տեսքով: Այդ պարագայում գործում է երջանկության և երանության վիճակը, որը վերածվում է նիրվանայի: Մեզ այնքան քիչ բան է հարկավոր իսկական երջանկության և վայելքի համար: Իսկ մենք հայտնվում ենք եթերային մի վիճակում, երբ երկինքն ու երկիրը փարվում են իրար՝ ազդարարելով կյանքի օրհներգը: Այն էլ ասենք, որ մեղեդին ալիքների և հաճախությունների մի ընթացք է, որը առաջնորդում է դեպի հաճելի մի ճամփորդության: Երբ հոգին մաքուր և անեղծ է, ապա հիշեցնում է զանգակ, որը հնչեցնում է վայելքի գրավիչ նվագը: Թվում է, թե դու մի սքանչելի տաճարում ես և ունկնդրում ես հոգևոր երաժշտություն: Մարդկանց մտերմության և բարեկամության հիմքը փաստորեն ներքին այդ մեղեդին է, որը մշտահունչ է և արարչական: Իսկ մեղեդիները բնության մեջ և Տիեզերքում բազմազան են և յուրօրինակ: Կոմպոզիտորները ներքին լսողությամբ լսում են դրանք և վերածում երաժշտական հրաշքի: Ամենուրեք խրախճանք է և հույզերի հանդես: Միայնակ մարդու նվագը թախծոտ է և տրտմալի, որը կարող է հասցնել ինքնամեկուսացման մղձավանջի: Խրախճանասեր և կենսախինդ մարդը նմանվում է գեղահունչ նվագարանի, որի նոտաները մեզ հրամցնում են կյանքն ըմբոշխնելու անկրկնելի պահեր: Երբ մարդը լիաթոք ծիծաղում է, թվում է, թե նվագում է նրա հոգու երգեհոնը՝ քեզ զարմացնելով ձայներանգի ելևէջներով: Այո, կյանքը տոն է և այն էլ արժեքներ ընկալող մարդկանց շնորհիվ: Իսկ լույս ճառագող ժպիտը կարող է քեզ հասցնել խենթության: Եթե մարդու մեջ հնչում է տառապանքի և հուսալքման մեղեդին, ապա հոգևոր կամուրջները փլուզվում են և հոգիների կապը խաթարվում է: Սա էլ է օրինաչափություն, գուցեև դրամատիկ մի իրողություն: Կենդանիների և թռչունների անզուգական ձայները բնություն կոչվող օպերայի ապշեցուցիչ արարներ են, որոնք մեզ սովորեցնում են ապրել և գայթակղվել գեղեցկության առեղծվածով: 2 Լսում ես մարդու մեղեդին և քո մեջ արթնանում է բանաստեղծը, երաժիշտը, երգահանը, կյանքի արժեքն իմացողը, որը համ ու հոտ է տալիս կեցությանը: Ունկնդիր լինենք մեր ներքին երգին ու նվագին, որը կեցության իմաստն է և տրամաբանությունը: Այդ դեպքում կարող ես ըմբոշխնել բազում ձայներն ու հնչյունները և քեզ զգալ որպես բնության հարազատ զավակ: Իսկ սա արդեն բարձրագույն ընկալում է և զգացողություն: Թող կյանքը հարատև լինի և այդ համանվագում հնչեն մարդու ներքին թրթիռները: Կեցության արբեցումն ամեն ինչ է, իսկ բարդույթները՝ ոչինչ: Երկնային թագավորությունը ևս լի է այլազան մեղեդիներով և նրբին ալիքներով: Աստղերը, միգամածությունները և մոլորակներն էլ իրենց ձայնային աշխարհն ունեն և մեզ ապշեցնում են իրենց նրբազեղ գեղգեղանքներով: Ամենուրեք սեր է ու խնդում և ամեն ինչ Աստծո ալիքի վրա է: Ե՛վ անվերջ է այդ մեղեդին, և՛ անվախճան հիացմունքի պահը, քանի որ մարդիկ ստեղծարար սարդի նման հյուսում են իրենց սարդոստայնը: Հույն նշանավոր իմաստասեր և մաթեմատիկոս Պյութագորասը ունկնդիրն է եղել երկնային երածշտության: Այո, մենք վերակերտում և վերամարմնավորում ենք բնական ու տիեզերական հնչյունները՝ դրանց հաղորդելով մեր հնչյունն ու թրթիռը: Կեցությունը, հիրավի, կառուցված է գեղեցկի ու վեհի սկզբունքներով, միայն թե դա պետք է կարողանալ ընկալել և վերաիմաստավորել: Գռեհկությունը, խաբեությունը և վայրագությունը աղարտում են այս աշխարհը և կյանքի դրախտը վերափոխում իսկական դժոխքի: Սա պետք է մշտապես նկատի ունենալ: Փառաբանենք Բարձրյալին և լինենք նրա էությանը հարազատ: Դրական և բարի զգացումները մեզ հասցնում են երկինք՝ դեպի Աստծո արքայություն: Ռուբեն Նահատակյան 21.04.2020թ.

1 view0 comments

Recent Posts

See All

Интуиция & Интеллект

Так уж распорядилась эволюция, но Интуиция в большей степени присуща женщинам, а Интеллект – мужчинам, хотя оба эти качества, безусловно, присутствуют и у тех, и у других, только в  разных пропорциях.

Kommentare


bottom of page