top of page
Writer's pictureern grig

Վալերի Վարդանյան.Աշխարհի փրկության բանալին Հայաստանում է

Պետական, քաղաքական ու եկեղեցական կառույցների անգործության մասին շատ է խոսվում, քանի որ անհասկանալի գործընթացների արդյունքում հայությունը գնալով կորցնում է ինքնապաշտպանական իր բնազդն ու որակները։ Փոխարեն այս իրողությամբ զբաղվում են կառավարման լծակներ չունեցող առանձին անհատներ ու գործիչներ։ Այս կերպ էլ դարեր ի վեր գոյատևում ենք։ Պատեհ առիթի դեպքում, նաև հպարտանում ենք քաղաքակրթական մեր անցյալով, առաջինը Քրիստոնեություն ընդունելու մենաշնորհով, ինչը, համաշխարհային համբավ ունեցող որոշ գիտնականներից բացի, ոչ ոքի չի հետաքրքրում։ Աշխարհը շարունակում է ապրել իր օրենքներով, իսկ մենք այն աստիճանի ենք կառչել մեր փառապանծ անցյալից, որ գործուն քայլեր անելու փոխարեն զբաղված ենք սնապարծությամբ, ինչը ցանկացած ազգի համար վտանգավոր է, էլ չեմ ասում՝ կործանարար։ Գուցե ինքնապաշտպանական բնազդից ելնելով ենք անընդհատ առաքելությունից խոսում, որպեսզի չտեսնելու տանք մեր գլխին կախված իրական վտանգները։ Կամ էլ թաքնված իմաստ կա ժողովրդի նման պահվածքում, քանի որ առաքելության համար ստեղծված ազգը չի կարող անընդհատ ստվերում մնալ և օրերից մի օր, ի վերջո, կկատարի իր վճռորոշ քայլը։ Եթե դա այդպես է, ապա խոստովանել է պետք, որ այս կարգի մեր պասիվությունը ինչ որ տեղ, գուցե, արդարացված է, քանի որ մինչև օրս մենք չենք էլ պատկերացրել, թե ո՞րն է աշխարհին ներկայացվող մեր իրական առաքելությունը և ո՞ր ասպարեզին է այն վերաբերվում։

Անկեղծ ասած տպավորված էի, երբ մի քանի տարի առաջ, առաջին անգամ ծանոթացա Վ․ Ներսիսյանցի ,,Ցիվիլիզմ,, աշխատությանը, որը քաղաքակրթական իմաստով բեկումնային ծրագիր է։ Ափսոս, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը չգնաց հասարակական նման համակարգը ստեղծելու ճանապարհով, հատկապես, որ այդ ժամանակ երկրի ողջ ռեսուրսները պետության ձեռքում էին և հեշտ էր ժողովրդի մեջ այն հավասարապես բաշխել։ Տարօրնակ է նաև, որ այդ տարիների մեր քաղաքական, գիտական, հասարակական գործիչներն ու հոգևորականները չեն ուսումնասիրել ԽՍՀՄ ակադեմիկոս Ներսիսյանցի այս բացառիկ աշխատությունը և չեն էլ փորձել այն Հայաստանում ներդնել։ Այն մեզ համար իրավամբ պատմական, բացառիկ պահ էր, քանի որ, արցախյան շարժմամբ պայմանավորված, ազգը, ինչպես երբեք, համախմբված էր ու պատրաստ էր սարեր շրջելու։

Վ․ Ներսիսյանցի աշխատությանը ծանոթանալուց հետո մտածեցի, որ բաց ենք թողել մեր առաքելությունը իրականացնելու պատմական պահը։ Կարծում էի, որ այլևս անհնար է Հայաստանում նման ծրագիր ներդնել մի պարզ պատճառով, որ միջազգային տրանսկոնտինենտալ կորպորացիաները հասցրել են ապակայունացնել մեր տարածաշրջանը և իրենց սպասարկող հայաստանյան էլիտայի ու գործարարների միջոցով՝ յուրացրել երկրի ողջ ռեսուրսները։

Արցախի շրջափակմամբ մտահոգ, օրեր առաջ, կարդացի Վ․ Ներսիսյանցի մասին Էռնեստ Գրիգորյանի ,, МАТЕМАТИКА СВОБОДЫ И СПРАВЕДЛИВОСТИ,, բավականին կուռ շարադրած հոդվածը և, կարծես թե, նորովի ընկալեցի Ներսիսյանցի մշակած նոր հասարակական համակարգի մոդելը։ Հասկացա, որ Ներսիսյանցը այն ոչ թե Ռուսաստանի, այլ՝ բառացիորեն մեր համար է գրել։ Ուղղակի անհրաժեշտ է այն ներդնել միջազգային տրանսկոնտինենտալ կորպորացիաների համար նվազ հետաքրքրություն ներկայացնող տարածքում, որը, ըստ իս, Արցախն է, Հայաստանը, իսկ ավելի ուշ, գուցե, նաև՝ Ռուսաստանը։ Գաղափարը իրատեսական է, քանի որ սկսվել և ընթանում է աշխարհի ու տարածաշրջանի վերաձևման գործընթացը։ Արցախը հարմար է նրանով, որ պատերազմի սպառնալիքի պատճառով, այնտեղի խոշոր թալանչիները լքել են երկիրը, իսկ մնացածների ձեռքից հանրային թալանած սեփականությունը վերցնելը նվազ հիվանդագին է լինելու։

Կարծում եմ, որ Հայաստանը պետք է քաղաքակրթական վճռական քայլ կատարի և կյանքի կոչի Ներսիսյանցի, այս պահի համար ամենաարդար ու իդեալական, հասարակական համակարգը։ Եթե հնարավոր դառնա այն առաջիկայում կազմակերպել, այնուհետ՝ աշխարհով մեկ տարածել, ապա մարդկությունը հազարամյակներով կապրի խաղաղ ու համերաշխ, ինչպես դա եղել է Հերմես Եռամեծի ժամանակաշրջանում։

Ինչ վերաբերվում է արցախյան ներկայիս հիմնախնդրին, ապա առաջարկվող կոնտեկստում այն լուծելի է։ Աշխարհը պետք է գիտակցի, որ Հայկական Լեռնաշխարհը հնագույն քաղաքակրթական բնօրրան է, և այնտեղ ձևավորված ժողովուրդները առաքելություն ունեն և պարտավոր են այն պատվով կատարել։ Կարծում եմ, որ հայությունը պետք է այս գործի առաջամարտիկներից մեկը դառնա։ Վ․ Ներսիսյանցի մշակած հասարակական համակարգը կյանքի կոչելն ու աշխարհով մեկ տարածելը հենց մեր ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է։

Վերջաբանի փոխարեն նաև ավելացնեմ, որ Էռնեստ Գրիգորյանի հոդվածում քաղաքական, մտավոր էլիտայի ու հոգևորականների վերաբերյալ բարձրացված հարցերը արդիական ու արդարացի են։ Այն հիմնավոր լուծում է պահանջում․․․


Վալերի Վարդանյան

29 views0 comments

Recent Posts

See All

Переговоры в Евлахе

В Евлахе завершились переговоры азербайджанской и армянской делегаций по Карабаху. Они продолжались три часа и проходили в закрытом...

А.Михайлов. РОССИЯ И КАРАБАХ

Поводом для нападения на Нагорный Карабах Азербайджан избрал два подрыва на минах с гибелью людей. Алиев не стал дожидаться расследования...

Comments


bottom of page