Խոստովանել է պետք, որ վերջին քսան-քսանհինգ տարվա ընթացքում, Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, բավական լրջորեն նախապատրաստվեց մեր դեմ սանձազերծած վերջին պատերազմին։ Նա թուրքական զորքերի հետ պարբերաբար զորավարժություններ անցկացկացրեց, գերժամանակակից զենքերով ու անօդաչու թռչող սարքերով զինեց բանակը՝ այդ տարիների ընթացքում ծախսելով շուրջ 45 միլիարդ դոլլար։ Զրոյականից բանակ ստեղծելու ադրբեջանցիների ծրագրին, Մեծ Բրիտանիայից բացի, մասնակցել են Իսրայելը, Թուրքիան, Բելոռուսը, Ռուսաստանի արևմտամետ չինովնիկներն ու եվրոպական մի շարք երկրներ։ Նույնիսկ կոլեկտիվ ջանքերից հետո էլ Ալիևը, իր մեծ եղբոր հետ միասին, չկարողացավ լուծել մարտական խնդիրը, ջարդել հայ զինվորի մարտական ոգին, բացել «Թուրան» պրոյեկտով նախատեսված Սյունիքի միջանցքը։ Ծրագիրը կիսատ մնալու պատճառով, մեր «հարգարժան» հարևանները անցան պլան «բ-ին»` ներխուժեցին Հայաստանի տարածք և սահմանային ընդհարումներ կազմակերպեցին։ Նպատակը նույնն էր՝ ստիպել Հայաստանին բացել Սյունիքի միջանցքը, հրաժարվել Արցախից, առաջացնել հայ ժողովրդի դժգոհությունը և այդ ամենի մեղավորը դարձնել Ռուսաստանին։ Ինչպես տեսանք, այդ ծրագիրը արեց իր սև գործը, քանի որ, «ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» 1997 թ. հայտնի պայմանագրով, Ռուսաստանը, ինչ-ինչ պատճառներով, չկատարեց դաշնակցային իր պարտականությունը և չկանխեց ադրբեջանական ագրեսիան։ Զարմանալի է, որ իրական պատճառների մասին հրապարակավ չեն խոսում ո՛չ Հայաստանում, և ո՛չ էլ Ռուսաստանում։ Միայն Ռուսաստանի հայտնի քաղաքագետ Կարինե Գևորգյանն էր որ, լրագրող Նվեր Մնացականյաին տված վերջին հարցազրույցներից մեկում, որոշ չափով անրադարձավ այդ հարցին։ Տարածաշրջանային զարգացումները ըմբռնելու համար, նախ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում՝ մասնավորապես հետխորհրդային տարածքում։ Արևմուտքը, վերջին երեսուն տարիների ընթացքում, կարողացավ օղակի մեջ վերցնել ժամանակին գերտերություն համարվող Ռուսաստանի գրեթե ողջ տարածքը և Ուկրաինայի դեմ զինված առճակատման տարավ։ Տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ Արևմուտքը ամեն կերպ ձգտում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացել նախ՝ Հայաստանում, գուցե նաև՝ Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում կամ մեկ այլ վայրում։ Մեր քառասունչորսօրյա պատերազմը ևս այդ շարքից է, որի արդյունքում էլ Հայաստանը հայտնվեց նման ծանր վիճակում։ Հայ հասարակությունը չի կողմնորոշվում, թե ո՞րն է ելքը և ինչ քայլեր են անհրաժեշտ անել մեր ինքնությունը պահպանելու և տարածաշրջանային այս ծուղակից դուրս գալու համար։ Առաջարկվող լուծումները հետևյալն են՝ իշխանական վերնախավն ու նրանց սատարող ընդիմադիրները հույսները կապում են Արևմուտքի հետ, մյուսները՝ Ռուսաստանի։ Կան նաև սեփական ուժերին ապավինելու կողմնակիցներ։ Այս կարգի երկտակվածությունը հազարամյակներ շարունակ մասնատել ու պառակտել է մեր երկիրը, անորոշության մեջ պահել հասարակությունը։ Ստացվում է, որ նորից ազգի լինել-չլինելու հարցն է դրված, իսկ պատասխանատուները, կարծես թե, հիմնավոր լուծումներ չունեն։ Կարծում եմ, որ ամենահուսալի և բազմիցս փորձարկված լուծումներից մեկը, այնուամենայնիվ, սեփական զինված ուժերին ապավինելն է, քանի որ ամենահուսալի դաշնակիցն անգամ, ինչ-ինչ պատճառով, կարող է նաև չկարողանա օգնության հասնել, ինչի ականատեսն ենք նաև այսօր։ Պետք է խոստովանել, որ «ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» 1997 թ. պայմանագրով Հայաստանը ևս չի կատարել դաշնակցային իր պարտականությունը և չի օգնել պատերազմող Ռուսաստանին, ինչպես դա անում է Բելոռուսը։ Շատերը արդարացիորեն կդժգոհեն, քանի որ ստեղծված իրավիճակում մենք իրավունք չունենք անգամ ջոկի կազմով զորք հանել Հայաստանից, քանի որ ինքներս սահմանները պաշտպանելու խնդիր ունենք։ Մեր վիճակում է հայտնվել նաև այսօրվա Ռուսատանը, այն տարբերությամբ, որ Հայաստանում ռազմաբազա ունի։ Փոխարենը, որպես ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, կարող եմ մասնավոր առաջարկություն անել մեր դաշնակիցներին՝ անձամբ գալ Ռուսաստան, իշխանությունների գիտությամբ հայազգի կամավորականներից մարտունակ ստորաբաժանումներ ստեղծել և մասնակցել Ռուսաստանի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի սահմանների պաշտպանությանը։ Ո՞ ր ն է ե լ ք ը… Նախ պետք է հասկանանք, որ Ադրբեջանը, նաև նրա հովանավորյալ Թուրքիան, այն երկրները չեն, որ կարողանան ինքնագլուխ որևէ սուվերեն երկրի տարածք մտնել, վայրագություններ անել և ոչ իրավական պահանջներ ներկայացնել։ Պարզ է, որ նրանց ուղորդում է Արևմուտքը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, ով իրեն մինչ օրս հնազանդորեն ծառայող ռուսաստանցի, ադրբեջանցի, հայ, (նաև արցախցի) նախկին ու ներկա պաշտոնյաների միջոցով քաոս ու պատերազմներ հրահրում մեր երկրներում, իրար դեմ հանում հարևան ժողովուրդներին։ Կա նաև մեկ այլ կարևոր գործոն, որի մասին չենք էլ մտածում։ Եթե Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով մեր դեմ գործում է միայն Մեծ Բրիտանիան, ապա Ռուսաստանի դեմ պատերազմում է՝ ողջ արևմուտքը։ Համեմատելու դեպքում կտեսնենք, որ Ռուսաստանի վիճակը մեզանից շատ ավելի ծանր է, քանի որ նա պատերազմում է ռազմական և ֆինանսատնտեսական առումով ավելի հզոր հակառակորդների հետ։ Ուրեմն պետք է հետևություններ անենք ու հասկանանք, որ ներհայաստանյան խնդիրները այսուհետ պարտավոր ենք ինքներս լուծել, քանի որ պատմությունը գիտի բազում դեպքեր, երբ մենք, փոքր ուժերով անգամ, խոշոր բանակներ ենք ջարդել, այդ թվում նաև՝ թուրքական։ Նույնը կրկնեցինք նաև Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, երբ արիաբար կռվող հայկական դիվիզիաները հասան Բեռլին և հաղթական Քոչարի պարեցին։ Նույնը արեցինք նաև արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որը, ցավոք, կարճ տևեց, քանի որ պատերազմում հաղթելուց հետո մեր պետական, քաղաքական, ռազմական, տնտեսական ղեկավարներից ու գործիչներից շատերը, «փողի համը» զգալով, ընկղմվեցին կաշառակերության ճահճուտը, ֆիդայական ամենաթողության ու թալանի ճանապարհով գնացին, որից դուրս գալը այդպես էլ չհաջողվեց։ Երեսուն տարվա խաբկանքի ու աչքակապության արդյունքում կանգնեցինք կոտրած տաշտակի առջև, չստեղծելով ո՛չ բանիմաց ու հզոր Գլխավոր շտաբ, ո՛չ զինվորական հետախուզություն ու հակահետախուզություն, ո՛չ էլ մարտունակ կորպուսներ, բրիգադներ, գնդեր ու գումարտակներ։ Անգամ տարբեր օղակների որակյալ հրամանատարներ չպատրաստեցինք, թեև բազում փորձառու մասնագետներ ունեինք։ Խոշոր բացթողումներից էր նաև, որ չկողմնորոշվեցինք ու բանակը չզինեցինք ժամանակակից զենքերով, զինտեխնիկայով, հանդերձանքով, չներդրեցինք նորագույն տեխնոլոգիաներ։ Զորքերի մարտական ներդաշնակեցում չկատարեցինք, անգամ պաշտպանական ամուր բնագծեր ու մարտական հենակետեր չկառուցեցինք, ինչի մասին շատ է խոսվել։ Պետք է արձանագրենք, որ մեր նախնիների մարտական ոգին արդնացավ նաև քառասունչորսօրյա պատերազմի օրերին։ ՀՀ զինված ուժերը հրաշքներ գործեցին և քառասունչորսօրյա պատերազմում կոտրեցին Ադրբեջանի և նրան օգնության հասած թուրքական ստորաբաժանումների ու օտարերկրյա հարյուրավոր վարձկանների մեջքը։ ՀՀ ԳՇ նախկին պետի օգնական Վլադիմիր Պողոսյանը վերջերս «Նոյան տապան» գործակալությանը տված իր հարցազրույցում բերեց «Էկոնոմիկս» ամսագրում տպագրված բրիտանական հետախուզության տվյալները, ըստ որի, ադրբեջանցիները պատերազմում 17-ից 19 հազար զոհ են տվել, իսկ ռուսական ԳՇ հետախուզական տվյալներով՝ 22 հազար զոհ և 60 հազար վիրավոր։ Իսկ մեր ունեցած տվյալներով Ադրբեջանի զինված ուժերը, միայն Ռուսաստանի և Ուկրաինայի երկու քաղաքներում 15 հազարից ավել գերեզմանաքար են պատվիրել։
Եթե պատկերը սա է ապա.
- ինչու՞ են լռում մեր իշխանավորները, ընդիմադիրներն ու զինվորականները։ Ինչու՞ են համատարած պարտվածի կեցվածք ընդունել և անկյուն քաշվել։ Գուցե չե՞ն ուզում մեզ ներկայացնել պատերազմի իրական արդյունքները, բացահայտել պատերազմի վերջնարդյունքի իրական մեղավորներին ու պարզել, թե ինչ է իրականում կատարվել մարտադաշտերում,
- ինչու՞ հանձնեցինք Աղդամը, Ղուբաթլուն, Քելբաջարը, Լաչինը, այն դեպքում, երբ ստորագրած համաձայնագրով, այլ տարածքներ հանձնելու պարտավորություն չենք ստանձնել, որտեղ, առավել ևս, մեր զորքերն էին կանգնած։ Ըստ համաձայնագրի Ադրբեջանի ու Հայաստանի զորքերը պետք է կանգնեին զինադադարի կնքման օրվա սահմաններում,
- ինչու՞ ենք շարունակում նահանջել, ձեռքի հետ էլ Արցախի ու Հայաստանի նորանոր տարածքներ հանձնել, եթե ադրբեջանցիների համեմատ պատերազմում վեցնապատիկ անգամ պակաս զոհ ենք տվել,
- ինչու՞ ենք գլխովին ջախջախվածի կեցվածք ընդունել և շարունակում ենք բանակը համառորեն չվերազինել ժամանակակից անօդաչու թռչող սարքերով, նորագույն զենքերով, զինամթերքով ու սպառազինությամբ, հատկապես, որ ասվում է, որ դրա համար անհրաժեշտ գումար կա։
Հասարակությանը հասկանալի չեն նաև ներկա և նախկին իշխանավորների տարօրինակ կեցվածքը։ Մարտակոչ հնչեցնելու փոխարեն, նրանցից շատերը, առանց աչք թարթելու, աթոռակռվով են զբաղված, կամ բացահայտ կապիտուլիացիոն կոչեր են անում և անգլոթուրքական օրակարգ սպասարկում։ Հասարակության մեջ կարծիք կա, որ Արցախի տարածքները հանձնելու և Սյունիքի միջանցք բացելու հարցը նախօրոք համաձայնացված է եղել ՀՀ նախկին Նախագահների և գործող իշխանության հետ։ Գուցե փորձում են Ադրբեջանի հետ վերջնական գործարք կնքելու հարմար պահ գտնել։ Եթե տարածվող այդ լուրերը թշնամու հորինածն են, ապա ինչու՞ իշխանությունը հրապարակավ չի հերքում այն։ Իսկ եթե դա իրականություն է, ապա կարծում եմ, որ ազգովի պարտավոր ենք քննարկել ոչ միայն պատերազմի, այլև՝ անցած երեսուն տարիներին կազմակերպած քաոսի իրական պատճառներն ու հանգամանքները, որից հետո՝ մեղավորների անուններ հնչեցնել։ Եթե հաստատվի նաև հասարակությունում տարածվող այն լուրերը, որ Հայոց բանակը, քառասունչորսօրյա պատերազմում, արհեստականորեն է պարտության մատնվել, ապա համաժողովրդական դատավարությունից ու պատժից ոչ մեկը չպետք է խուսփի։
Տարօրինակ է նաև, որ ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ ընդիմությունը Երևան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փիլոսիին այդպես էլ որևէ արմատական առաջարկ չարեց։ Պաշտոնական տեղեկատվությամբ լսեցինք, որ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու և նման այլ հարցեր են քննարկվել։ Գոնե մեկ անգամ բոլորով համախմբվեին ու պահանջեին, որ ԱՄՆ Կոնգրեսն ու Գործադիր իշխանությունը ընթացք տան մինչ օրս միջազգայնորեն իրավական ուժ ունեցող Վուդրո Վիլսոնի 1920 թ. հայտնի իրավարար փաստաթուղթը, ըստ որի Հայաստանին պիտի վերադարձվի մինչ օրս «Օրինական հայկական տիտղոս ունեցող» Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ Սև ծովյան նավահանգիստը, որը ընդհանուր առմամբ մոտ 90 հազար կմ² է։ Իսկ 1920 թվականի Հայաստանի Հանրապետության տարածքի հետ միասին, որի մեջ էին գտնվում Արցախն ու Նախիջևանը, այն կազմում է շուրջ 160 հազար կմ²։ Կա անհասկանալի ևս մեկ իրողություն, երբ անտեսում ենք մեզ օգնության ձեռք պարզած Իրանի Իսլամական Հանրապետությանը և հովանավորներ ենք փնտրում հեռու եվրոպաներում։ Հատկապես, որ Թուրքիայից ու Իսրայելից ոչ պակաս գերժամանակակից անօդաչու թռչող սարքեր ու ժամանակակից այլ զինտեխնիկա են արտադրում ինչպես Իրանը, այնպես էլ՝ Հնդկաստանը։ Իսկ իրանական «Շախիդ» անօդաչ թռչող սարքերը շարունակում են ահ ու սարսափ տարածել Ուկրինայում և հարևան եվրոպական երկրներում։
Վալերի Հովհաննեսի Վարդանյան
ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ
Commentaires