top of page
  • Writer's pictureAnna Zakharyan

Սցենարով «թուրքական վիլայեթ»...

Իշխանական ու ընդիմադիր մեր գործիչներից շատերը՝ փորձի պակասի, թե դրսի ուժերի ազդեցությամբ, անցած երեսուն տարիների կադրային ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում չկարողացան տնտեսական զարգացում ապահովել։ Փոխարենը ինտենսիվորն քանդեցին ու թալանեցին երկիրը։ Թուլացրին բանակը, անվտանգության ողջ համակարգը։ Գրեթե զրոյական մակարդակի հասցրին կրթությունը, գիտությունն ու կենսական անհրաժեշտ մյուս ոլորտները։ Անելանելի թվացող իրավիճակից դուրս գալու համար պետք է ազգովի հասկանանք, թե. 
- ինչու՞ և ինչպես հայտնվեցինք այս ճահճուտում և ու՞մ մեղքով, 
- ի՞նչ օպտիմալ, ոչ գծային լուծումներ կան։  
Սկսենք 2015 թվականին ընդունված չարաբաստիկ Սահմանադրության «սցենարից», որից էլ, կարծես թե, սկսվեցին մեր գլոբալ պրոբլեմները։ Պատերազմական վիճակում գտնվող  Հայաստանը, չգիտես ինչու,  Նախագահական կառավարման համակարգից անցավ  Խորհրդարանական կառավարման համակարգի։ Մեկ տարի անց՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում,  թշնամին հարձակվեց մեր դիրքերի վրա և փորձեց ստուգել մեր մարտական պատրաստության վիճակն ու պաշտպանական գոտիների ամրությունը։  Հաջորդ քայլը 2018 թ. մարտի 2-ին էր, երբ ՀՀ խորհրդարանը Բրիտանիայի թագավորական ընտանիքի մտերիմ Արմեն Սարգսյանին  ընտրեց Հայաստանի չորրորդ Նախագահ։  
Զուգադիպության, թե պատահականության սկզբունքով էլ 2018 թ. ապրիլին Հայաստանում «Թավշյա հեղափոխություն» կատարվեց։ Նոր իշխանությունը ՀՀ զինված ուժերում և ուժային մյուս կառույցներում սկսեց կադրային տարօրինակ փոփոխություններ կատարել։ Անհասկանալի քաղաքականության արդյունքում ավելի խորացան նախորդ վարչախբերի թույլ տված սխալներն ու բացթողումները։ Իշխանությունը չկարողացավ կամ, գուցե, չհասցրեց կառավարման իր երկու տարիների ընթացքում (մինչև քառասունչորսօրյա պատերազմի սկսվելը) նորագույն զենքերով, զինատեսակներով ու հանդերձանքով վերազինել ՀՀ զինված ուժերը։ Չնայած, որ Հայաստանը, մինչև այդ էլ, լրջորեն չէր նախապատրաստվել պատերազմին։ 
Նման խառնաշփոթ վիճակով էլ ներքաշվեցինք 44-օրյա պատերազմի մեջ ու վերջնարդյունքում հայտնվեցինք կործանարար մի ճահճուտում, որից դուրս գալու իրական ճանապարհը, կարծես թե, չենք տեսնում։ Նույնիսկ, երբ Արցախում և Հայաստանում Ճգնաժամն ու խառնաշփոթը էլ ավելի է խորանում։ Հիպնոսացվածի նման չենք էլ նկատում, որ Արևմուտքը 2015թ. հայաստանյան սցենարը նույնությամբ կրկնում է նաև Արցախում, արդեն 2022թ. վերջերին։ Այս անգամ էլ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մտերիմ Ռուբեն Վարդանյանն է Արցախում վարչապետ նշանակվում։ Կարծես թե Մեծ Բրիտանիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը  Արցախում։ Հավանաբար շուտով նոր «ցավոտ» զարգացումների ականատեսը լինենք, քանի որ հաջորդ քայլերը դժվար չէ կանխատեսել։ Ադրբեջանն ու  Թուրքիան պատերազմի ու բնակչության բնաջնջման սպառնալիքով կստիպեն արցախցիներին ու Հայաստանին կատարել իրենց բոլոր պահանջները։  
Եթե ոչ հիմա, ապա առաջիկայում պարզել է պետք, թե ինչպե՞ս ներքաշվեցինք քառասուչորսօրյա պատերազմի մեջ և ինչու՞ պատրաստ չէինք պատերազմին։ Կամ ի՞նչպես եղավ, որ հսկայական տարածքներ հանձնելուց հետո էլ ենք  կաշկանդված և չենք էլ փորձում թշնամուն սաստել ու վտարել մեր սահմաններից։  «Սյունիքի միջանցք» բացելու խնդիրն էլ կարծես առուծախի առարկա է դարձել։ 
Տարածաշրջանում արհեստականորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ փորձում են Հայստանը ներքաշել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խաղերի մեջ և մեր միջոցով հարցեր լուծել։ Չպետք է թույլ տանք, որ որևէ երկրի դեմ երկրորդ ճակատը բացվի Հայաստանում, քանի որ այն ոչ մեզ է ձեռնտու, ոչ էլ՝ քաղաքակրթական ուրույն բնօրրան հանդիսացող, Իրանի Իսլամական Հանրապետության նման դարավոր մեր հարևանին։ 
Ո՞րն է մեր հաջորդ քայլը, եթե խառնաշփոթ ու անորոշ վիճակ է ոչ միայն Արցախում, այլև՝ Հայաստանում։ Նման մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ են օպտիմալ, ոչ գծային լուծումներ, քանի որ ուկրաինական պատերազմում ներքաշված Ռուսաստանը, այս պահին, ֆիզիկապես ի վիճակի չէ օգնել մեզ, քանի որ չի ուզում Արևմուտքի կողմից պատրաստված հայաստանյան ծուղակում հայտնվել և երկրորդ ճակատով կռվի մեջ մտնել նրանց հետ։ Մենք, անգամ, բարոյական իրավունք չունենք որևէ այլ երկրի, այդ թվում նաև Ռուսաստանին, մեղադրել դաշնակցային պարտականությունները չկատարելու մեջ, քանի որ ինքներս ենք դավաճանաբար վարվել սեփական ժողովրդի հետ,  հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի մեր պարտավորությունից, թողել մարդկանց  բախտի քմահաճույքին, դեմ-հանդիման արյունարբու թշնամիների հետ։ Արցախյան և հայաստանյան հատվածների բոլոր իշխանավորները պետք է լավ իմանան, որ գոյություն ունի Աստված, նաև՝ Արդարություն։ Եղեք բարոյական, քանի որ Արցախի կորուստը սերնդեսերունդ էլ չեք մարսի։  
Արժանապատվություն ու ինքնասիրություն ունեցող ցանկացած հայ  պարտավոր է սեփական խնդիրները  ինքնուրույն լուծել, պաշտպանել ոչ միայն իր տունը, այլև՝ հայրենիքն ու հարազատներին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հուսալի հարևաններին։ Այս արժեքները մենք ժառանգել ենք Նախնիներից և սա է միակ ճիշտ ճանապարհը։ Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, հիմա էլ հույսը դնել ներքին խառնաշփոթի մեջ հայտնված Եվրոմիության վրա, ով Հայաստանի հանդեպ չունի որևէ պարտավորություն։ 
Կարծում եմ, որ ամենահուսալի և բազմիցս փորձարկված լուծումներից մեկը, այնուամենայնիվ, սեփական ժողովրդին ու զինված ուժերին ապավինելն է։ Առանց երկար բարակ մտածելու անհրաժեշտ է սթափվել, կարճ ժամանակամիջոցում վերազինել, վերակազմավորել, հոգեբանորեն պատրաստել բանակն ու ժողովրդին։ Գտնել թշնամու թույլ կողմերն ու հարմար պահի արժանի հակահարված տալ, ինչը իրատեսական ու իրականանալի է։ Պարտավոր ենք նաև հիշել, որ ցանկացած անկախ պետություն պետք է կարողանա ինքնուրույն պաշտպանել իր անկախությունը և ոչ թե հույսը դաշնակցի վրա դնի։  
Այսպես եմ մտածել միշտ, անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայելու տարիներին, երբ գործուղումների ընթացքում սպայակազմին (նաև Արցախի հատվածում) հարցնում էի, թե, հարկ եղած դեպքում, ինչքան կարող ենք դիմադրել մեզանից վեցապատիկ ավել բանակ ունեցող Թուրքիային, եթե Ռուսաստանը, ինչ-ինչ պատճառով, ստիպված լինի հանել իր 102-րդ բազան Հայաստանից։ Միայն մեկ սպա ասաց երկու օր, մնացածը` մեկ-երկու ժամ։ Հասկանում էի, որ սպաների նման պատասխանը ոչ թե նրանց համարձակության պակասի կամ մարտական ոգու թուլության, այլ՝ զորքերի ցածր մարտական ու հոգեբանական պատրաստության արդյունք էր։ Պետք է հիշենք, որ ամենամարտունակ զորքն անգամ չի կռվի, եթե հրամանատարը, թեկուզ մտովի, չի հավատում հաղթանակին կամ նահանջելու տրամադրվածություն ունի։ Երեսուն տարվա ընթացքում, ռազմական գործի գիտակ ու պատրաստված հրամանատարների քիչ եմ հանդիպել, ինչը մտահոգության առարկա է։ Եթե այս տարիներին ինչպես հարկն է զինվեինք, ժամանակակից պատերազմի ոգով ու հոգեբանությամբ պատրաստեինք բանակի անձնակազմը, ապա կարող էինք հավասարը հավասարի պես կռվել անգամ Թուրքիայի հետ, այլ՝ ոչ թե խեղճանայինք քառասունչորսօրյա պատերազմում մեզանից վեցնապատիկ անգամ ավել զոհ ու վիրավոր տված, ինչ որ, ադրբեջանական բանակից։  
Պատմությունը գիտի բազում դեպքեր, երբ հայերը, փոքր ուժերով անգամ, խոշոր բանակներ են ջարդել, այդ թվում նաև՝ թուրքական։ Դա կարող ենք անել նաև հիմա, քանի որ ժամանակակից Թուրքիան թեև հզոր է, բայց, ինչպես երկրի ներսում,  այնպես էլ հարևանների հետ լուրջ տարաձայնություններ ունի։ Այն բազմազգ, բազմակրոն ու խիստ տարանջատված մի պետություն է, ով իր երկրի ներսի քրդերի հետ շուրջ 30 տարի պատերազմում է ու չի կարողանում հաղթել։ Թուրքիային հաղթելու գաղափարը բարձրաձայնելով, հաշվի եմ առել նաև, որ, ի տարբերություն քրդերի, մենք ունենք պետականություն, հզոր սփյուռք, սեփական զինված ուժեր, պետական անհրաժեշտ կառույցներ ու միջազգային կապեր։ Լուրջ խաղաքարտ է նաև. 
- միջազգայնորեն իրավական ուժ ունեցող Վուդրո Վիլսոնի 1920 թ. հայտնի իրավարար փաստաթուղթը, ըստ որի Թուրքիան Հայաստանին պետք է վերադարձնի մինչ օրս «Օրինական հայկական տիտղոս ունեցող» շուրջ 90 հազար քառակուսի կիլոմետր տարածք,   
- վերականգնման է ենթակա նաև «Օրինական հայկական տիտղոս ունեցող» 1920 թվականի Հայաստանի Հանրապետության շուրջ 70 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որի մեջ էին մտնում նաև Արցախն ու Նախիջևանը։ 
Նայեք ժամանակակից Թուրքիայի քարտեզին, և կտեսնեք, որ նրա ցամաքային հարևաններներ Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը, Բուլղարիան, Իրանը, Իրաքը, Սիրիան քաղաքակրթական հակասություններից բացի, տարածքային պահանջներ ունեն Թուրքիայից, նաև՝ «Ադրբեջան» արհեստական պետությանը անօրինաբար բռնակցված հայկական Նախիջևանի մասով։ Տարածքային որոշ հակասություններ կան նաև ծովային հարևաններ Ռուսաստանի Դաշնության, Ռումինիայի, Ուկրաինայի, Կիպրոսի հետ։ Ստորև ներկայացված քարտեզում պարզ երևում է, թե ինչպես է Թուրքիան իր մեջ ներառել հարևան երկրների պատմական տարածքները։ 
  
            Թուրքիան իր մեջ է ներառել գրեթե բոլոր հարևանների տարածքները 
  
Սահմանակից երկրների հետ հակասություններից բացի, Թուրքիայում քառասունից ավել ազգեր ու ազգություններ են ապրում։ Իշխանությունները մինչ օրս  գաղտնի են պահում ոչ միայն երկրի բնիկ ժողովուրդների, այլև՝ թուրք ազգաբնակչության թվաքանակը։ ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության 2013 թվականի տվյալներով Թուրքիայում քուրդ բնակչության թիվը կազմել է 14,5 միլիոն մարդ։ Շրջանառվում է նաև 15-35 միլիոն թվաքանակը։  
Թուրքիայում, ըստ տարբեր ուսումնասիրությունների, ապրում են նաև 10-15 միլիոն քրդացած հայեր, 15-25 միլիոն ալավիներ, նաև մեծ թվով քրիստոնյա հայեր, հույներ, ասորիներ, օսեր, ավարներ, արաբներ, վրացիներ, հրեաներ, գնչուներ, գերմանացիներ, լեզգիներ և այլ ազգեր, որոնք էթնիկ թուրքեր չեն և գիտեն իրենց ազգային պատկանելությունը և պահպանում են իրենց ինքնությունը։ Թվաքանակի նման գաղտնիությունը պայմանավորված է նրանով, որ մարդահամարները Թուրքիայում էթնիկ հիմքերով չեն անցկացվում և ըստ  Սահմանադրության Թուրքիայի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձ, անկախ իր ազգությունից, համարվում է թուրք։ 
Ճռացող թափանիվը, կարծես, նորից է փորձում թափ առնել։ Բրիտանացիների մի քանի հարյուրամյա արտաքին քաղաքականության արդյունքում Թուրքիան դարձավ տարածաշրջանի ժանդարմ և մինչ օրս «բարեխղճորեն» կատարում է իր առաքելությունը։ Դաշնակիցների հորդորով նորից ձգտում են խեղճացնել Ռուսաստանին, Իրանին, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով էլ՝ Հայաստանին, փորձելով բացել «Թուրան» պրոյեկտով նախատեսված Սյունիքի միջանցքը։   
Հայերը, ինչպես ցանկացած ազգ, պետք է պատրաստ լինի պաշտպանել իր երկիրը, եթե անգամ, աշխարհաքաղաքական խառնաշփոթից օգտվելով, Թուրքիան պատերազմ հայտարարի Հայաստանին։ Թշնամուն պարտության մատնելու համար մեզ հայտնի է նրա թե՛ուժեղ, և թե՛ թույլ ու խոցելի կողմերը։ Նախորդ հոդվածում գրել էի, որ Թուրքիան, նաև նրա հովանավորյալ Ադրբեջանը, այն երկրները չեն, որ կարողանան ինքնագլուխ որևէ սուվերեն երկրի տարածք մտնեն, վայրագություններ անեն և ոչ իրավական պահանջներ ներկայացնեն։ Ամենայն պատասխանատվությամբ հավաստում եմ, որ  աշխարհը բազմիցս է ականատես եղել, թե մարտադաշտում ինչի են ընդունակ հայ սպաները, զինվորներն ու կամավորականները։ Մենք հիմա էլ ենք պատրաստ մեր վճռական խոսքը ասել տարածաշրջանում։ Մնում է, որ սուղ ժամկետում բանակային ռեֆորմ կատարենք, ստեղծենք ժամանակակից մարտեր վարելու ունակ հզոր Գլխավոր շտաբ, ռազմական հետախուզություն ու հակահետախուզություն,  ներդնենք նորագույն տեխնոլոգիաներ, զորքերի իրական մարտական ներդաշնակեցում կատարենք, կառուցենք ժամանակակից պաշտպանական բնագծեր ու մարտական հենակետեր։ Մենք ի վիճակի ենք ամիսների ընթացքում վերազինել բանակը և ժամանակակից մարտերի պատրաստվել։ Իսկ սփյուռքահայերի, հատկապես՝ ռուսաստանաբնակ հայերի աջակցությամբ մենք անհամեմատ արագ կվերականգնենք մեր (նաև Արցախի) պետական սահմանները։  
Պետք չէ կուչ գալ որևէ մեկի դեմ, եթե անտիկ շրջանից ի վեր Հայկական լեռնաշխարհը մեր  ծննդավայր-բնակավայրն է։ Մենք պարտավոր ենք ամեն գնով պահել, պաշտպանել ու զարգացնել մեր հնագույն Ոստանը։ Ուրեմն Ի  զեն... 
  

Վալերի Հովհաննեսի Վարդանյան

ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ,  
ռազմական փորձագետ
15 views0 comments

Recent Posts

See All

Comentários


bottom of page