top of page
Writer's pictureAnna Zakharyan

Սևրի հաշտության պայմանագրի շուրջ. խոհեր անելիքների մասին

1.Սևրի հաշտության պայմանագիրը կնքվել է 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի մերձակայքում գտնվող Սևրում, Թուրքիայի սուլթանական օրինական կառավարության և դաշնակից պետությունների միջև(Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Հունաստան, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբիա, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազի թագավորություն): Այն հայերիս համար հիմնարար իրավապայմանագրային վավերագիր է, որը հստակեցնում և սահմանում է թիրախի վերածված, ձախողված և ցեղասպանված ազգի հիմնախնդիրները և դրանց իրավական լուծումները:

2.Համաշխարհային հետնաբեմի ծրագրային ջանքերով այս փաստաթուղթը միտումնավոր ձևով երբևէ չի քննվել և դիտարկվել, քանի որ որոշակի ուժային կենտրոններ տապալել կամ խաթարել են իրավական բնականոն գործընթացը՝ իրենց համար ակնկալելով քաղաքական և նյութական հսկայական օգուտներ: Մենք գործ ունենք մեզ թշնամի ուժերի և կենտրոնների հետ, որոնք այժմ էլ ամեն ինչ անում են, որպեսզի պայմանագրի սկզբունքները կյանքի չկոչվեն: Քաղաքական և փորձագիտական շրջանակներում կատաղի վեճ է ընթանում Սևրի պայմանագրի վավերացված լինել-չլինելու հարցի շուրջ: Լուրջ և արդարամիտ մասնագետները պնդում են, որ այն, այնուամենայնիվ, մասնակիորեն վավերացված է: Եվ դա այնքան էլ կարևոր չէ:

3.ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի 2019թ. հոկտեմբերի 29-ի և դեկտեմբերի 13-ի պատմական բանաձևերը կտրուկ փոխեցին մեր հնարավորությունները և կարելիությունները: Պարզ է, որ դրանք օրենքի ուժ չունեն, այլ բարոյական արժեք: Այնուամենայնիվ, ստեղծվել է հետաքրքրական մի իրավիճակ. ձևավորված դրական մթնոլորտը, որն ի վերջո, հանգեցնելու է Սևրի հաշտության պայմանագրի և Վ.Վիլսոնի իրավարար վճռի խնդիրներին, որոնք արդեն քաղաքական իրողություններ են և իրավական անդրադարձեր: Բնականաբար, սա ԱՄՆ-ի քաղաքական հստակ նկատառումներն է ներկայացնում, որից քաղաքական մեր թիմը պետք է կարողանա քաղել հայանպաստ արդյունքներ:

4.Խնդիրը զգալիորեն բարդանում է այն իմաստով, որ մենք չունենք քաղաքական ճկուն և բանիմաց թիմ, որը կարողանա կողմնորոշվել աշխարհաքաղաքական խրթին հանգույցներում և տիրապետի հարատև փոփոխվող խաղի կանոններին: Սա մեզ համար ռազմավարական լրջագույն հարց է, քանի որ նախորդ ժամանակներում քաղաքական մեր գործիչները ստրկամտորեն կատարել են օտար համակարգի պատվերը և խաղի կանոնները: Այս գործընթացը հսկայական վնասներ է տվել Հայկական հարցին՝ չեզոքացնելով մեր իրական հնարավորությունները: Ցավոք, տեղի ունեցած հեղափոխությունը վճռական չէ և չի կատարում արմատական քայլեր:

5. Այս հիմնախնդրի առնչությամբ չեն դրսևորվում քաղաքական կամք և վճռական մոտեցում, դրա հետևանքով էլ սայլը տեղից չի շարժվում: Իսկ քաղաքականությունը հնարավորի և խուսանավումների խոր արվեստ է, որին մեր գործիչները, դժբախտաբար, չեն տիրապետում: Նորակազմ թիմը(երիտասարդ թե հասուն տարիքի) պետք է լինի ինտելեկտուալ և արհեստավարժ, որպեսզի հասու լինի բարդ խնդիրներ լուծել: Մեզանում չի ընկալվում փորձագիտական ինստիտուտի արժեքը, որը մեզ հեռացնում է իրական գործընթացներից: Ընդ որում, փորձագետները պետք է լինեն միջազգայնագետ, պատմաբան, ռազմավարագետ և այլ հարակից մասնագետներ, որպեսզի արդյունքները լինեն ճշգրիտ ու համադրական:

            6. XX դարի առաջին տասնամյակներին թիմային շատ վատ գործունեության պատճառով մենք կորցրինք մեծ տարածքներ(Արևմտյան Հայաստան, Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք, Արևելյան Հայաստանի հատվածներ), որոնք պատմական հայրենիքի բաղադրիչ և անքակտելի մասերն են: Իսկ մեր գործիչները և՛ այն ժամանակ, և՛ այժմ էլ չեն տիրապետում լոբբիստական հմտություններին, որոնք անչափ կարևոր են և վճռական քաղաքական գործունեության մեջ հաջողությունների հասնելու իմաստով:

7. Հայկական հարցին վերաբերող պայմանագրերի համալիր հետազոտությունը և իրավապայմանագրային դաշտի բազմահայեցակետ իմացությունն աստիճանաբար ստանում են արդիական հնչեղություն և գործնական արժեք: Մինչդեռ մեզանում տիրապետում են անհոգությունը, փնթիությունը, ծուլամտությունը և կրավորականությունը, որոնք կաթվածահար են անում մեր միտքն ու հոգին: Իսկ այդ հետաքրքրությունը պետք է բավարարվի սկսած դպրոցից: Այժմ անհրաժեշտություն է պատրաստել որակյալ քաղաքագետների և դիվանագետների մի բանակ, որն ունակ լինի ներկայացնել պետական և ազգային մեր շահերը:

8.Սևրի պայմանագրի պահանջների կատարմանը հասնելը մեզ համար պետք է լինի ոչ միայն քաղաքական անհրաժեշտություն, այլև արժանապատվության և ինքնասիրության դրսևորում, որը հայրենասիրության և քաղաքացիականության պարտադիր պայման է: Այժմ երիտասարդների մեջ արդեն առկա են առողջ հակումներ այս խնդիրների շուրջ: Չի կարելի ապրել իմիջիայլոց, առանց սրտացավության և հայրենիքի զգացողության: 2018թ. հեռափոխությունը շահեկանորեն նպաստեց երիտասարդության և հանրային այլ շերտերի ակտիվությանը և աշխուժությանը, որոնք հասարակական լուրջ արժեքներ են:

9.Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը մեր դիտարկմամբ մեզ համար բարենպաստ է, քանի որ մեր թշնամի ուժերն ստանում են էական հարվածներ և անգամ այդ պետությունները կարող են տրոհվել՝ նպաստելով մեր նվիրական ու արդարացի իղձերի կատարմանը: Խոսքը Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և այլ տերությունների մասին է: Բայց սա չի նշանակում հուզական դրսևորումներ, թշնամանալ հիշածս երկրների հետ, որոնք պարզունակ և վտանգավոր մոտեցումներ են: Հիշենք, որ իրականացվում է սահմանների վերաձևում, պետությունների կործանում, նորերի ստեղծում և նոր կենտրոնների հիմնում:

10.Այժմ առարկայնորեն Հայկական գործոնի արժեքն աստիճանաբար մեծանում է, որը մենք պետք է շատ նրբորեն խաղարկենք: Նրբամտությունը, նրբավարությունը և քաղաքական շախմատային հաշվարկները պետք է կատարենք ճշգրտորեն, որպեսզի ստույգ կռահենք աշխարհաքաղաքական համակցությունները(կոմբինացիաները): Սա բարդ և դժվարին արվեստ է: Մենք պետք է կիրառենք քաղաքակրթական բաղադրիչը և համաշխարհային հանրությանը ներկայանանք մտավոր և հոգևոր մեր ներուժով: Խոսքը Հայոց քաղաքակրթության և նրա արժեքային համակարգի մասին է: Իսկ սա իրականանալի բան է: Հուսանք և գործենք:

11. Հարկավոր է կազմել գործողությունների ճանապարհային քարտեզը և մշակել քայլերի հաջորդականության մեթոդաբանությունը: Սա ենթադրում է գործնական և իրականանալի դրվագներ, որոնց հաջող գործադրումը մեզ կմոտեցնի մեր նպատակների իրագործմանը: Անչափ կարևոր են հոգեբանական տեխնոլոգիաները՝ խանդավառությունը, լավատեսությունը, դրական ելքի ակնկալիքը և մեր քայլերի արդարացիության խիստ համոզվածությունը: Մենք պետք է խախտենք վերջին դարերի անհաջողությունների և ձախողումների տխուր շարժընթացն(դինամիկան)ու իմաստասիրությունը և մշակենք հաղթանակների տեսլականը: Սա մեզ համար պատվի և ինքնասիրության խնդիր է: Մենք պարզապես այլընտրանք չունենք:

12.Այս համալիր ջանքերում կա մի էական հանգամանք, որը հնարավոր չէ անտեսել: Խոսքը մեր հակառակորդների և թշնամիների լարած թակարդների, սադրանքների, խարդավանքների և դավերի մասին է, որը հաջողությամբ գործել է անցյալ դարում: Եվ ոչ մեր օգտին: Պետք է զգուշանալ նման ականներից և ականապատ դաշտերից: Ի դեպ, այս հարցում խիստ բացասական դեր են կատարում ոչ միայն և ոչ այնքան դրսի ուժերը, որքան ներքին ճակատի տականքային տարրերը, որոնք մշտական կերպով համագործակցում են միջազգային ուժերի հետ և դառնում հայոց պետականության գերեզմանափորը: Համոզված եմ, որ մենք ունենք բավարար փորձառություն և հմտություն, որպեսզի չեզոքացնենք նման սպառնալիքներն ու մարտահրավերները:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, վերլուծաբան

0 views0 comments

Recent Posts

See All

Նրանց համար, ովքեր տեղյակ չեն։

Մասոնական օթյակների հիմնադիր Մագիստր՝ ամենաազդեցիկ հայն իր ժամանակաշրջանում։ 1872-ին Մոսկվայում, երբևէ Շահ Աբասի բռնի հրամանով Արևելյան...

Yorumlar


bottom of page